ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մեծարվեցին վաստակաշատ մանկաբույժները

Մեծարվեցին վաստակաշատ մանկաբույժները
11.03.2015 | 12:17

ՀՀ առողջապահության նախարարության և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Արաբկիր» բժշկական համալիրում մեծարվեցին վաստակաշատ բուժաշխատողները: Միջոցառմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ կանանց տոների առթիվ բուժաշխատողների մեծարման միջոցառումների շարքը շարունակական է լինելու:
Մասնագիտական երկարամյա, անձնվեր գործունեության համար գնահատանքի արժանացան «Արաբկիր» բժշկական համալիրում շուրջ 40 տարի աշխատող մանկաբույժներ Ալլա Հարությունյանը, Լիլիթ Նալբանդյանը և Զեմֆիրա Սարգսյանը:
«Սրտանց շնորհավորում եմ այս դահլիճում ներկա բոլոր բուժաշխատողներին, ովքեր մանկաբույժին բնորոշ մեծահոգությամբ, բարիությամբ, գթասրտությամբ, ուշադրությամբ մշտապես կարողանում են սփոփել երեխաների առողջության հետ կապված բոլոր խնդիրները: Այս բժշկական համալիր դիմած ծնողներն ու երեխաներն արժանանում են հոգատար և ջերմ վերաբերմունքի»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ 40 և ավելի տարիների ընթացքում այս մանկաբույժներին հաջողվել է արհեստավարժորեն մի քանի սերունդների առողջություն վերադարձնել:
Արմեն Մուրադյանը բուժաշխատողներին մաղթեց նորանոր հաջողություններ և առաջին հերթին քաջառողջություն:
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Արա Բաբլոյանը ևս մեկ անգամ փաստեց, որ մանկաբույժների աշխատանքը նուրբ և քնքուշ լինելու հետ միաժամանակ ծանր է և դժվար:
«Հայաստանում մի քանի հիվանդանոցներ են, որոնք ոչ միայն իրենց վրա են վերցնում հիվանդ երեխաների բուժման ամբողջ բեռը, այլև ավելին` օգնության են հասնում բարդացած դեպքերին: Այսօր ամբողջ Հայաստանի որևէ ծայրում չբուժված, անելանելի վիճակում գտնվող երեխաները տեղափոխվում են կամ «Արաբկիր» կամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական համալիր»,- նշեց Արա Բաբլոյանը:
Նա ընդգծեց, որ այսօր գնահատանքի արժանացած մանկաբույժները մեծ ներդրում ունեն ոչ միայն այս բժշկական համալիրի, այլև մեր երկրի առողջապահական համակարգի զարգացման գործում:
Նրա գնահատմամբ` միջոռումների այս շարքը վկայում է այն մասին, որ բուժաշխատողները կատարում են մեկ միասնական աշխատանք հանուն հայ ժողովրդի առողջության:
Միջոցառմանը ներկա էին նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Դերենիկ Դումանյանը և գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ