Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեր մայրաքաղաքի հազարամյա պատմության լուռ վկաներից մեկը

Մեր մայրաքաղաքի հազարամյա  պատմության լուռ վկաներից մեկը
31.03.2015 | 13:45

Դպրոցական տարիներին պատմությանս ուսուցչուհին ամեն անգամ Այրարատի (Վանի) թագավորության մասին խոսելիս նշում էր, որ պատմաբանները նրա հայկական ծագում ունենալու հարցի վերաբերյալ տարակարծիք են: Բայց չէ՞ որ նրա փոքրիկ վկաներից մեկը գտնվում է հենց Երևանի սրտում և կանգուն է առայսօր: Հազարամյակների պատմություն ունեցող փոքրիկ այդ կառույցը բրոնզեդարյան դամբարան է` թվագրված Ք. ա. 8-րդ դարով, որի իրերի հարուստ հավաքածուն Էրեբունուց և Արգիշտիխինիլիից հայտնի վաղ թվագրվող նյութերի հետ կազմում է Վանի թագավորության Ք. ա. VIII դարի նյութական և հոգևոր մշակույթի մասին պատկերացում տվող արժեքների մի փոքրիկ խումբ:
Այն գտնվում է Արշակունյաց պողոտայի մոտ, «Երևան մոլ» առևտրի կենտրոնի ձախ պատի հարևանությամբ: Նրա գոյության մասին առաջին անգամ իմացել են 1984-ին «Ավտոագրեգատ» գործարանի տարածքում (ներկայիս «Երևան մոլ» առևտրի կենտրոնի տարածքում) շինարարական աշխատանքների ժամանակ, որն այնուհետև պեղել է ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական ջոկատը: Պարզվել է, որ դամբարանը բիայնական է և կառուցվել է մի հին ու մեծ դամբարանադաշտում: Այստեղ, բացի այդ դամբարանից, բացվել է նաև մեկ վաղ բրոնզեդարյան քարարկղային թաղում, որից մի փոքր հեռու պեղվել է միջին բրոնզեդարյան մեկ այլ դամբարան: Բացի այս, վերոհիշյալ դամբարաններին հարող տարածքում գտնվել է Ք. ա. I հազարամյակի սկզբներով թվագրվող խեցեղեն:
Այսպիսով` պեղված բիայնական դամբարանը 3,46 մ երկարությամբ, 1,97 մ լայնությամբ և 2,15 մ բարձրությամբ (ներքին չափերով) ուղղանկյունաձև կառույց է` հյուսիս-հարավ կողմնորոշմամբ: Դամբանախցի հատակը շարված է լավ տաշված սև, կարմիր, մուգ շագանակագույն տուֆե սալերով, որոնց տակ հարմարեցված են երեք գաղտնարանները: Հինգ շարք բարձրությամբ պատերը կառուցված են տուֆե սրբատաշ քարերով: Դամբանախցի հինգ որմնախորշերից երեքը կառուցված են արևմտյան պատի մեջ` հատակից բարձր 0,44 մ (0,50 մ X 0,50 մ չափսերով): Նույնանման որմնախորշ կառուցված է հարավային պատի մեջ: Արևելյան որմնախորշն ավելի մեծ է (հատակից բարձր է 0,44 մ): Որմնախորշի վերին մասը կազմված է տուֆե մեկ հեծանից, որն իր վրա է կրում դամբանախցի ծածկի սալերի ծանրության մի մասը: Որմնախորշի երկարությունը 2,06 մ է, բարձրությունը՝ 1,22 մ, խորությունը՝ 1,01 մ: Դամբարանի պատերի շարվածքի վերջին՝ հինգերորդ շարքը մի փոքր (0,13-0,18 մ) առաջ է եկած՝ խցի գրեթե ամբողջ պարագիծն ընդգրկող քիվի ձևով, որի վրա (դամբարանի հյուսիսային կողմում) նստած են մեծ տուֆե ծածկի հինգ հեծաններ (բարձր.՝ 0,37-0,64 մ, լայն.՝ 0,45 մ)` գցված դամբարանի լայնքով՝ արևմուտքից արևելք: Արևելյան որմնախորշն ունի առանձին ծածկ՝ կազմված երկու այլ, միանման քարե հեծաններից` գցված դամբարանի երկայնքով՝ հյուսիսից հարավ: Դամբանախցի մուտքը (բարձր.՝ 1,29 մ, լայն.՝ 0,75 մ, խոր.՝ 0,54 մ), որը գտնվում է կառույցի հյուսիսային կողմում, դրսից ամուր փակված է մեծ տուֆե սալաքարով: Դեպի մուտք տանող միջանցքի (դրոմոսի) չափերը և հորինվածքը հնարավոր չի եղել որոշել, քանի որ այն ընկած է եղել այն ժամանակ գործող գործարանի արտադրամասի շենքի սյան տակ:
Դամբարանն աչքի է ընկել իր հարուստ նյութով: Արևմտյան պատի երեք որմնախորշերում դրված են եղել մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով, արևելյան մեծ որմնախորշում՝ ցլի գլխի արձանիկներով զարդարված մի մեծ կավանոթ, ինչպես նաև մի թաս, որի հատակի վրա պահպանված է եղել նապաստակի պատկերով կնքադրոշմ: Դամբարանի մյուս խեցեղեն նյութն առյուծի գլխի ձևով հարդարված ծորակով սափորն է: Հայտնաբերված աճյունասափորներից երեքի ուսերին գայլիկոնված են եռանկյունաձև դասավորված երեքական, իսկ մյուս երկուսի վրա՝ երկուական անցքեր, ինչը, Բ. Կուֆտինի կարծիքով, բացատրվում է հոգու անմահության մասին եղած պատկերացման գաղափարով, որը վերջնականապես չի լքում հանգուցյալի աճյունն անգամ նրա այրումից հետո: Երեք գաղտնարաններից առաջինը հայտնաբերվել է դամբանախցի արևմտյան պատի մոտ գտնվող հատակի սալաքարերի տակ: Այստեղ պահված են եղել բրոնզե կապարճի բեկորներ, թաս, ագաթե հուլունքներ, գրիֆոնի և կիսալուսնի պատկերներով հարդարված մի կնիք: Երկրորդ գաղտնարանը հայտնաբերվել է դամբարանի արևելյան պատի հատակի սալերի տակ: Այստեղից գտնվել են միայն մի քանի օձագլուխ ապարանջաններ: Երրորդը կառուցված է եղել արևելյան մեծ որմնախորշի հատակի տակ, որտեղ թաքցված են եղել երեք տարբեր գոտիների ու ձիասարքի մասեր, օձագլուխ ապարանջաններ, երկաթե սուր, դանակ, դաշույններ, բրոնզե գամեր, մեկ դույլ և այլ իրեր: Դամբարանում հայտնաբերված իրերի թվում մեծ խումբ են կազմում զենքերը, որոնց մեջ առանձնանում է 0,90 մ երկարություն ունեցող երկաթե սուրը: Գտնվել են նաև երեք, այսպես կոչված, առաջավորասիական տիպի դաշույններ: Դամբարանի գաղտնարաններում հայտնաբերված իրերի թվում մեծ խումբ են կազմում նաև ձիասարքի մասերը՝ սանձեր, ճակատակալ, զանգակներ, վահանակներ, ճարմանդներ: Ձիու ճակատակալը սեղանաձև բրոնզե թիթեղ է՝ հարդարված երկու հորիզոնական և մեկ ուղղահայաց ուռուցիկ գծերով: Ճակատակալի վրա արված են երկու անցքեր՝ այն ձիու հանդերձանքի մյուս մասերին ամրացնելու համար: Մեզ Վանի թագավորության տարածքից այժմ հայտնի են բազմաթիվ ճակատակալներ, որոնք ճոխ նախշազարդված են, իսկ մի քանիսն ունեն առասպելական թեմաներով պատկերներ և ուսումնասիրողների կողմից հաճախ դիտվում են որպես Բիայնիլիի կիրառական արվեստի փայլուն նմուշներ: Երևանի դամբարանում գտնված բրոնզե իրերի մյուս խումբը կազմում են դույլը, թասը և գավաթի կանթերը: ՈՒշագրավ են Շվեյցարիայի և Լեզ Արքս թանգարաններում պահվող այն դույլերը, որոնցից մեկի վրա փորագրված արձանագրությունում հիշատակված են Վանի թագավորությունում Ք. ա. IX դարի վերջին քառորդում գահակալած Իշպուինի արքայի և Նրա թոռան՝ Ինուշպուայի, իսկ մյուսի վրա՝ միայն Իշպուինիի անունները: Հիշատակված առաջին արձանագրությունն աքքադերեն է: Դամբարանում գտնված իրերի թվում մեծ խումբ են կազմում նաև բրոնզից և կիսաթանկարժեք քարերից պատրաստված զարդերը. առանձնապես ուշագրավ է խոյի չորս գլուխների քանդակներով զարդարված բրոնզե շքասեղը: Հատուկ ուշադրության են արժանի դամբարանում գտնված երեք գոտիները, որոնցից առաջինը մասնատված է եղել բազմաթիվ բեկորների. գոտին լայն է (19 սմ) և ունեցել է մոտ 120 սմ երկարություն: Գոտու արտաքին մակերեսն ամբողջությամբ դրվագված է ինչպես առանձին կանգնած ոազմակառքերի, հեծյալների, ցուլերի, ձիերի և առյուծների պատկերներով, այնպես էլ որսի տեսարաններով. ներկայացված են ռազմակառքի վրա հարձակվող առյուծների և դրանց հետապնդող հեծյալների կերպարներ: Մյուս գոտին նույնպես դամբարան է դրվել մասնատված վիճակում: Գոտու վրա պատկերված են առասպելական տարբեր կենդանիներ, սրընթաց վարգող թևավոր ցուլեր, առյուծի թաթերով թևավոր ձիեր, թռչունի կտուցով կամ ձկան պոչով ու կանացի դեմքով թևավոր առյուծներ, ձկնապոչ և առյուծի թաթերով թռչուններ: Այստեղ ևս ներկայացված են որսի տեսարաններ. պատկերված են առյուծների ու ցլերի հետ մարտնչող որսորդներ (հեծյալներ կամ ռազմակառքերում կանգնած մարտիկներ), ինչպես նաև ձիու և ցլի, ցլի և առյուծի, ձիու և առյուծի միջև մենամարտի տեսարաններ: Երրորդ գոտին հարդարված է միայն երկրաչափական զարդանախշով: Պահպանվել է հինգ ոչ մեծ բեկորների ձևով, որոնց ընդհանուր երկարությունը 26 սմ է: Գոտու լայնքը 9,5 սմ է:
Դամբարանում գտնված մյուս ուշագրավ իրը գիշերաքարից պատրաստված կշռաքարաձև կնիքն է, որի աշխատող՝ ստորին հարթության վրա պատկերված է մի թռչուն, կտուցի մոտ՝ օձ: Ըստ երևույթին, թռչունի և օձի նման մենամարտերի տեսարանները վերարտադրում են ուրարտական առասպելաբանությունից նկարչին հայտնի՝ տիեզերական, բարի և չար ուժերի հավերժական պայքարի գաղափարը: Այսօրվա դրությամբ հայտնի են բիայնական բազմաթիվ կնիքներ, որոնք պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում: Բիայնական կնիքներն իրենց ձևով բաժանվում են չորս տեսակների՝ գլանաձև, կշռաքարաձև, զանգակաձև և կենդանակերպ արձանիկների ձև ունեցող: Դամբարանում գտնված իրերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս դրանք թվագրելու Ք. ա. VIII դարով: Թվագրության համար կռվան են ոչ թե մետաղե առարկաները, որոնց նմանակները հայտնի են նաև ավելի ուշ թվագրվող հուշարձաններից, այլ խեցեղենը:
Այսօր դժվար է ասել, թե որ քաղաքի բնակիչներն են թաղված եղել այս դամբարանում: Բանն այն է, որ դամբարանը գտնվում է Էրեբունուց բավականին հեռու: Հիմքեր կան ենթադրելու, որ Էրեբունի քաղաքի դամբարանադաշտը գտնվել է այժմյան Նոր Արեշ թաղամասի տարածքում: Երևանում գտնվող մեզ հայտնի բիայնական մյուս քաղաքը՝ Թեյշեբաինին, Ք. ա. VIII դարում դեռևս հիմնադրված չի եղել: Հետևաբար, կարելի է ենթադրել մի երրորդ քաղաքի գոյությունը Երևանի տարածքում, հատկապես որ բիայնական ոչ մեծ հուշարձաններ են հայտնի նաև Երևանի Չարբախ, Նորագավիթ թաղամասերից և Թումանյան փողոցից:
Ի դեպ, դամբարանների առկայությունն ինքնին վկայում է, որ տվյալ հասարակության մեջ արդեն եղել են պատկերացումներ հոգու և հանդերձյալ աշխարհի մասին: Երևանի դամբարանն իր ձևով և հորինվածքով համեմատաբար քիչ նմանակներ ունի: Բայց այստեղ դիտվող թաղման ծեսերը հայտնի են նաև մի շարք այլ բիայնական հուշարձաններից: Վանի թագավորության տարածքում տարածված է եղել թաղման երեք հիմնական ծես` դիաթաղում, դիակիզում, դիամասնատում` իրենց բազմաթիվ տարբերակներով: Երևանի դամբարանում թաղումները կատարվել են դիակիզման և դիամասնատման ծեսերով: Այդ են վկայում Երևանյան դամբարանի սափորներից մեկում հայտնաբերված հանգուցյալի աճյունը, իսկ մյուսում` մարդկային մանրատված ոսկորները: Ի դեպ, դիակիզման ծեսը, Հայկական լեռնաշխարհում հայտնի լինելով միջին բրոնզի դարից, հարատևել է մինչև քրիստոնեության մուտքը Հայաստան:
Վանի թագավորությունում ընդունված այս ժայռափոր դամբարանները սովորաբար կազմված են եղել մի քանի սրահներից, որոնցում դրվել են արքաների ու ազնվականության աճյունները` իրենց ունեցվածքով հանդերձ: Ինչպես վկայում են Վանա ծովակի շրջակայքից հայտնի հայկական ավանդությունները, որոնք ծագումնային կապ ունեն բիայնական ավանդությունների հետ, կյանքը հանդերձյալ աշխարհում նման է երկրայինին` հոգին այնտեղ կարիք ունի կերակրի, հագուստի, զենքերի, գործիքների, փոխադրամիջոցների:
Դամբարանները ժայռերում կառուցելու սովորույթը հավանաբար պայմանավորված է եղել այն պատկերացման հետ, որ երկրից դեպի հանդերձյալ աշխարհ տանող ճանապարհն անցնում է ժայռերի մեջ եղած բնական կամ արհեստական անձավների, ճեղքվածքների և, հնարավոր է նաև, «դարպասների» միջով: Այդ են վկայում թաղումների այն ձևերը, որոնք կատարված են ժայռերի ճեղքվածքներում և կամ արհեստական անձավներում: Այս առումով առանձնապես ուշագրավ է, որ եթե նույնիսկ թաղումը կատարվել է գետնի մեջ կառուցված դամբարանախցում, ապա վերջինս հաճախ պատվել է քարե «զրահով»:
Վանի թագավորությունում պատկերացում է եղել նաև այն մասին, թե աստվածները հաղորդակցվել են երկրային աշխարհի հետ` ելնելով ժայռերի միջից: Կարծիք կա, որ նման պատկերացման հետ է կապված այս կամ այն աստծուն (հիմնականում՝ Խալդիին) «դարպասներ» (ժայռի մեջ փորված արհեստական խորշեր) ձոնելու սովորույթը, որը տարածված էր Բիայնիլիում: Այդ հավատալիքը պահպանվում էր Հայաստանում մինչև վերջին ժամանակներս՝ կապված Մհերի «դռան» (բիայնական Խալդիի «դարպասների») պաշտամունքի հետ, «դուռ», որով Վանի ժայռի մեջ է մտել ու աշխարհից առանձնացել Փոքր Մհերը:
Այսօր Երևանյան դամբարանից պեղված իրերի մի մասը ցուցադրվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 16789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ