ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Մի տնից չենք, բայց հո՞ մի հալից ենք

Մի տնից չենք, բայց հո՞ մի հալից ենք
17.07.2012 | 01:07

Գիշերն անուշ քնած էի, երազիս մեջ ընթերցողների մի պատկառազդու բանակ պաշարեց մահճակալս.

-Հեր օրհնած, Զիմբաբվեի արտադրության էն բրիտանացի Չիսորայով էս քանի ամիս է` գլուխներս տարար: Շատ էլ մարտը տեսել ենք, բա մի երկու տող բան չես ուզում գրե՞լ: Սպասելուց մեռանք:
-Տղերք, -ասի, -էն է, լավ էլ հասկացել եք, որ եղածը միմոսություն էր: Այսինքն` մարտը միմոսություն չէր: Հեյը լավ էլ լեշեց Չիսորա կոչված թյուրիմացությանը, ու դուք հավատում եք, որ վրա-վրա արդեն չորս պարտություն կրելուց հետո նրան ինչ-որ մեկն այլևս լուրջ բռնցքամարտիկ կհամարի ու ռինգում կուզենա տեսնե՞լ: Դրա իմացածը խուլիգանություն անելն էր, աշխարհի չեմպիոնի վրա ջուր պզզացնելը, կռիվ-ղալմաղալ սարքելը, այսկերպ իր վրա ուշադրություն սևեռելը: Լուրջ չէ: Ի՞նչ գրեմ: Էս ինչ գրեմի վրա, առռը՛ հա, մեկ էլ մի հարված հո չստացա ձախ աչքիս: Ցավից վրնջալով վեր թռա տեղիցս, որ երկրորդ նոկաուտն էլ ես անեմ էդ Չիսորա կոչված զահրումարին ու, նրա հետ մեկտեղ, Հեյին, բայց ի՛նչ տեսնեմ՝ ննջասենյակիս պատուահանից դուրս մի շարմաղ օր է բացվել, էն տեսակ անուշ մի օր, որ, ճիշտ և ճիշտ, ձկնազգի էն Շպռօտի երգի հանգույն, ոչ ավել-ոչ պակաս, ասում է` արի, ինձ կեր: ՈՒտելը` ուտենք Այսինքն` վայելենք: Մեզ ինչ է եղել: Երազից հետո ահա այսպիսի քնարական տրամադրությունների մեջ էի, երբ հիշեցի, որ ցերեկը, ժամը չորսին, սուրբ Հովհաննես, ժամը վեցին էլ ռեստորան եմ հրավիրված` ընկերոջս մեկամյա թոռնիկների կնունք-ծնունդին: Կնունք-ծնունդից վեր ի՞նչ ուրախություն կարող է լինել մարդուս կյանքում: Էնքան էի ուրախացել, որ ուրախության մեջ բաց թողեցի կնունքի ժամն ու տակի եղածը հազիվ բավարարեց ծնունդին նախապատրաստվելուն: Երբ ամբողջապես արդեն պատրաստ էի, տաքսի պատվիրեցի: Արդեն Դավթաշենի կամուրջի վրա, չհասկացա ինչ սատանա մտավ էս վարորդիս մեջ: Վերցրեց ու, ոչ էս կողմ-ոչ էն կողմ, մանկությանս ընկերոջ անմիջականությամբ միանգամից հարցրեց` ո՞ւր: Ես էլ անմեղ-անմեղ, գլխիս գալիքից անտեղյակ, ասացի` «Դրախտ»:

Էս դրախտ բառը լսելը, ավտոն ճռռացնելով երկու ակի վրա հանելն ու կամուրջի բորդյուրներին հագցնելը վայրկյան իսկ չտևեց: Բախտս բերեց, որ դրանք ինձ համար պահապան հրեշտակ եղան: Մինչև վարորդն ուշքի կգար, մինչև սառը ջրով նրա գույնը տեղը կբերեինք, մինչև կարողանար օրգանիզմի նորմալ կենսագործնեությունը ապահովելուն կոչված օդի պահանջված քանակը հուպ տալ թոքերը, ահագին ժամանակ անցավ: Թե ինչու ասածիս վրա դա էդպես ընկնավորվեց, անկեղծ ասած, մինչև հիմա գլխի չեմ ընկնում. մեջքիս վրա թևե՞ր տեսավ, թե՞, հանձինս ինձ, Գաբրիել հրեշտակապետին ճանաչեց, դժվարանում եմ ասել: Հետո, մինչև «Դրախտ», էս խեղճ վարորդին ստիպված էի բացատրել, որ Հայաստանում նման օրիգինալ անվանումներով օբյեկտները քիչ չեն, ու եթե ամեն մեկի վրա նման կերպ է արձագանքելու, ավելի լավ կլինի ավտո քշելը թողնի, մի ուրիշ լուրջ բանով զբաղվի: Հետո, ճիշտն ասած, երբ տեղ հասանք, ու իր պահանջած գումարը տվեցի, հասկացա, որ շատ ավելի լավ կլինի, եթե ես իմ անլուրջ զբաղմունքը թողնեմ ու ընտանիք պահելու համար ավելի լուրջ գործ գտնեմ, մանավանդ որ գրածդ ծխածդ սիգարետի ու սպառածդ էներգիայի գինն էլ չի հանում ու, որպես մտավոր աշխարհի բիզնեսմեն, բացի տակ տալուց ու հմայաթափ լինելուց, ուրիշ բան չես անում: Սա, ինչպես ասում են, մեր մեջ, տնեցիների ականջն էլ` խուլ: Ինչ վերաբերում է Չիսորային, շան ծեծ կերա՞վ, թե՞ չկերավ, Դեյվիդ Հեյի հետ Կլիչկո-Չիսորա մարտից հետո համերկրացու գլուխը բացե՞ց, թե՞ չբացեց, երկրորդական-երրորդական բաներ են, որովհետև աշխարհը կա ու մնում է ցուցքի սիրահար: Վկան` նրանց մենամարտը ցույց տալու իրավունքը գնած շուրջ վաթսուն հեռուստաընկերությունների, մարտը դիտելու եկած մոտ երեսուն հազար հանդիսականների վճարած գումարները, սրանց գումարվելու եկած գովազդատուների, բուքմեյքերական ընկերությունների ներդրածները, որոնց զգալի մասը սահունորեն դրանց գրպանն է գնալու, իսկ դուք առավոտ կանուխն իբր քիչ է, դեռ երազովս էլ եկել եք, թե` շատ էլ մարտը տեսել ենք, բա մի երկու տող բան չես ուզում գրե՞լ:

Է՜, գրեցի: Մե՞ջն ինչ կա: Բա ծխածս սիգարետի, բա վառածս լույսի, բա ֆիզիկական մաշվածք տվող համակարգչիս… Վախենում եմ բառը ասեմ: Բա որ հանկարծ ինձ դրախտ տարած վարորդն էլ պատահաբար էս նյութը կարդա ու վթարված մեքենան սարքելու հաշիվ-ֆակտուրան ձեռքը բռնած տանս ճամփան բռնի ու նյութականից զատ բարոյական փոխհատուցման պահանջ ներկայացնի, ե՞ս ում դուռը թակեմ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ