«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Միայն Տիրոջ խոսքն է, որ մեզ խավարի միջով կարող է մինչև երկնային Լույսի տաճարը հասցնել

Միայն Տիրոջ խոսքն է, որ մեզ խավարի միջով կարող է մինչև երկնային Լույսի տաճարը հասցնել
01.02.2013 | 13:26

Եթե ընթերցողը հիշում է, մեր թերթի էջերում մի անգամ գրեցինք Վանգայի կեղծ գուշակությունների մասին։ Ժամանակն է գրելու մեկ այլ «մարգարեի»` աշխարհին հայտնի Նոստրադամուսի մասին։ Այս «մարգարեի» անունն արդեն հինգ դարից ավելի է, ով ասես օգտագործում է` սկսած թագավորներից, վերջացրած տաքսու վարորդներով, որոնց միջոցով ուզածդ լուրը կարող ես տարածել։ Որտեղի՞ց է այդ լայնամասշտաբայնությունը: Շատ պարզ, Նոստրադամուսը գրել է այնքան մշուշոտ քառյակներ՝ կատրեններ, որ յուրաքանչյուր ոք կարող է այն մեկնաբանել ըստ իր իմացության աստիճանի, և ինչ-որ եզրակացության հանգել։ Այս մեթոդն օգտագործում են նաև խաղաթղթերով ու սուրճի բաժակով գուշակողները։ Երբ նրանք փորձում են դիմացինին համոզել իրենց խոսքով, ապա ուղիղ ոչինչ չեն ասում, այլ մարդկանց հանդիպող դեպքերի շուրջն են պտտվում, օրինակ` դրամական հարցեր, անհաջողություն, մերձավորների կորուստ, զանազան փորձություններ, սիրո ձգտում, ընտանեկան տարաձայնություններ, հիասթափություն մտերիմներից, հարստության ձգտում, մահվան լուրեր և այլ դիպվածներ, որոնցով ապրում է յուրաքանչյուր ոք։

Նոստրադամուսի կատրեն¬քառյակների քանակն անցնում է մի քանի հազարից, այնպես որ, դատելով դրանց բազմաքանակությունից, նա «մարգարեանում» էր օրը մի քանի անգամ։ Նրա «մարգարեական» գործունեությունը սկսվեց սեփական գրվածքները տպագրելով, սկսած սննդային ժելեների բաղադրամասերից, վերջացրած բժշկական դեղաբույսերով։ Այնուհետև նա, ուսումնասիրելով աստղաբանական աղյուսակները, սկսում է քառյակներով մարգարեական տողեր հորինել, որոնք լայն տարածում գտան նրա իսկ ժամանակներում։
Բնօրինակն այնքան բարդ լեզվով է գրված, որ նույնիսկ գիտնականներն են խուսափում դրանց հետ գործ ունենալուց։
Ժամանակների առումով Նոստրադամուսի գրվածքներում քանի գնում տեղեկությունները նկարագրվում են առավել մռայլ գույներով, և, ինչ խոսք, այդպես էլ պետք է լիներ, քանի որ ադամական մարդկության «գետը» մեղքի պատճառով դրախտից դուրս հորդելով, քանի գնում պղտորվում է։ Այդպես կլինի այնքան, մինչև այն բոլորովին արյան կվերածվի, այսինքն` աշխարհավախճան օրերը պիտի գան, քանի որ, ըստ Աստծո խոսքի, «Մեղքի վարձքը մահ է»։ Մարդկությունը չափազանց մոտ է այդ օրերին, և դրա համար պետք չէ մարգարե լինել, այլ պարզապես ուշադիր շուրջդ նայիր ու կհասկանաս, որ այսպես այլևս չի կարող շարունակվել։ Իսկ նեգատիվ գույներով համեմված խոսքերին մարդիկ ավելի շատ են հավատում, որովհետև դրա հիմքը վախն ու անորոշությունն է։
Ըստ Նոստրադամուսի` պետք է լինեն երեք հակաքրիստոսներ, որոնցից մեկը Նապոլեոնն է, մյուսը` Հիտլերը, իսկ երրորդին դեռ չեն հաշվարկել։ Բայց ինչո՞վ է նրանցից պակաս Ստալինը, ով ավելի շատ մարդ սպանեց, քան առաջին երկուսը միասին։
Նոստրադամուսի կատրեններում սովորաբար կոնկրետ թվեր կամ տարիներ չեն գրվում, բացի մի թվականից՝ 1999 թ. յոթերորդ ամիսը։ Ըստ այդ գրվածքի` «Պետք է երկնքից իջնի տեռորի մեծ թագավորը, որպեսզի կենդանության կանչի մոնղոլների մեծ թագավորին, իսկ հետո հաստատի Մասի թագավորությունը»։ Ըստ դրա` պետք է տեղի ունենար երրորդ հակաքրիստոսի գալուստը, որի իշխանությունը պետք է 27 տարի տևի։ Ժամանակագիրները դրա անվան ներքո տեսան Սադամ Հուսեինին, որի իշխանությունը 27 տարի տևեց։ Եվ, ըստ Նոստրադամուսի, նրա անունը պետք է լինի Մաբուս, որը եթե լավ «ծռմռես», ապա Սադամ անունը կարող ես ստանալ։ Ոմանք էլ Օբամային են վերագրում այդ անվան դերակատարումը։ Այսինքն, ըստ Նոստրադամուսի, արդեն 14-րդ տարին է, ինչ ապրում ենք երրորդ հակաքրիստոսի ժամանակներում։ Մարդկային միտքն ուզածդ թռիչքները կարող է կատարել, միայն թե իր մոլար սրտի ուզածն իրականություն դարձած տեսնի։
Նոստրադամուսի ձեռքով գրված կատրենները իր մահից հետո անցան Ժան դե Շևենիոյին, ով աշակերտում էր իր ուսուցչին և աստվածացնում նրա գրվածքները։ Վերջինս իր մեծարած ուսուցչի գրվածքներում սեփական ուղղումներն է մտցնում, որ Նոստրադամուսի խոսքը մարգարեական հնչողություն և արժեք ստանա։ Եվ ժամանակակից գիտնականներն այլևս դժվարանում են կատրեններին վերագրել բնօրինակին համարժեք մեծություն, քանի որ ավելացրած ու զեղծված կատրենները բավական շատ են իրենց քանակությամբ։
Մի քանի գծեր Նոստրադամուսի կենսագրությունից. նրա հայրը քրիստոնեություն ընդունած հրեա էր, իսկ որ Նոստրադամուսը նվիրյալ քրիստոնյա էր, ոչ մի տողից չի երևում, չնայած իր մասին նա շատ տողեր է գրել, ընդհուպ իր մահվան մասին գիշերով։ Իսկ որ մարդը երբեմն իմանում է իր մահվան օրն ու ժամը, դա շատերին է հայտնվում, նույնիսկ հասարակ մահկանացուներին։
Ըստ իս, Նոստրադամուսին ու Վանգային, և նրանց նմաններին համաշխարհային նման հնչեղություն ու տարածում վերագրելը մեկ նպատակ է հետապնդում. շղարշել, ստվերել իրական՝ սուրբգրային աստվածային մարգարեությունները, որպեսզի մարդիկ անպատրաստ լինեն Տիրոջ ճշմարիտ գալստյանը։ Իսկ ո՞վ է դրա հետևում կանգնած, եթե ոչ իրական հակաքրիստոսը՝ Նեռը, ում մասին Հովհաննես առաքյալը գրեց. «Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է: Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է. բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է… Իսկ ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է: Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հորը և Որդուն:
Ամեն մարդ, որ ուրանում է Որդուն, իր մեջ չունի նաև Հորը: Իսկ ով խոստովանում է Որդուն, նա իր մեջ ունի նաև Հորը:
Այս բանը գրեցի ձեզ, որպեսզի ոչ ոք ձեզ չմոլորեցնի:
Իսկ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որ երբ Նա հայտնվի, վստահություն ունենանք և Նրա գալստյան ժամանակ Նրանից չամաչենք. քանի որ դուք գիտեք, թե Նա արդար է, ապա իմացե՛ք, որ ամեն ոք, ով արդարություն է անում, Նրանից է ծնված» (Ա Հովհաննես 2. 18-2):
Իսկ ո՞վ է այս վերջին ժամանակներում հայտնապես ուրանում Որդուն, եթե ոչ եհովականները, որոնց թիվն ամբողջ աշխարհում ահագնացող չափերի է հասնում, որոնք Աստծո Որդուն ում տեղն ասես չդրեցին, միայն ոչ Հոր Որդու, իսկ ըստ Հովհաննես առաքյալի` ով ուրանում է Որդուն, նա Հորը նույնպես չունի իր մեջ։ Հենց եհովականներն են եղել, որոնք մի քանի անգամ աշխարհի վերջն են «մարգարեացել», ու միշտ էլ խայտառակ եղել, բայց համառորեն չեն ապաշխարում ու խոստովանում, որ իրենք ստության վկաներ են։
Վերջին խորհուրդ. այս մոլորության հորձանուտից անվնաս ու անկորուստ դուրս գալու համար մի ելք կա, և այն սուրբ հայրերն են ասել. «Եթե ամեն օր ապրենք որպես թե վերջին օր, ապա չենք սխալվի, երբ իսկապես գա այդ օրը»։ Իսկ դրա համար հարկ է ամեն օր կարդալ ու խորանալ Սուրբ գրքի ընթերցանության մեջ, որովհետև միայն Տիրոջ խոսքն է, որ մեզ խավարի միջով կարող է մինչև երկնային Լույսի Տաճարը հասցնել։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ