Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մի լավ քննե՛նք, զննե՛նք, թե ում ենք ընտրում

Մի լավ քննե՛նք, զննե՛նք, թե ում ենք ընտրում
03.05.2013 | 11:53

Մենք մեր մայրաքաղաքը ոչ միայն լոկ քաղաք ենք համարում, այլև մեր տունը, որտեղ ապրում ենք ու մի օր էլ պիտի այս «տանը» մեռնենք։ ՈՒ քանի դեռ ապրում ենք, ուզում ենք մի քիչ մարդավայել ապրել, այո՛, մարդավայե՛լ, թե չէ այս քաղաքն իր բազմաթիվ դժվարություններով երբեմն տառապանքի տուն է հիշեցնում։
Օրինա՞կ եք ուզում, խնդրեմ. օր օրի քաղաքում պակասող ծառերն ու կանաչ տարածությունները ու դրանց հաշվին ավելացող միայն հաջողակ բիզնեսմենների համար կառուցվող էլիտար շենքերը, որոնք ավելի են ընդգծում մյուսների աղքատությունը։ Սնկերի նման բազմանում են գիշերային զվարճատներն ու աղմկոտ բարերը, որոնք մերձակա բնակիչների սթրեսների ու անքուն գիշերների պատճառ են դարձել։ Բա մինչև վերջերս այդ խայտառակ սովորությունը, երբ գիշերային քեֆչիները աղմկոտ կրակոցներով հրավառություններ էին «տրաքացնում»։ Ի՞նչ է, այնքան անաղմո՞ւկ էին դրանք, որ մեր իշխանավորներն ու քաղաքապետարանի պատասխանատուները չէին լսում, մինչև որ տասնյակ մտավորականների ստորագրություններով դիմումը վերջ դրեց այդ խայտառակ սովորությանը։
Կարծես քիչ¬քիչ կարգավորվում են քաղաքային տրանսպորտի ու երթևեկության հարցերը, բայց այդպես էլ չեն կարգավորվում մայթերում կատարվող անօրենությունները, ու երբեմն այնպես է թվում, թե մայթերը քաղաքապետարանի հսկողությունից դուրս են, բայց ընդամենը թվում է, որովհետև նրանք լավ էլ գիտեն, թե քանի «օբյեկտ» ունեն, որոնք ամենօրյա կլորիկ գումար են բերում, չհաշված ստորգետնյա անցումներում կատարվող խայտառակ առևտուրը, որտեղ անցորդներիս համար մի արահետ են թողնում ընդամենը, որ մի կերպ իրար հրշմտելով դուրս գանք այնտեղից։ Դե, այդ անցումները հո քաղաքային չինովնիկների համար չեն սարքել, որոնք «ջիպերով» են երթևեկում։ Այդ պատճառով էլ քաղաքապետարանի հսկողությունից դուրս են մնացել նաև մայթանցումները, որտեղ երբ ուզեն ու ինչքան ուզեն կայանում են մեքենաները, ու իրենց բան ասող չկա, քանի որ ոստիկանները միայն փողոցների «կարգ ու կանոնին» են հետևում, իսկ թե մայթերում ինչ է կատարվում, դա նրանց չի հետաքրքրում, որովհետև չինովնիկներն ու հարուստներն այդ մայթերով չեն քայլում։ Իսկ մայթերի վրա տեղադրված թերթի «սուպերկրպակների» վերածված անհարմարությունների մասին արդեն գրել ենք «Իրատես de facto»-ում, ինչն էլի անհետևանք մնաց, ու դրանք իրենց երկփեղկ լայնածավալ դռներով շարունակում են խանգարել անցորդներին։
Վերջերս գործի բերումով էլիտար շենքում բնակվող ծանոթիս տուն գնացի, ու երբ վերելակ մտա, ինձ մի պահ թվաց արտասահմանյան ամենաշքեղ հյուրանոցում եմ գտնվում։ Էլի թող շքեղ ու անխափան վերելակներ լինեն մեր քաղաքում, բա էդ սովետի մնացուկ շենքերի լիֆտերի՞ն ինչու չեն հետևում։
Իսկ փողոցներում կատարվող մի քանի հարյուր մետր նոր ասֆալտապատումներն էլ սմքած պառավի դեմքի շպարի են նման, որովհետև բակերից ու մնացած նրբանցքներից հեչ չես ասի, որ քաղաքում ես բնակվում։ Եթե էլի օրինակ եք ուզում, հեռու չգնանք, հենց մեր Հարավ¬արևմտյան Ա-3 թաղամասի մի քանի շենքերի ամենօրյա ոտնաճամփի լուսանկարը տեսեք այս էջում։ Այդ միակ նեղլիկ ճանապարհն է մնացել, որից օգտվում է մի քանի հազար բնակիչ։ Մալաթիայի տոնավաճառի պատճառով այս թաղամասի բնակիչները երկար շրջատույտներ են անում, որ տուն հասնեն, իսկ այս միակ անանուն փակուղի¬նրբանցքն էլ, որից օգտվում են բնակիչները, վերածվել է ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցների, իրենց փնթի աղբանոցներով։ Նրբանցքը տարիներով չի ասֆալտապատվել, եղածն էլ քարուքանդ է եղել` մեծ փոսեր բացելով, որոնք անձրևի ժամանակ անանցանելի լճափոսեր են առաջացնում։ Դա` ցերեկով, իսկ երբ մութն է ընկնում, շատ կանայք ու երեխաներ խուսափում են այստեղով անցնելուց ու ստիպված ավելի հեռվում գտնվող լուսավոր նրբանցքով են անցնում, որովհետև միջնադարյան խավար է տիրում այս բանուկ նրբանցքում, քանի որ բացարձակապես ոչ մի լապտեր չկա, որ մարդիկ գոնե իրենց ոտքերի տակ տեսնեն ու փոսերը չընկնեն։ Իսկ շենքերի բնակիչների` ամեն տարի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանին ուղղված դիմումները մնում են «ձայն բարբառո հանապատի» կարգավիճակում։
Այնպես որ, սիրելի մայրաքաղաքցիներ, չպիտի խաբվենք քաղաքի արտաքնահարդար շպարումներին, այլ մի լավ քննե՛նք, զննե՛նք, թե ում ենք ընտրում, որ նորից կոտրած տաշտակի առաջ չհայտնվենք։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ