Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել այն անձը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմը

Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել այն անձը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմը
15.03.2026 | 10:01

Տիգրանակերտում (Դիարբեքիր) քրեական հետապնդման է ենթարկվում անձը՝ Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորը Իննա Սահակյանն է։

«Ավրորայի լուսաբացը» Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված Ավրորա Մարտիկանյանի մասին է, որը հիմնված է նրա հիշողությունների ու վկայությունների վրա։

1919թ․ Մարտիկանյանի վկայությունների հիման վրա Հոլիվուդում նկարահանված «Հոգիների աճուրդ» խաղարկային համր ֆիլմը համարվում է Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը։

Այս ֆիլմի նկարահանումների և Ավրորա Մարտիկանյանի պատմությունն է անիմացիայով ներկայացրել Իննա Սահակյանը «Ավրորայի լուսաբացը» անիմացիայում։

Ռոջհիլաթ Աքսոյին դատում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «թուրքականությունը վիրավորելու» մեղադրանքով։ Դատական հաջորդ նիստը նշանակված է 2026թ․ ապրիլի 6-ին։

Հասկանալի է, որ «թուրքականությունը վիրավորվում է», երբ հնչում են հայերի և այլ ժողովուրդների վկայությունները Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության մասին։ Այդուհանդերձ, անհրաժեշտ ենք համարում առնվազն բարոյական աջակցություն ցուցաբերել Աքսոյին և բարձր գնահատել նրա խիզախությունը՝ նրա նկատմամբ իրականացվող ապօրինությունների պայմաններում:

Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ