 
													ՆԱԽԵՐԳ
 Արդյո՞ք ազգային սնապարծությամբ եմ տառապում  հայտարարելով, որ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» միջնադարի համաշխարհային քաղաքակրթության նշանավոր կոթողներից է, խորապես չգնահատված հայ իրականությունում, անծանոթ քաղաքակիրթ աշխարհին:
 Ըստ մեծն Մխիթարի, հասարակական կյանքի ողջ շինվածքը պահում են պետությունն ու եկեղեցին: Միաժամանակ նա համոզված էր, որ ռազմաքաղաքական ուժեղ և կենսունակ պետության գրավականը կենտրոնացված, հզոր, թագավորական իշխանությունն է, իսկ նման իշխանություն ստեղծելու համար կա մի հաստատություն` Հայ Առաքելական Եկեղեցին:
Ի դեպ, Վիրքի արքա Վախթանգի հրամանով Գոշի «Դատաստանագիրքը» թարգմանվել է վրացերեն:
 
 ՀՌՉԱԿԱԳՐԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱԴԱՏՈՒՄԸ
 Բռնադատում, բռնազավթում, բռնաբարում...  Հոմանիշների այս շարանը կարելի է շարունակել, սակայն խնայելով ընթերցողների նյարդերն ու ժամանակը` միանգամից բռնահռչակեմ Անկախության հռչակագրի գլխավոր բռնաբարիչների անունն ու գործը ամփոփ ժամանակագրությամբ, նախպես շեշտելով, որ 1990 թվականի օգոստոսի 23-ից ի վեր մինչև ներկա քայլարշավորդների իշխնության գալը Հայաստանի Հանրապետությունը դատապարտված էր լալահառաչ նահանջի և դավադիր պարտության, քանզի անշրջելի չեղարկել էր իր քաղաքական, քաղաքականի կողքին է՛լ ավելի քաղաքակրթական հիմնադիր փաստաթուղթը` խորքով, երկայնքով ու լայնքով: Չեղարկել էր` 27 տարի շարունակ գոյատևելով կեղծված ծննդյան վկայականով ու եղծված անձնագրով: 
 Եղե՞լ է նման բան հայոց անկախ պետականությունների 1200-ամյա պատմության մեջ:
Ո՛չ:
Երիցս, ո՛չ:
Իսկ 2006-ին, ի նշանավորումն Անկախության հռչակագրի 15-ամյակի, հանրապետությունում մեկնարկեց շռնդալից մի միջոցառում` Միասնության շուրջպարն Արագածի շուրջ:
Ե՛վ հոտաղը, և՛ ազատամարտի վետերանը, և՛  նորապսակներն ու երեցայրերը, և՛  երկրիս քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական ընտրանին գերագույն բաղձանքով ու բավականին խրոխտ հռչակեցին սույն շուրջպարի գերագույն նպատակն ու տեսլականը` հաջորդ շուրջպարը պարելու ենք Արարատ լեռան շուրջ: 
 Իսկ Թուրքիայում, ուր գերեվարված Արարատ լեռն է, պատմաքաղաքական ավանդույթի համաձայն շուրջպարեր երբևէ չեն բռնում: Նրանք հողեր են նվաճում, յաթաղան ու տապար են կոփում և կիսալուսնի շողերի տակ երազում տեսնում են մեծ Թուրանը:
ԱԿԱՆՋԴ ԿԱՆՉԻ, ԻՈՍԻՖ ՎԻՍԱՐԻՈՆՈՎԻՉ
 Ականջդ կանչի, Պողպատակուռ, որ սիրում էիր ասել` յուրաքանչյուր հիմնախնդիր ունի անուն, ազգանուն, հայրանուն:
Արդյո՞ք Անկախության հռչակագրի ռազմաքաղաքական բռնախեղումը չունի հասցեատերեր, ովքեր ունեն և՛ անուն, և՛ ազգանուն, և՛ հայրանուն:
 Ունի՛ անշուշտ: Ահավասիկ ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները, նրանց հավատարմահպատակային երդում տված և երկրի անկախությունը շուրջկալած տասնյակ վարչապետերը, ԱԺ նախգահները, նախարարները, մարզպետները, բյուր քաղաքապետերը...
Նաև հաստաքսակ գեներալների շարասյունները, սրանց համհարզ-կամակատարները, տնտեսական մականունավոր օլիգարխիատը, վերջիններիս առջև բերկրանքով ծնրադրող պատգամավորները, վարչաբյուրոկրատական ահարկու վերնադասը: Եվ ամենանշանակալիցը` քաղաքական ընդդիմությունը: 
 Վերջինս հընթացս կաքավում էր իշխանական խարույկների շուրջ, անվեհեր վայելում խորովվող խոզամսի իր չափաբաժինը և ստանում հերթական հանձնարարականը` կատաղի «պայքար» մղել «ատելի» իշխանության դեմ: Այսպիսով երրորդ հանարապետությունը մինչև խորքով, երկայնքով լայնքով սույն քայլարշավորդների պատուհասումը, հակապետականություն էր` նախկինում ներառելով նաև Արցախը, այսօր` խրոխտաբար թոթափած Արցախի «լուծը»:
 
 ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՁՆԱՏՈՒՐՈՒԹՅՈՒՆ
 Զարմանալի տարողունակության այս հասկացությունն ավելի հանրածանոթ է  իր ռուսերեն տարբերակով` կապիտուլյացիա: Հետևաբար անձնատուրը կապիտուլյանտն է:
 Եվ ահա կեղծված ծննդյան վկայականն ու եղծված անձնագիրը գրպանած նորաթուխ հանրապետությունը հաղթելով Արցախյան ազատամարտում` զարմանալի բերկրանքով վերաճեց հակապետության` երկիրը ձևով Հայաստանի Հանրապետություն էր, բովանդակությամբ` Հայաստանի Հակապետություն: Արցախում հաղթում է ռազմաքաղաքական ընտրանին, իսկ Հայաստանում հաղթանակի դափնեպսակներն էր վաճառքի հանել հակապետական վերնակույտը և կիսալուսնի յաթաղանի ստվերներում օր օրի, նաև ժամ առ ժամ ուրվագծվում էր 2018-ի սորոսյան հեղաշրջումը: Եվ այս ամենը ռազմաքաղաքական վերնակույտի քինախնդիր վերահսկողության ներքո: 
 Եվ ահա այսօր, երբ հանրապետության և ազգի քաղաքակրթական ավետարան Անկախության հռչակագիրն է բռնադատվում, ուղղակի ցնցում է քաղաքական ընդդիմության հավկուրությունը: Անկեղծ լինենք` սորոսյան հեղաշրջման մարտական շարասյունից ակնկալիքներ` չիք: Շարասյան զորագնդերը բավականին ուղղամիտ և աներեր կամենում են կազմաքանդել ՀՀ-ն, նախապես նենգափոխելով հայ ազգային ինքնությունը: Խոստովանենք` նրանք  այս ամենում բավականին հաջողակ են և ազնիվ` չեն թաքցնում ոչինչ: Հարաճուն խանդավառանքով օր առ օր և ժամ առ ժամ նրանք Ալիևից ավելի Իլհամ են, Էրդողանից առավել Ռեջեփ Թայիփ: Այսպիսով գործող իշխանությունները ոչ միայն լիովին ընկալելի են, այլև ընձեռում են լիարժեք հնարավորություն լիակատար պայքարի: Բա՞յց...
 
 ՈՒՂԵՐՁ-ՎԵՐՋԱԲԱՆ
 Ի՞նչ է ասել Կեսարը` Հուլիսոս.  «Ավելի շուտ իմ տաճարի սյուները հող կդառնան, քան հնարավոր կլինի հաղթել միասնական հային»:
 Ի սեր երկնավորի: Մի՞թե պատմաքաղաքական գերճիշտ պահը չէ, որ երրորդ հանրապետությունը 27 տարի ծնկի բերած քաղաքական վերնակույտը վերաճի ազգային, պետական վերնախավի: 
 Վերստին հիշենք Մխիթար Գոշին, ով համոզված էր, որ ռազմաքաղաքական ուժեղ և կենսունակ պետության գրավականը կենտրոնացված թագավորական իշխանությունն է, իսկ նման իշխանություն ստեղծելու համար կա մի հաստատություն` Հայ Առաքելական եկեղեցին:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)