Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փակ շուկա. ճարտարապետական և պետական օլիգոպոլիկ քաոսի նոր ռեքվիեմը

Փակ շուկա. ճարտարապետական և պետական օլիգոպոլիկ քաոսի նոր ռեքվիեմը
09.09.2013 | 11:48

Փակ շուկայի խնդիրը մեծ աղմուկ է առաջացրել։ Փաստորեն, պետությունը չի կարողանում պահպանել հուշարձաններն օլիգարխներից։ Ըստ «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ միգուցե պետությունը բավարար գումար չունի պահպանելու, բայց պետությունը իրավասու է ստեղծել օրենսդրական կայուն դաշտ և այն կիրարկել, ինչը չի անում և չի պարտադրում, որպեսզի այդ հուշարձանը պահպանելու հոգսերը հոգան շենք-հուշարձանը ձեռք բերած անձինք։ ՙՍա է ամբողջ խնդիրը։ Պետությունն ասում է, ո′չ, և վերջ։ Մանավանդ երբ կառավարության պատկան մարմինները պնդում են, որ ապօրինի են գործողությունները, կառույցը ձեռք բերած անձի ձեռքից պետք է վերցվի, և վերջ։ Ինչո՞ւ լիազոր մարմինն այն չի արել, և շենքի ապօրինի քանդումը շարունակվել է։ Երևանի քաղաքապետարանը նույնպես պատասխանատու է ապօրինի շինարարությունը կասեցնելու հարցում։ Քաղաքապետարանն իրավասու է ուղղակի և կարծր միջամտություն կատարել և ապօրինությունը վերացնել, ինչո՞ւ դա չի արել։ Իսկ միգուցե ոչինչ էլ ապօրինի չէր, և որոշ պայմանավորվածություններ կային պատկան մարմինների հետ։ Եվ ի վերջո, ինչո՞ւ է մերժվել շենք-հուշարձանի գործով քրեական գործ հարուցելու հարցը՚։

Ըստ Մարիամ Խաչատրյանի՝ Հայաստանում հուշարձանների պահպանման օրենսդրական դաշտը թերի է, և այն չի համապատասխանում կապիտալիզմի հասարակարգին։ ՙԴրան էլ գումարվում է այն փաստը, որ Հայաստանում մասնավոր սեփականության իրավունքի պարտականություններն անկատար են։ Իհարկե, կառավարությանն ու ներդրողներին ձեռնտու չէ կատարյալ դարձնել հուշարձանների պահպանության օրենսդրությունը և այն կիրարկելի դարձնել, բայց մեխանիզմներ և մեթոդներ ամեն դեպքում պետք է լինեն անգամ այսպիսի թերի դաշտ ունենալու պայմաններում, որպեսզի Հայաստանը կարողանա առավելագույնս պահպանել հուշարձանը, և ոչ թե մի պաշտոնյան մյուսի վրա գցի մեղավորությունը, հերքի իր մեղքը, և միակ մեղավորը դառնա օլիգարխը։ Մեղավորներին հետո կփնտրեն, իսկ հիմա քաղաքում հուշարձանները պահպանելու խնդիր կա, և դա մեծ մասշտաբով է՚,- նշում է մասնագետը։

Իսկ ի՞նչ անել, որ այդ պահպանությունը լինի օպերատիվ և որակով։ Մարիամ Խաչատրյանն ընդգծում է, որ ամեն շենք-հուշարձան իր անձնագրում պետք է ունենա պատճառաբանում, թե ինչու է այն դարձել շենք-հուշարձան. ՙԴա է, որ շենքի մշակութային, պատմական, ճարտարապետական, քաղաքաշինական և այլ արժեքները կընդգծի և կսահմանի պահպանումը, կսահմանի նաև տվյալ շենքի հնարավոր օգտագործման և վերակառուցման թույլատրելի ձևերն ու դրույթները։ Եվ այդ արժեքները պահպանելու ամենախիստ պայմանները պետք է դրվեն շենք-հուշարձանը ձեռք բերողի և օգտագործողի առջև։ Եթե դա լիներ, Փակ շուկան ձեռք բերող անձը կտեսներ, որ այդ կառույցի ներսն է պետք պահպանել, քանի որ ներսն է արժեքավորը, այլ ոչ թե շուկան ավերելուց հետո ասեին՝ դոrսը թողել ենք, էլ ի՞նչ եք ուզում։ Հայաստանում ընդունված է այդ աբսուրդ մոտեցումը, և այն համարվում է նորմալ։ Երևանում լավագույն դեպքում պահպանում են դրսի ճակատը՝ համարելով դա պահպանություն։ Հայաստանում ամեն ինչ աբսուրդի է հասել։ Ինչ վերաբերում է պայքարին, այն պետք է արվեր առաջին օրից։ Այդ պայքարն ավելի շատ պետք է դառնա վերահսկողություն ժողովրդի կողմից, քանի որ պետական մարմինները դա չեն անում։ Իհարկե, մասնագետները պետք է ուղղորդեն այդ պայքարը, որպեսզի ժողովուրդն իմանա՝ որ կետերն են խոցելի, և մասնագիտորեն ավելի տեղեկացված լինի։ Բայց այսօր Հայաստանի մասնագետները լռում են, նրանք կամ վախեցած են, կամ հավես չունեն, կամ էլ որոշակի շահեր ունեն և պետք է լռեն։ Այդ է պատճառը, որ ժողովուրդը դառնում է անզոր։ Ինչ վերաբերում է շենքը մեկ օլիգարխի հանձնել-չհանձնելուն, գիտեք՝ ճարտարապետների մոտ այսօր նոր մոդա է, իրենց անհաջող լուծումները գցում են օլիգարխների վրա, նույնն էլ անում են նախարարության և քաղաքապետարանի աշխատողները։ Շենք-հուշարձանն օլիգարխին հանձնելիս այն պետք է հանձնվի անհրաժեշտ պահպանման տարրերը ներկայացնող փաթեթի հետ։ Արդյոք դա արվե՞լ է։ Նախագիծը պետք է արվի քաղաքապետարանի և հուշարձանի պահպանման իրավասու մասնագետների հետ, որպեսզի կարողանան ճիշտ լուծումներ տալ շենք-հուշարձանին։ Արդյոք դա արվե՞լ է։ Եթե լուծումները չլինեն ուղղված շենքի արժեքավոր մասերի պահպանմանը, մասնագետները պետք է աշխատանքից ազատվեն։ Օրինակ, Նարեկ Սարգսյանը նշում է, թե կամարաշարի 50 տոկոսը քանդվեց՝ շարժասանդուղքները տեղադրելու համար։ Ճարտարապետներն ու մասնագետներն ինչի՞ համար են. ոպեսզի շենքի արժեքավոր մասը՝ կամարները, պահպանե՞ն, թե՞ քանդեն։ Թող այնպիսի լուծում տային, որ կամարները չքանդվեին, և վերջապես, թող այդ շարժասանդուղքները դրսից դնեին։ Ինչպես տեսնում եք, այս ամենի մեղավորը մեկ օլիգարխ չէ։ Ժողովրդին պետք է նաև բացատրվի յուրաքանչյուր շենք-հուշարձանի արժեքը, որպեսի մարդկանց մոտ հպարտության զգացողություն առաջանա այդտեղ ապրելու, աշխատելու, այցելելու համար, այլ ոչ թե շենքին նայեն որպես հին, որդոտած կառույցի։ Ըստ էության, պետությունը պետք է դա արժևորի, բայց քանի որ պետությունը դա չի անում, պետք է կատարվի լրատվամիջոցների միջոցով։ Եվ եթե օլիգարխն այսպիսի անսահման ապօրինություններ է կատարում ճարտարապետության և քաղաքաշինության մեջ, նաև մասնագետների սխալն է, որ չեն առաջարկում խելամիտ լուծումներ։ Ի՞նչ է նշանակում՝ ներդրողն ուզում է այս կամ այն տարածքը, ներդրողը շատ բան կարող է ուզել, մասնագետները, կառավարությունը, քաղաքապետարանն ինչի՞ համար են. ոպեսզի ներդրողին համոզեն՝ շահավետ պայմաններ ստեղծի այն տարածքների համար, որոնք քաղաքապետարանն ուզում է զարգացնել։ Մի խոսքով, պետք է գրագետ ռազմավարություն մշակել, այլ ոչ թե գլխավոր ճարտարապետը և ոլորտի մասնագետներն ասեն՝ եկեք, ով ինչ ուզում է, տալիս ենք, ու ավելի շատ մտածեն ժողովրդին մոլորեցնելու և տարածքները վերցնելու մասին։ Դա ռազմավարություն չէ, դա խաղ է առանց կանոնների։ Դրա համար էլ չմտածված, ոչ խելամիտ գործունեության պատճառով Երևանում քաղաքաշինական քաոս է առաջացել։ Իսկ եթե այդ քաոսը շարունակվի, ուրեմն թող Բաղրամյան 26-ը պատրաստվի, որ այդ հասցեն զիջի Սամվել Ալեքսանյանին՝ նոր ՙՍիթի՚ կառուցելու համար։ Տարածքը հարմար է, տրանսպորտային հանգույց է, նորմալ խանութ չկա շրջակայքում, բարձրահարկերը շատ են և այլն՚։

Մարիամ Խաչատրյանը ցավով նշում է, որ Փակ շուկա շենք-հուշարձանն էլ հետ չի բերվի. ՙԵս չեմ հավատում, որ այն կվերականգնեն իր տեսքով։ Բայց սա թող լինի մի սկիզբ, որ ժողովուրդը պատկան մարմիններից պահանջի հուշարձան շենքերի մասին օրենքի կատարելագործում և նոր արդյունավետ մեխանիզմների ու մեթոդների ստեղծում Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններին համապատասխան, որ որպեսզի Երևան քաղաքը կարողանա պղծումից, օլիգարխների ոտնձգություններից և իհարկե, քաղաքապետարանի և մշակույթի նախարարության դիմակավորված աշխատակիցների գործողություններից պահպանել իր մյուս հուշարձանները՚։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ