Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

1983-ի Երևանը տենդագին լարվածությամբ էր սպասում ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելուն

1983-ի Երևանը տենդագին  լարվածությամբ էր սպասում  ծանրամարտի աշխարհի  առաջնությունն ընդունելուն
13.07.2012 | 12:48

1980 թվի մոսկովյան օլիմպիական խաղերն էին: Ծանրամարտում Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ հավաքականի կազմում ներկայացված էր երկու քաշային կարգում: Թեթևագույնում (մինչև 56 կգ) հանդես էր գալու Յուրի Սարգսյանը, 82,5-ում (միջին քաշ)` Յուրի Վարդանյանը: Որ, ի դեմս վերջինի, ԽՍՀՄ հավաքականն ուներ երաշխավորված ոսկե մեդալ, կասկած չկար, սակայն հանգամանքները կարող էին այնպես դասավորվել, որ նրանից կարող էր առաջ ընկնել մյուս հայ ծանրորդը: Այս փոքրիկ նախաբանը, որ իր այս որակում ավելի շատ միջանկյալ դեր ունի ստորև արվելիք պատմության մեջ, ընդամենը գալիս է հավաստելու, որ 1983 թվականին աշխարհի հերթական առաջնությունը Երևանում անցկացնելու որոշումը բնավ էլ պատահականություն չէր: Ավելի շուտ այն ծանրամարտի պատմության մեջ հայ տարրի, թող որ ինչ-որ մի տեղ ուշացած, սակայն արժանի վաստակի գնահատականն էր լինելու:

«ՀԵՉ ՉՄՏԱԾԵՍ, ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻՉ, ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ»
1983-ի Երևանը տենդագին լարվածությամբ էր սպասում ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելուն: Ի դեմս նորակառույց մարզահամերգային համալիրի, Հայաստանի մայրաքաղաքն ուներ իսկապես շքեղագույն կառույց: Եղեռնի զոհերի հիշատակին ձոնված կոթողի հարևանությամբ բազմած Ծիծեռնակաբերդի գագաթին` այն վերընձյուղված հայ ժողովրդի դիմակայելու, ապրելու, արարելու եթե ոչ յուրօրինակ խորհրդանիշն էր, ապա այդպիսինի հայտ էր: Շքեղ էր համալիրը, այն աստիճանի շքեղ, որ, պատմում են, թե Մոսկվայից եկած հանձնաժողովի բերանը բաց էր մնացել նրա նազենի գեղեցկությունից:
Սակայն հանձնաժողովի ապշանքը միայն կառույցի գեղեցկությունից չէր:
Այստեղ Երևանը հիմնովին ջանացել էր մարզամրցումային անհրաժեշտ պայմաններին առնչվող բոլոր հարցերում: Կարճ ասած` ոչինչ, ոչի՛նչ չկար խանգարող օպերայի փառահեղ տաճարից հետո մայրաքաղաքի երկրորդ հայտագրի իրավունքն ունեցող այս կառույցի առաջին խոշորագույն միջոցառումն ընդունելու, հպարտ ու պատվարժանորեն աշխարհին ներկայանալու համար:
Սակայն ուր էր թե ամեն ինչ այդպես անխռով ընթացք ունենար:
Բոթն ակնթարթորեն տարածվեց, իսկ ես, որ պակաս սարսափելի չէ, այն նույնիսկ միջնորդավորված լսելու դժբախտությունն էլ չունեցա: Այդ տարիներին ես աշխատում էի կոմերիտմիության Երևանի քաղաքային կոմիտեում ու Աստծո ամեն օր աշխատասենյակիս պատուհանից մարզահամերգայինի գեղեցկությունը վայելելու անմիջական երջանկությունն ունեի, կառույց, որը կյանքով լեցուն երիտասարդիս համար հարսնաքողի տակ կանգնած սիրած աղջկան էր հիշեցնում: ՈՒ պատկերացրեք սարսափելի այդ օրվա իմ տեսածը` լրբենի վայրագությամբ հարսիկիդ պարուրած ծխի քուլաների հսկա դեզ, կուսական մարմինը լափող հրե սյուն…
Բառացիորեն հաշված վայրկյաններ հետո դեպքի վայրում էի: Տղաների հետ մարզահամերգայինը գոտևորած շղթայի երկու օղակ կարողացանք ճեղքել շնորհիվ մեր կարգավիճակի, սակայն երրորդը հաղթահարելու զորությունը չունեցանք:
Հրշեջներն անզիջող էին:
Վայրկյան առ վայրկյան սպասվում էր, որ կրակը կտուրի շիկացած թիթեղները կշպրտի աջ ու ահյակ` թռցնել-հասցնելով մեր կանգնած տեղը: Հենց այստեղ էր, որ առաջին անգամ տեսա Կարեն Դեմիրճյանին` երկրի փաստացի ղեկավարին, ով բռունցքված ձեռքերով, ոտքից գլուխ բաց նյարդ, անզոր նայում էր տաճարը լափող կրակին ու… Չեմ հանդգնում գրել` չգիտե՞ր, թե՞ գիտեր ինչ անել, որովհետև իսկապես չգիտեմ, իսկ պատմություն գրող ու սրբագրող ամենագետ չեմ ուզում խաղալ, որովհետև դա իմ ոճը չէ:
Կյանքում, իհարկե, սարսափելի շատ բաներ կան, սակայն, հավատացնում եմ, ամենասարսափելիներից մեկն էլ երկրիդ ղեկավարին անզոր տեսնելն է, ղեկավար, որ քեզ համար ընդօրինակման արժանի մարդ էր իր առինքնող կերպարով, մարդկային կերպով, գործելու կարողությամբ ու վճռականությամբ, իր մասին արդեն իսկ հյուսվող առասպելով` իրենից ավելի վերևների առջև չճկվողի հանդգնությամբ, արժանապատվորեն ներկայանալու պատվարժանությամբ: Երևի թե այդ պահին սփոփման կարիք ամենից շատ ինքն ուներ, որովհետև մարզահամերգայինը կառուցելու հարցում անգնահատելի է եղել նրա դերը մոսկովյան ծերակույտին խնդիրը ոչ այնքան հասցնելու, որքան հասկացնելու և թույլտվություն կորզելու համար:
Այո, երևի թե այդ պահին ամենաշատը սփոփման կարիք նա ուներ:
Այդ օրվանից հիշողությանս մեջ դաջվել է նաև մի դրվագ, որը մի դեպքում անուղղակի պատասխանն է առայսօր շրջանառվող խոսակցությունների` կապված մարզահամերգայինը միտումնավոր հրդեհելու հետ, մյուս դեպքում ուղղակի պատասխանն է աշխարհի առաջնությունն իբր թե Հայաստանում անցկացնելու անպատրաստ լինելու մեղադրանքին: Սակայն այս մասին մի փոքր ավելի ուշ:
Օպերատիվ հարց լուծելու իրավասություն չունեցող միակ մարդն իմ տեսածների մեջ, ով կարողացել է այդ օրը Կարեն Դեմիրճյանին մոտենալու իրավունքն իրեն վերապահել, ճերմակահեր մի շինարար էր, ում ամեն օր էինք տեսնում շինհրապարակում: Փառք Աստծո, մեզնից այնքան էլ երկար տարիներ չբաժանող այդ օրերի հարյուր հազարավոր ականատեսներ ու մասնակիցներ կան, ովքեր թույլ չեն տա, որ կեղծեմ. մարզահամերգայինը համաժողովրդական կառույց էր, ու այն իսկապես արարվում էր ամեն մեկիս ձեռքով: Գուցե թե ներկա երիտասարդության համար սա` ամեն մեկիս ձեռքովը, այնքան էլ հասկանալի բան չէ, սակայն ամեն մի երևանցի գործից հետո օրվա իր պարտքն էր համարում սեփական աչքերով տեսնել կառույցի հասակ առնելը, ինչ-որ բանով շինարարությանը օգտակար լինելը:
Հա, չկորցնենք պատումի թելը: ՈՒրեմն` Կարեն Դեմիրճյանին մոտեցած շինարարը:
Այն ժամանակ չկար ժողովրդից ներկա ղեկավարների ունեցած վա՞խը ասեմ, թե՞ ուրիշ մի բան ասեմ, պահնորդական ծառայությունը վերջնականապես «ախրանայի» վերածած բութ դեմքերի այս սարսափելի բանակը, որն իր ֆունկցիան տեսնում է ոչ թե ղեկավարի անվտանգությունն ապահովելու, այլ այդ ղեկավարին ժողովրդից վերջնականապես օտարելու մեջ:
Ինչևէ:
Դեկորատիվ, թե ոչ այնքան, անվտանգության ծառայություն ուներ նաև Կարեն Դեմիրճյանը` Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը, սակայն ոչ մեկը չհամարձակվեց խոչընդոտել շինարարին մոտենալու նրան, ղեկավարի ձեռքերն առնելու իր մրոտ ափերի մեջ ու ասելու.
-Հեչ չմտածես, Կարեն Սերոբիչ, ավելի լավն ենք կառուցելու:
Կներեք, որ այս նյութի մեջ իմ եսը հաճախակի եմ հիշեցնում, բայց դե ստիպված եմ, որովհետև հետևելիքը կարող եք համարել ընթերցողին հուզական լիցքի մեջ պահելու լրագրողական կամ գրողական հնարք, մինչդեռ ես ուզում եմ ընդամենն օբյեկտիվորեն վերարտադրել աչքիս տեսածն ու ականջիս լսածը:
-Ճիշտ ես ասում, հայրիկ: Կկառուցենք: Ավելի լավը կկառուցենք,- եղավ պատասխանը, ու գողունի դեպի աչքերը տարավ ձեռքը:
Այստեղ թող ավելորդ չհամարվի ասելը, սակայն, չնայած իմ այս բավականին հասուն տարիքին ու աշխատանքի բերումով տարբեր երկրների ղեկավարներ տեսած լինելու բազմաթիվ դեպքերին, ես այդ մի կենտ անգամ եմ տեսել խոնավացած աչքերով երկրի ղեկավար: Ղեկավար, ով անհաղթելի էր իր նկատմամբ ունեցած իր ժողովրդի սիրով: Մոռանանք, հա՞, 1989-ի չհասկացվածությունը, որը նույն այդ ժողովուրդը սրբագրեց նրա 1998-ի մեծ վերադարձն ապահովող համաժողովրդական սիրով ու ընդունելությամբ:

(շարունակելի)

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ