Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Որտեղ սերը կենդանի է, չարությունը ծնվելու տեղ չունի

Որտեղ սերը կենդանի է, չարությունը ծնվելու տեղ չունի
05.01.2026 | 12:24

Չարությունը միշտ չէ, որ սկիզբ է առնում չար կամքից։ Ավելի հաճախ այն ծնվում է հոգևոր լռությունից՝ այն պահից, երբ սերը դադարում է արթուն լինել մարդու ներսում։ Երբ սիրտը փակվում է, խիղճը թմրում է, և մարդը այլևս չի ցավում ուրիշի ցավով, այդ պահին աշխարհ է մտնում չարությունը՝ առանց աղմուկի, առանց դիմակի։

Սերը Աստծո ներկայությունն է մարդու հոգում։ Իսկ երբ Աստծո ներկայությունը մարում է, դատարկությունը դառնում է իշխանություն։ Այդ դատարկության մեջ մարդը սկսում է արդարացնել անարդարությունը, լռել ճշմարտության առաջ, և իր լռությունը անվանել «խոհեմություն»։ Բայց լռությունը, երբ այն սիրուց չէ ծնված, դառնում է մեղսակցություն։

Սուրբ Ներսես Շնորհալին մեզ հիշեցնում է, որ չարը չի հաղթում ուժով, այլ՝ սիրո բացակայությամբ։ Սերը խոսում է ոչ միայն խոսքով, այլև խղճով, պատասխանատվությամբ, խաչի պատրաստակամությամբ։

Սերը միշտ զոհ է պահանջում, իսկ այնտեղ, որտեղ մարդը չի ցանկանում զոհաբերել ինքն իրեն, չարությունն ազատ է գործում։

Հոգևոր կյանքի մեծագույն պայքարը չարի դեմ չէ, այլ՝ սիրո լռության դեմ։ Երբ սերը խոսում է խաչի լեզվով, աշխարհը փրկության հույս է ստանում։ Երբ այն լռում է, անգամ բարին է կորցնում իր ձայնը։

Թող մեր սրտերում սերը երբեք չլռի։ Թող այն դառնա խոսք, երբ պետք է խրատել, լռություն՝ երբ պետք է ներել, և աղոթք՝ երբ բառերը այլևս չեն բավականացնում։ Որովհետև այնտեղ, որտեղ սերը կենդանի է, չարությունը ծնվելու տեղ չունի։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ