«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Թափոր Սուրբ Հարության տաճարում. մեծ պատիվ և առավել մեծ պատասխանատվություն

Թափոր Սուրբ Հարության տաճարում. մեծ պատիվ և առավել մեծ պատասխանատվություն
31.10.2026 | 11:41

Ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանությունը հանդիսավոր թափոր է կատարում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում՝ այցելելով Տիրոջ երկրային կյանքի, չարչարանքների, խաչելության, թաղման և հարության հետ կապված սրբավայրերը։
Նկարում (ձախից) հայկական թափորը հասել է Քրիստոսի Պատանաքարի մոտ։ Այդ ընթացքում տաճարի մուտքը ժամանակավորապես փակ է բոլոր ազգերի այցելուների համար։ Նկարում (աջից) մեր թափորը կանգնած է Քրիստոսի Սուրբ Գերեզմանի առջև։ Եվ դարձյալ, այդ պահին մյուս այցելուների մուտքը Սուրբ Գերեզման ժամանակավորապես դադարեցված է, որպեսզի Հայ Եկեղեցու միաբանությունը կատարի իր սրբազան արարողությունը։
Մի պահ պատկերացրե՛ք, թե ինչ մեծ պատիվ է սա։ Քրիստոնեական աշխարհի ամենասրբազան վայրերից մեկում՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության, թաղման և հրաշափառ Հարության սրբավայրում, Հայ Առաքելական Եկեղեցին ունի իր հաստատուն տեղը, պատմական իրավունքներն ու սրբազան ծառայությունը։ Եվ այդ հոգևոր ժառանգության հզոր պահապաններից մեկն է մեր Հայ Եկեղեցին։
Պատիվ, թե՞ պատասխանատվություն
Բայց հիմա մտածենք նաև մյուս՝ շատ ավելի կարևոր հարցերի մասին։ Պատկերացնո՞ւմ ենք արդյոք, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված մեր Եկեղեցու և մեր ժողովրդի վրա։ Ի՞նչ ենք մենք անում մեզ վստահված այս սրբազան ժառանգության հետ։ Որքանո՞վ ենք մեր հավատքով, մեր կյանքով, մեր գործերով և մեր վերաբերմունքով համապատասխանում այն բարձր քրիստոնեական կոչմանը, որին արժանացրել է մեզ Տերը։
Իսկ մեր հայրենիքում ինչպե՞ս ենք վերաբերվում նույն Եկեղեցուն։ Որքանո՞վ ենք պահպանում նրա միությունը, հարգում նրա սրբությունները, հավատարիմ մնում նրա ուղղափառ հավատքին, սրբազան ավանդությանը և նվիրապետական կարգին։
Մի՞թե կարող ենք պարծենալ Երուսաղեմում մեր Եկեղեցու ունեցած սրբազան իրավունքներով, բայց միաժամանակ անտարբեր լինել նրա նկատմամբ, հանդուրժել նրա պառակտումը, նվաստացումը և հոգևոր առաքելության խաթարումը։ Մի՞թե կարող ենք մի կողմից մեծարել Քրիստոսի Գերեզմանը, բայց մյուս կողմից անտեսել Քրիստոսի պատվիրանները։
«Ում շատ է տրվել, նրանից շատ կպահանջվի»
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը զգուշացնում է. «Ում շատ է տրվել, նրանից շատ կպահանջվի» (Ղուկ. 12:48)։ Սա վերաբերում է նաև մեզ։
Մեզ տրված պատմական իրավունքները միայն հպարտանալու առիթ չեն։ Դրանք պարտավորեցնում են մեզ լինել ավելի հավատարիմ, ավելի պատասխանատու, ավելի նախանձախնդիր մեր հավատքի և Եկեղեցու հանդեպ։ Որովհետև սրբավայրին մոտ լինելը դեռ չի նշանակում Քրիստոսին մոտ լինել։ Քրիստոսին մոտ լինելու ճշմարիտ վկայությունը Նրա կամքը կատարելն ու Ավետարանով ապրելն է։
Պողոս առաքյալը խստորեն հանդիմանում է նրանց, ովքեր պարծենում են Աստծո օրենքով, սակայն իրենց գործերով անարգում են Աստծուն (Հռոմ. 2:23–24)։ Արդյոք նույն վտանգը չի՞ սպառնում նաև մեզ։ Կարողանալո՞ւ ենք Աստծո առջև հաշվետու լինել այն ամենի համար, ինչ մեզ վստահվել է։ Թե՞ մի օր մեր ունեցած մեծ պատիվն ու սրբազան ժառանգությունը, որոնցով այսօր իրավամբ հպարտանում ենք, մեզ համար նախատինք և դատապարտության պատճառ կդառնան, եթե չապրենք դրանց համապատասխան։
Մեզանից չի պահանջվելու միայն պատմել, թե ինչ սրբավայրեր ունեինք, ինչ իրավունքներ էինք վայելում և ինչ մեծ ժառանգություն էինք ստացել։ Մեզանից պահանջվելու է նաև պատասխան տալ, թե ինչպե՛ս պահպանեցինք այդ ժառանգությունը, ինչպե՛ս ծառայեցինք Քրիստոսին և ինչպե՛ս վարվեցք Նրա Եկեղեցու հանդեպ։
Ժառանգության իսկական գինը
Սակայն չպետք է նաև մոռանանք, թե ինչ գնով է մեզ հասել այս սրբազան ժառանգությունը։ Այն մեր հայրերի դարավոր հավատարմության, ինքնազոհության, աննկուն կամքի, հոգևոր նախանձախնդրության և անդադար աղոթքների պտուղն է։ Գրիգոր Շղթայակիր, Գրիգոր Պարոնտեր պատրիարքների և նրանց նման բազմաթիվ նվիրյալ հոգևորականների ջանքերով ու զոհողություններով են պահպանվել Հայ Եկեղեցու իրավունքներն ու սրբությունները Երուսաղեմում։
Նրանք պայքարել են ոչ թե իրենց անձնական փառքի կամ շահի, այլ Հայ Եկեղեցու սրբազան ժառանգությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար։ Նրանք կրել են զրկանքներ, դիմագրավել դժվարություններ և իրենց կյանքի ու ծառայության նպատակներից մեկը դարձրել այն, որ Հայաստանյայց Եկեղեցին չկորցնի իր սրբազան տեղն ու իրավունքները Տիրոջ Հարության վայրում։ Այն, ինչ այսօր մենք վայելում ենք որպես իրավունք և պատիվ, մեր հայրերի համար եղել է զոհողության, պայքարի և անձնվեր ծառայության արդյունք։
Եվ այստեղ առաջանում է մեկ այլ՝ առավել ծանր հարց. եթե մեր հայրերն այդքան զոհողություններ են կատարել այս ժառանգությունը մեզ փոխանցելու համար, ապա մենք ի՞նչ ենք անում այն պահպանելու և մեր հաջորդ սերունդներին փոխանցելու համար։
Ուստի թող Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մեր հայկական թափորի այս պատկերները մեզ համար լինեն ոչ թե ազգային հպարտության, այլև հոգևոր ինքնաքննության և ապաշխարության առիթ։ Որովհետև որքան մեծ է մեզ տրված պատիվը, այնքան մեծ է մեր պատասխանատվությունը։ Եվ որքան շատ է մեզ վստահված, այնքան շատ է մեզանից պահանջվելու։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ