ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

«Ո՞Ւր է, ով մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ով գերեզման, քո հաղթությունը»

«Ո՞Ւր է, ով մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ով գերեզման, քո հաղթությունը»
14.05.2013 | 01:28

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԵՎ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Քանի որ Հիսուս Քրիստոսի Համբարձման ու Սուրբ Հոգու գալստյան տոներն իրարից ընդամենը տասն օր է բաժանում, որոշեցինք այս անգամ այդ երկու կարևորագույն տոների մասին գրել մեկտեղ, որպեսզի ընթերցողը առավել խորությամբ ըմբռնի դրանց նշանակությունը։
Սկսենք Հիսուսի համբարձումից, որը տեղի ունեցավ Իր հրաշափառ հարությունից ուղիղ քառասուն օր անց։
Աշխարհի բոլոր կրոններն ունեն իրենց հիմնադիրները՝ Կրիշնա, Բուդդա, Մուհամեդ և այլն: Նրանց հետևորդները, ի նշան հարգանքի, երբեմն-երբեմն երկրպագության են գնում իրենց առաջնորդների շիրիմներին և… կանգ առնում հավիտենական պատնեշի առջև, քանզի մահվան վարագույրը նրանց բաժանում է միմյանցից: Իսկ ոսկորներով լեցուն անկենդան գերեզմանները հաստատում են Արարչի խոսքը` ուղղված ադամորդիներին. «Հող էիր, հողին պիտի վերադառնաս»: Դարերի ընթացքում հաճախ «իմաստուն» համարվածները ցանկացան խուսափել Աստծու կամքից և զմռսեցին իրենց թանկագին մեռելները: Զո՜ւր ջանքեր: Պողոս սրբազան առաքյալը դրանք «ծեփած գերեզմաններ» անվանեց: Մահվան անկուլ երախը ծեփո՞վ պիտի փակես, ով խղճուկ արարած:
Բայց գիտցի՛ր, ով մարդ, որ այդ հզոր մահվան վարագույրն արդեն պատռվել է Կյանքի զորությամբ, խաչյալ և հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, ով Իր մահով հաղթեց մահին: Եվ նույն Պողոս առաքյալը հաղթանակած աղաղակել է. «Ո՞Ւր է, ով մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ով գերեզման, քո հաղթությունը» (Ա. Կորնթ. 15. 55):
Իսկ եթե ուզում ես այցելել Քրիստոսի գերեզմանին և երկրպագել Նրան, ապա անիմաստ է ցանկությունդ: Այն դատա՜րկ է դեռ այն ժամանակվանից, երբ քեզ նման մի քանի հոգի նույնպես ուզեցին մահվան երրորդ օրը գնալ գերեզման և տեսան. «Քարը գերեզմանից մի կողմ է գլորված: Ներս մտնելով` Հիսուսի մարմինը չգտան: Եվ մինչ նրանք այդ բանի համար տարակուսանքի մեջ էին, ահա երկու մարդիկ լուսափայլ հանդերձներով երևացին նրանց: Եվ երբ կանայք զարհուրեցին և իրենց երեսները գետնին խոնարհեցին, այն մարդիկ ասացին նրանց. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարյավ» (Ղուկաս 24. 2-5):
Եվ Հիսուսը քառասուն օր բազում ապացույցներով երևաց յուրայիններին, վկայեց Աստծո արքայության մասին և Իր վերջին հորդորները տվեց՝ ասելով. «Ինձ համար վկաներ լինեք Երուսաղեմում և ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում մինչև երկրի ծայրերը»: Երբ այս բաներն ասաց, մինչ նրանք նայում էին, համբարձվեց: Մի ամպ նրանց աչքերից ծածկեց: Երբ աչքերը երկինք հառած նայում էին նրա հետևից, ահա ճերմակ հանդերձներով երկու մարդ նրանց մոտ կանգնեցին և ասացին. «Ով գալիլեացիներ, ինչո՞ւ եք կանգնել և երկինք նայում, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս» (Գործք առաքելոց 1. 8-11):
Այո՛, հիմա մեր Տերը մեզ հետ չէ, Նա փառքով համբարձվեց այս մեղավոր աշխարհից, բայց մեզ որբ չի թողել, ինչպես ոմանք են կարծում, այլ Հոր աջ կողմում նստած բարեխոսում է Իրեն հավատացողների համար, մինչև այն օրը, երբ երկնքում կհնչի ազդարարության փողի ձայնը, քանզի Նա նորից է գալու երկիր, բայց այս անգամ որպես ահեղ ու անաչառ դատավոր, որպես մաշող կրակ, ինչպես և գրված է. «Բայց այդ օրերին արեգակը պիտի խավարի ու լուսինն իր լույսը պիտի չտա: Եվ աստղերը երկնքից պիտի թափվեն ու երկնքի մեջ զորությունները պիտի շարժվեն: Այն ժամանակ Մարդու Որդուն պիտի տեսնեն ամպերով եկած, մեծ զորությունով ու փառքով: Այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծայրերից մինչև երկնքի ծայրերը» (Մարկոս 13. 24-27):
Այս ամենն ըստ Ավետարանի, իսկ այժմ որպես ականատես Համբարձման տոնի արարողության, որ կատարվել է Երուսաղեմի հենց այն վայրում, որտեղից վերջին անգամ Հիսուս Քրիստոսի սրբասուրբ ոտքերն այս մեղավոր աշխարհի հողին դիպան, որից հետո Նա երկինք համբարձվեց։

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՎԱՅՐԸ
Մտովի բարձրանանք Երուսաղեմի սակավաշատ բնության ամենագեղեցիկ վայրը՝ Ձիթենյաց լեռը, որտեղ չնայած աչքին հաճելի ոչինչ չենք տեսնի, քանզի այդ վայրում ոչ մի ծառ չկա, բայց և այնպես դա ճիշտ այն երկրային վայրն է, որտեղ վերջին անգամ կանգնեցին մեր Տիրոջ սուրբ ու ծակված ոտքերը: Իսկ թե ինչպես դա կատարվեց, քիչ առաջ արդեն կարդացիք վերը։
Եվ ըստ մարգարեության, Հիսուսի երկրորդ գալստի ժամանակ նորից Իր ոտքերը նույն տեղում պետք է կանգնեն, որտեղից Ինքը երկինք համբարձվեց։ Նախկինում այդ տեղը կոչվում էր Համբարձման եկեղեցի, և գրում եմ անցյալ ժամանակով, որովհետև այն այլևս չկա: Այդ տեղն այժմ արաբների տներով է շրջապատված, իսկ կողքին մզկիթի աշտարակն է տնկված: Այս նվիրական վայրում մենք՝ հայերս, նույնպես իրավունքներ ունենք, բայց այն կորցնելու եզրին ենք: Ինչո՞ւ. որովհետև ինչպես Կայենը նախանձից սպանեց իր Աբել եղբորը, այդպես էլ քրիստոնյա եղբայրները, այսինքն՝ հույներն ու լատինները, տեսնելով, որ մի ժամանակ Համբարձման լեռան վրայի սրբատեղը պատկանում է միայն հայերին, սկսեցին քաղաքական խարդավանքներ և ուժի լծակներ գործադրել: Իսկ այդ պատմությունը այս է: Խաչակիրների տիրապետությունից հետո, 1187թ. Երուսաղեմի իշխանությունը նորից անցնում է մահմեդականների ձեռքը, և Քրիստոսի Համբարձման եկեղեցին հերթական անգամ ավերվում է, բայց Տիրոջ ոտնատեղերը կրող քարի վրայի մատուռ-եկեղեցին, որը մոտ յոթ մետր տրամագծով ութանկյուն մի կառույց է, մնում է մինչ այսօր:
Այդ եկեղեցին հայոց սեփականությունն էր, բայց հայտնի չէ` ո՞ր դարից: Մեզ մոտ մնացել է սուլթանների կողմից տրված հրամանագիրը՝ ֆերմանը, որով արգելվում էր վանքին կից որևէ տուն շինել: Բայց մահմեդական իշխանություններն այս անգամ էլ հայոց միաբաններին բռնի արտաքսում են և վանքը ավերելով` կողքը մզկիթ են սարքում: Սուլթան Ահմեդ Ա-ի օրոք հայերը նորից կարողանում են արտոնագիր ստանալ, բայց ընդամենը պարիսպը վերականգնելու համար:
Համբարձման տեղի սրբավայրը այդպես էլ մնացել էր մինչև 1999 թվականը։ Բայց, ավա՜ղ, մեր ունեցած փոքրիկ հողակտորը, որտեղ ընդամենը մի սենյակ ունեինք պատարագին նախապատրաստվելու համար։ Այլ խոսքով ասած, քրիստոնեական աշխարհի այս սուրբ վայրում ունեցած այդ միակ տեղը Համբարձման լեռան գագաթին, նույնպես կորսվելու վտանգի տակ է։ Արաբներն էլ, օգտվելով առիթից, որ այդ տարածքում միայն իրենք են ապրում, ու ոչ մի հրեա կամ այլազգի չկա, «զոռբայությամբ» ջարդում են մեր սենյակի դռները ու միջի իրերը դուրս նետում։ Երբ բողոքեցինք տեղի իշխանություններին, գործը ավելի սուր ընթացք ստացավ, և այդ ընտանիք-ցեղախումբը, որի միայն տղամարդկանց քանակը հարյուրից անցնում է, գիշեր-ցերեկ հերթապահում էր այնտեղ, որ մեզնից մարդ չմոտենա: Եվ երբ մի քանի շաբաթ առաջ այնտեղ էինք գնացել, տեսանք, որ մեր դռան վերևում կիսալուսնի նշանն են տնկել ու առջևի մասում սրբատաշ քարերով շրջանաձև հրապարակ են սարքել:
Ըստ իս՝ վե՛րջ. այլևս Տիրոջ Համբարձման ոտնատեղերի վրա աշխարհի քրիստոնյաներս իսպառ կորցրինք մեր ունեցած իրավունքի վերջին հետքերը ևս, մինչև որ Տերն Իր օրհնյալ ոտքերով նորից կկանգնի այդ տեղում, որտեղից համբարձվեց երկինք, ինչպես որ մարգարեացել է Զաքարիան. «Այն օրը Նրա ոտքերը պիտի կանգնեն Ձիթենյաց լեռան վրա` Երուսաղեմի դիմաց, արևելյան կողմը» (Զաք. 14.4), և Նա ամեն մեկին իր վարձքը կտա՝ ըստ կատարած գործերի, սկսելով Իր ծառաներից, քանզի գրված է նաև, որ դատաստանը Աստծո տնից պետք է սկսվի: Այս բոլոր եղած տխուր դեպքերի աղբյուրը եղբայրական սիրո բացակայությունն էր, քանզի որտեղ չկա լույս, այնտեղ խավարն է իշխում, նմանապես՝ որտեղ չկա սեր, այնտեղ թշնամությունն է գործում, որից օգտվում են սատանան և իրենները:
Իսկ ըստ հին սուլթանական օրենքի, մինչև այսօր էլ մեզ և հույներին տարին երկու անգամ իրավունք է տրված Համբարձման տեղում սուրբ պատարագ մատուցելու, իսկ մնացածներին` միայն մեկ անգամ: Այդ օրը բոլոր եկեղեցիները պարսպապատ բակում, ամեն մեկը իրեն հատկացված բաժնում բացօթյա վրաններ են կանգնեցնում, և ամեն մեկն իր համար առանձին պատարագ է մատուցում: Այստեղ, այդ սուրբ օրը, աշխարհի այլ վայրերում չկրկնվող տխուր մի պատկեր է բացվում. բակի ձախ կողմում, պատկառելի մի տարածքում հայերն են «վրանավորվում», կողքի մի փոքրիկ հատվածում՝ ղպտիները, նրանց կողքին` ասորիները, իսկ աջ կողմում, ավելի ընդարձակ տարածքում՝ հույները: Եվ մոտավորապես նույն ժամին չորս տեղերում էլ սկսվում են պատարագները՝ ամեն մեկն իր լեզվով, իր ծեսով: Եվ տեսնելով ու լսելով այդ բոլորը՝ հոգիդ տակնուվրա է լինում, որ եղբայրական եկեղեցիները հասել են այն օրին, որ Տիրոջ Համբարձման օրը պառակտված ու օտարացած, տարբեր վրանների մեջ, բաց երկնքի տակ են տոնում, դրանով իսկ հայտնապես զանց առնելով միմյանց սիրելու Տիրոջ պատվիրանը:
Բայց դուրս գանք այս ճնշող միջավայրից: Բացի այդ օրերից, այստեղ արաբներն են «արածում», որովհետև Տիրոջ ոտնահետքերը տեսնելու և համբուրելու համար բոլոր այցելու և զբոսաշրջիկ քրիստոնյաները պարտավոր են արաբներին վճարել՝ յուրաքանչյուրը մեկական դոլար: Այո՜, այդպես է. երբ եղբայրները կռվում են, օգտվում են թշնամիները:
Հիմա խոսքը քեզ է ուղղվում, սիրելի ընթերցող հայորդի: Հավատա, որ Նա պիտի գա ու չպիտի ուշանա: Բա՛ց քո սրտի դռները և ընդունիր նրան որպես քո Փրկչի: Այսօր քանի ժամանակը քո ձեռքում է, մի արհամարհիր նրա անչափ քաղցրությունն ու համբերությունը, այլ քննիր քո անձը և տես ինչպե՞ս ես քո Տեր Աստծուն դիմավորելու` որպես Տեր ու Փրկչի՞, թե՞ որպես ահեղ ու անաչառ Դատավորի: Իմաստուն եղի՛ր և կյանքն ընտրի՛ր, որպեսզի ապրես:

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Իսկ այժմ կարդանք Հոգեգալստյան տոնի մասին։ Հիսուս Քրիստոսի հարությունից հիսուն օր անց կատարվեց այն, ինչ Տերն էր խոստացել Իր գնալուց առաջ. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ., ԺԴ, 15-17):
Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն Իր հրաշափառ հարությունից քառասուն օր անց համբարձվեց և ինն օր հրեշտակների ինը դասերում փառաբանվելուց հետո տասներորդ օրը նստեց Հոր աջ կողմում։ Այսինքն` հարությունից ուղիղ հիսուն օր անց, և այդ պատճառով Հոգեգալստյան այս տոնը նաև կոչվում է Պենտեկոստե, որ հունարեն պենտա՝ հինգ թվի նշանակությունից է սերվել, երբ հիսուներորդ օրը խոստացված Սուրբ Հոգին հրե լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա, որպեսզի նրանք, Սուրբ Հոգու իմաստությունը կարոտով ու զգուշությամբ ընդունելով, Նրանով առաջնորդվեն դեպի Ավետյաց երկիր, ինչպես ասում է Դավիթ արքան. «Քո բարի Հոգին ինձ պիտի առաջնորդի դեպի արդար երկիր» (Սաղմ. 142, 10):
Ինչպես Աստված փակեց դրախտը բոցեղեն սրով և պահեց կենաց ծառի ճանապարհը, այնպես էլ այս օրը կրակի նմանությամբ Սուրբ Հոգին առաքվեց՝ պահելու և պարսպապատելու համար սուրբ Եկեղեցին, որ սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, քանզի սատանան Սուրբ Հոգու կրակից հույժ սարսափում է:
Այս օրվա համար գրված է. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին»: Առաքյալները, պահելով Տիրոջ հրամանը, այդ օրերին Երուսաղեմում էին գտնվում՝ ըստ այս խոսքի. «Նստեցե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» (Ղուկ., 24, 49): Ըստ հրեական օրենքի՝ այդ օրը մեծ տոն էր, որի համար պետք է Երուսաղեմում ժողովվեին բոլոր հրեաները, այդ թվում նաև` նրանք, ովքեր այնտեղ էին եղել Քրիստոսի խաչելության օրը, որպեսզի Նրա անարգանքը տեսնողները տեսնեին նաև Նրա փառքը: Առաքյալներն ու մնացյալ աշակերտները Վերնատանն էին հավաքվել, երբ Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ նրանց վրա, և սկսեցին տարբեր լեզուներով խոսել:
«Առաքյալները խոսում էին մի լեզվով, սակայն լսողներից յուրաքանչյուրը լսում էր իր լեզվով: Եվ այդ հրաշքներն անհավատների համար էին լինում, ոչ թե առաքյալների» (Սբ. Գրիգոր Նյուսացի):
Իսկ Գրիգոր Աստվածաբանն ասում է, որ երբ հարկ էր լինում որևէ լեզվով խոսելու, խոսում էին և ամեն մի ազգի քարոզում էին նրա իսկ լեզվով, որպեսզի շնորհը լինի խոսողինը և ոչ թե լսողինը: Իսկ երբ Պետրոսը Երուսաղեմում Սուրբ Հոգու իջման օրը հրեաներին քարոզեց, ուր բոլոր ազգերից էլ հավաքվել էին, քարոզեց եբրայերեն, որովհետև բոլորն էլ հրեաներ էին, ինչպես «Գործք առաքելոցում» է գրված. «Եվ կային Երուսաղեմում բնակվող հրեաներ, երկյուղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից» (Գործք, Բ, 5): Եվ բոլոր ժողովուրդները լսեցին օրհնություն ու փառաբանություն նրանցից, ովքեր Վերնատանն էին հավաքվել, ու բոլոր լեզուներով Աստված էր օրհնվում:
Իսկ, ըստ Տերտուղիանոս աստվածաբանի, այդ օրը Երուսաղեմում նաև հայորդիներ են եղել, քանզի Տիրոջ խոսքն ասում է, որ երկնքի տակ եղող բոլոր ազգերից էին ներկա։ Եվ «Գործք առաքելոց»-ի 2-րդ գլխի 9-րդ համարի այս հատվածում. «Պարթևներ, մարեր և իլամացիներ, և նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում, Պոնտոսում և Ասիայում…», Հրեաստանում բառի փոխարեն պետք է կարդալ Հայաստանում, քանզի Հոգեգալստի գործողությունը կատարվում էր հենց Հրեաստանում, ու, բացի այդ, մեր մերձակա բոլոր ազգերի անունները կան, բայց, չգիտես ինչու, Հայաստան անունն է բացակայում, ինչը անտրամաբանական է։
Ասենք նաև, որ Սուրբ Հոգու աստվածային խորհուրդը, որպես Սուրբ Երրորդության երրորդ անձ, մերժվում է Եհովայի վկաների կողմից, համարելով Նրան Աստծո զորություն ընդամենը։ Այժմյան եհովականները նախկինում արիոսական կոչվող հոգեմարտներին են հարում, իսկ Հոգեգալստական քրիստոնեական խմբավորումները միայն կենտրոնանում են զուտ այդ խորհրդի վրա և զանազան, մեր չիմացած լեզուներով խոսելը համարում են Սուրբ Հոգով լցված լինելու միակ չափանիշ, ինչը թյուր կարծիք է։
Իսկ մենք ավարտենք Սուրբ Հոգու հոգեգալստի մասին խոսքը Ներսես Շնորհալի հայրապետի աղոթքով.

Հոգի՜ Աստծո, Աստված ճշմարիտ,
որ իջար Հորդանան և Վերնատուն
և լուսավորեցիր ինձ
սուրբ ավազանի մկրտությամբ,
մեղա՜ երկնքի և Քո առաջ,
մաքրիր ինձ վերստին Քո
աստվածային հրով,
ինչպես հրեղեն լեզուներով՝
սուրբ առաքյալներին.
և ողորմի՜ր Քո արարածներին
և ինձ՝ բազմամեղիս:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ