Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Լռությունս ծվծվոցիդ վնաս չէ

Լռությունս ծվծվոցիդ վնաս չէ
03.04.2025 | 13:26

Արդեն ակնհայտ ճշմարտություն է, որ Գյումրիի ավագանու ընտրություններում քաղաքացիների մասնակցության բարձր տոկոսը բացառապես պայմանավորված էր նրանով, որ այն պետք է լրջագույն շարժառիթ դառնար ներքաղաքական հակաիշխանական գործընթացների համար: Որոշ քաղաքական թիմեր, օրինակ, «Մայր Հայաստան» դաշինքը, դրա մասին հայտարարում էր քարոզարշավի հենց առաջին օրվանից և նույն բովանդակությամբ ու նշանաբանով էլ մասնակցել է 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին: Ի դեպ, Գյումրիի ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր կուսակցություններն էլ իրենց քարոզարշավի ընթացքում ոչ անուղղակի ընդունում և նշում էին, որ այս ընտրությունները ոչ այնքան տեղական նշանակություն ունեն, որքան՝ համապետական, համազգային:

Հիմա ընտրությունը կայացել է, արդյունքներն արձանագրվել են, բայց Մարտուն Գրիգորյանի լռությունը բալաստի պես տեղում է պահում և սառեցնում է այն ոգևորությունը, որը «քաղաքականությամբ չզբաղվող» ընտրազանգվածի մի զգալի մասին տարավ ընտրատեղամաս և դրդեց քվեարկել ոչ թե այս կամ այն թեկնածուի օգտին, այլ՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականության դեմ: Մարտուն Գրիգորյանի լռությամբ փորձէ արվում նսեմացնել Գյումրիի ընտրությունների բուն քաղաքական նշանակությունը՝ այն վերածելով զուտ անձի կամ անձերի հակասությունների, մի առանձին վերցված քաղաքում աթոռի համար գզվռտոցի: Այսինքն՝ որքան հնարավոր է կենցաղայնացվում է հայրենափրկության փորձի գաղափարն ու բովանդակությունը:

Հիշենք՝ ընտրություններից մի քանի օր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ծվծվում էր, թե քանի դեռ ժողովուրդը չի ասել, որ իրենից դժգոհ է, ինքը շարունակում է մնալ Հայաստանի վարչապետ, և իր որոշումները Հայաստանի պաշտոնական տեսակետն են: Իսկ ինչպե՞ս պետք է ժողովուրդն ասի իր դժգոհության մասին, եթե ոչ՝ ընտրությունների ժամանակ իր քվեարկությամբ: Մի՞թե միայն ԱԺ ընտրություններն ու հանրաքվեներն են, որ Փաշինյանի համար չափորոշիչ կարող են լինել: Իհարկե ոչ, և Փաշինյանը դա հրաշալի գիտի: Իսկ դա իր օգտին աշխատացնելու համար հենց այսպիսի գործընթաց է պետք: Հենց միայն սրանով Մարտուն Գրիգորյանը Փաշինյանի բերանը լեզու է դնում վաղը նույնպես հայտարարելու, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե իր քաղաքականությանն են դեմ, այլ ընդամենը հետաքրքրված են մի աթոռի կամ այդ աթոռին հայտնվելու ակնկալիք ունեցող հետույքի ճակատագրով:

Ստացվում է՝ Մարտունի լռությունը Փաշինյանի ծվծվոցին օգուտ է:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3818

Մեկնաբանություններ