Պատահաբար դիտեցի ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի լեզվական պինգ պոնգը՝ ազգային ու պետական ինքնության, հայ ժողովրդի պատմական անցյալի ու «ստալինյան հայրենասիրության» մոդելի մասին: Ակամայից հիշեցի հանճարեղ Լուի դե Ֆյունեսի մասնակցությամբ ֆիլմի այս դրվագը: Որպես հետազոտող, միանգամից մոտս ցանկություն առաջացավ ձեռք բերել երկուսի այսօրվա սննդակարգը՝ դիետոլոգների ու մշակութային մարդաբանների համաշխարհային կոնգրեսին ներկայացնելու համար:
Իսկ Հայ ժողովրդի պատմության III հատորի 2-րդ մասը կարդացող ու փետրվար ամսին չվերջացնող Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ հաջորդ հարց ու պատասխանի ժամանակ սերտել հետևյալ կարևոր թեզերը պետականության ու ազգային ինքնության հարցերի շուրջ:
- 2018 թվականի կրկեսը, որը քչերն են հիմա անվանում «թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական», կազմակերպվեց ու իրականացվեց զանգվածային մանիպուլյացիայի ու խաբեբայության ստալինա-բոլշևիկյան միևնույն մոդելով: Բանից անտեղյակ Նիկոլ Փաշինյանին, Միքայել Զոլյանին, Դավիթ Ստեփանյանին թող մեկը տեղյակ պահի, թե ովքեր էին առաջին ժամերին Հանրապետության հրապարակը լցնողներն ու այն ծանր տեխնիկայով փակողները, հետո ամեն ինչ իր տեղը կընկնի:
-Այդ կրկեսը սպասարկող ու Նիկոլի գաղափարական ստնտու ազգագրագետները հենց այդ սովետի ԿԳԲ-ի գործակալներն էին, որոնց "վատ ու քըխ" լինելու մասին վերջերս ակնարկեց ՀՀ ԱԱԾ տնօրենը, մոռանալով, որ աշխատում է մի հիմնարկում, որտեղ ավագ սերնդի աշխատակիցները հենց այդ նույն կատեգորիայի մարդիկ են և տակավին գտնվում են ծառայության մեջ:
- Այդ կրկեսին մասնակցելու համար հավաքագրված և ապագայում պետական հանցագործություն իրականացնելու համար պատժի ենթակա մարդիկ հավաքագրվել ու նախապատրաստվել էին այն ուժերի ու հիմնարկությունների կողմից, որտեղ բացարձակապես չի թոթափվել կամ վերանայվել ստալինյան կառավարման մոդելն ու գործելաոճը:
- Կառափնարանի ու սպանդանոցի արանքում եղած մտասևեռումների ժամանակ արժեր, որ դեղին մամուլի նախկին խմբագիրը հաշիվ տար ու բացատրեր, թե ինչու՞ իր տեղակալ փոխվարչապետը, մամուլի խոսնակը, աշխատակազմի ղեկավարը և ԲՈԼՈՐ ուժայինները պարտադիր իրենց կենսագրություններում ռուսական հետագիծ ունեն: Էդ ո՞նց է էդպես ստացվել, որ մի հատ էլ Ռուսաստանին է ձեռքի հետ թիրախավորում:
Դրսում այլևս 2018 թվականը չի, այլ 2026-ն է ու մի ամբողջ ազգի հիմարացման ժամանակներն անցել են:
Եկել է մի ամբողջ ազգի խաբելու, ստորացնելու համար պատասխան տալու ժամանակը:
Հայկ ԴԵՄՈՅԱՆ