«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:- Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։               
 

Մեծերին լսելու արվեստը

Մեծերին լսելու արվեստը
28.05.2026 | 14:27

Մեր ժողովուրդը մեծամասամբ կորցրել է լսելու, լրջմիտ ունկն դնելու ունակությունը, շատերը գերադասում են ճառել ու մենախոսել շարունակ՝ դույզն իսկ ուշք չդարձնելով, թե իրականում ինչ են մտածում ու արձագանքում էն մարդիկ, որոնց ուղղում են իրենց մենախոսությունները: Բանավոր թե գրավոր ճառողներից շատերը տառապում են անձնական շահադիտությամբ ու փառասիրությամբ, նրանց իրականում պետք էլ չէ լսել, բայց հաճախ տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ բազմություններ են հետևում չարախոսներին ու դատարկախոսներին, և միամիտ մարդիկ հայտնվում են մոլորության ու խաբեության ցանցում: Միաժամանակ, հրապարակում իրենց ազնիվ, խորաթափանց, ծանրախոհ ու հայրենացավ խոսքն են հնչեցնում խելացի ու պայծառատես մարդիկ՝ թեկուզ փոքրաթիվ, բայց նրանք հաճախ անուշադրության են մատնվում: Ավելին՝ չարամիտները շատ արագ քարկոծում են նրանց՝ փորձելով «խաղից դուրս» հանել:

Դա նոր երևույթ չէ: Ժամանակին էդ ցավոտ խնդրին անդրադարձել է Հ.Թումանյանը իր «Ապաշավանք» ակնարկում (տպագրվել է «Հորիզոն» թերթում, 1914-ին): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եվրոպացիների ցուցաբերած վայրագությունների առիթով Ամենայն հայոց բանաստեղծը տարակուսած գրել է.

«… մի՞թե կարելի է՝ մարդ էսքան դաժան լինի, բայց դեռ չէինք լսել էն, ինչ որ լսում ենք էսօր, դեռ չէինք տեսել էն, ինչ որ տեսնում ենք էսօր, և մնում էինք միայն ցավալի տարակուսանքի մեջ»:

Չարագործություններին վերջ տալու զանազան հեղինակավոր կոչերը մնում էին անպատասխան:

«Ավա՛ղ, կարծես, թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ»,- ցավով արձանագրել է բանաստեղծը։ Իսկ եվրոպական քաղաքակրթական աճպարարությունների վերաբերյալ Թումանյանը չի խնայել մռայլ որակումները.

«Էլ չեն խաբիլ մեզ նրանց մեքենաներն ու ճարտար արվեստները։ Ճիշտ է ասել ժողովուրդը, թե դրանք բոլորը «սատանի հնարքներ» են, չոր ուղեղի ծնունդներ, և նրա լուսավորության մեջ ոչ աստվածային շունչն է տիրում, ոչ մարդկային խղճմտանքն է թագավորում»։

Այսօր, հայոց մեջ գտնվելու դեպքում, Թումանյանը դարձյալ նույնը կասեր, մի քանի թթու խոսք էլ կավելացներ՝ ուղղված էս կուրացած եվրոպամետներին, իսկ մեծաց չլսողներին կդատապարտեր նոր բառերով: Իսկ կլսե՞ր հիմա ժողովուրդը Թումանյանին, իր կենդանի ներկայությամբ, կամ կլսեի՞ն Աբովյանի, Չարենցի, Տերյանի, Խրիմյան Հայրիկի, Նժդեհի և ուրիշ մեծերի անմիջական խորհուրդներն ու կարծիքները…

Խիստ կասկածում եմ: Մեր ժողովուրդը հիմա բարոյալքված է դեռևս գործող ռեժիմի քաղաքական ու հոգևոր-բարոյական ասպատակությունների պատճառով: Բայց հանրային ու ազգային վերակարգավորման համար հարկ է լսել մեծերին, ինչպես հազարամյակներով փորձվել է, հակառակ դեպքում ժողովրդի մի ստվար զանգված կգնա խաբեբաների, չարախոսների, խեղկատակների ու արկածախնդիրների ետևից:

Իսկ ովքե՞ր են էսօրվա մեր մեծերը… Չափազանց վիճահարույց ու արդիական հարց է: Էս թեմայով հասարակագիտական մի ծավալուն հետազոտություն կարելի է անել՝ առավել արժանի անունները հստակեցնելու և հնչեցնելու համար: Բայց առանց էդ հետազոտության էլ շատերին մենք ճանաչում ենք, ուղղակի պետք է ազնիվ ու ադարամիտ լինել: Դեռ կխոսենք էդ թենայով, հիմա իրավիճակի թելադրաքնքով առայժմ պիտի ասեմ հետևյալը. մեծերին լսելու համար կրթվածություն, դաստիարակություն, հեռատեսություն ու պատասխանատվություն է պետք, մեծերին լսելը ընդհանարպես մի յուրահատուկ արվեստ է: Մենք էդ արվեստով կարող ենք կրկին դուրս գալ ազգային առաջընթացի մայրուղի:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 178

Մեկնաբանություններ