Իմ բոլոր գրառումներում, երբեք կորպորատիվ շահ չեմ ունեցել: Գրում եմ այն, ինչ տեսնում եմ:
ՈՒնենք իշխանություն, որը չնայած հայտնի կատարված ու կատարվող իրադարձություններին, ցանկանում է պահել իշխանությունը, վերարտադրվել:
Ի վիճակի՞ է արդյոք:
ՈՒնենք ընդդիմության տարբեր ուժեր, որոնք ցանկանում են վերցնել իշխանությունը:
Կարո՞ղ են:
Սկսեմ ընդդիմությունից։
Իշխանությունը վերցնել ցանկացող ընդդիմադիր ուժը պարտավոր է հայտարարել․
«...ես ինձ վրա եմ վերցնում, կառավարող ուժի կողմից, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ
պատճառներով ստեղծված ներկա իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունը»։
Եվ պարտավոր է բացատրել, որ ինքն ունի դրա իրավունքը:
Ամենապարզ օրինակը, թե ունի՞ դրա իրավունքը՝
Ինչպե՞ս է վարվելու ասենք Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրի 6-րդ հոդվածի ՝ «Միմյանց ներքին գործերին չմիջամտելու» (Արցախն Ադրբեջանի ներքին գործն է այլևս), կամ նույնի 7-րդ հոդվածի՝ «Կողմերը որևէ 3-րդ կողմի ուժեր իրենց սահմանի երկայնքով չեն տեղակայի»։
Էլ չասած առավել բարդ իրավիճակների մասին:
Կա՞ այդպիսի ուժ:
Ավա՜ղ....
Իսկ ի՞նչ է անում իշխանությունը, ի դեմս վարչապետի:
* Ամենակոպիտ ու գռեհիկ ձևով ներկայումս վերաշարադրելով անցյալը՝ վերահսկում է ներկան: Վերահսկում հետաքրքրությունները:
* Փոփոխելով լեզվամտածողությունը, լեքսիկոնը, մտցնելով իր խոսույթը՝ վերահսկում է կոլեկտիվ մտածողությունը:
* Ստեղծելով տարաբնույթ թշնամիներ՝ վերահսկում է սերը, ուղղորդելով այն յուրաքանչյուրի հոգեհարազատ խմբին:
Այդպիսով ապահովելով ընտրություններին բարձր մասնակցությունը:
Ընտրությունների բարձր տոկոսային մասնակցությունը իշխանության տոտալ հաղթանակի հիմնական գրավականն է լինելու:
Իր քայլերով, իշխանությունը մարդուն սուբյեկտ լինելուց դարձնում է ֆունկցիա, դարձնում է դերասան՝ իր վաղուց սերտած դերով...
Ժամանակը չէ՞, հարգելի ընդդիմություն, դուրս գալ վարչապետական օրակարգի պարտադրանքից և սեփական օրակարգ ձևավորել:
Իշխանությանը 24 ժամ անիծել-պախարակելն օրակարգ չի: Դա երկնային մանանա է իշխանության համար...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ