Պլաստիկ վիրաբույժ ԶԱՔԱՐ ԽՈՋԱԲԱՂՅԱՆԻ հետ զրուցում ենք հասարակական զարգացումների, տարբեր երևույթների մասին ձևավորված հասարակական ընկալումների շուրջ։
-Վերջերս Facebook-յան Ձեր էջում գրել էիք, թե հսկա մեքենա է լծված 100-րդ տարելիցի միջոցառումներն արժեզրկելուն։ Ինչի՞ց եք ստացել այդ տպավորությունը։
-Գիտե՞ք, իրականում շատ բան ավելի քան պարզ է։ Պատկերացրեք, Դուք Թուրքիայի ղեկավարն եք, որը, տիրապետելով հսկայական միջոցների, ունի այնպիսի խնդիր, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է։ Ի՞նչ պետք է անեք։ Իհարկե, օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ խեղդելու հայկական կողմից ձեռնարկվող բոլոր միջոցառումները։ Բնական է, անհնար է այդ ամենն անել Թուրքիայի անվան տակ, այդ իսկ պատճառով օգտագործվում են հնարավոր այլ ռեսուրսներ, օրինակ, բացվում են «եվրոպական հիմադրամներ», որոնք նպատակային դրամաշնորհներ են տրամադրում, օգտվելով տնտեսական շրջափակման արդյունքում Հայաստանում առկա որոշ ֆինանսական խնդիրներից. այդ դրամաշնորհները հաջողությամբ կարող են ծառայել իրենց նպատակին։ Սա ցավալի է, բայց փաստ։ Մյուս կողմից, իհարկե, բախվում ենք տեղական որոշ անգրագիտության ու քաղքենիության երևույթների հետ։ Ցավոք, մենք ունենք բացթողում. մեր նորանկախ պետության մեջ դեռ վերջնականապես լուծված չէ քաղաքացի դաստիարակելու հարցը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով պրոցեսի մասշտաբայնությունը՝ վստահորեն կարելի է ենթադրել, որ զուտ քաղքենիության կամ անգրագիտության հետ գործ չունենք, այլ հստակ ուղղորդվող և կառավարվող պրոցեսի։ Վաղուց հայտնի ճշմարտություն է, որը կա Սիոնի իմաստունների, Անտոնիո Գրամշիի Հեգեմոնիայի տեսության և այլ տեսությունների հիմքում՝ ինչպես քանդել որևէ երկիր և ստանձնել դրա կառավարումը։ Համաձայն դրանց՝ առաջնայինը, որ պետք է արվի՝ արժեզրկել տվյալ ազգի կամ պետության հենասյուները՝ հերոսներին, արժեքները, բարոյական կոնցեպտները և այլն՝ դրանք հետագայում փոխարինելով «նոր»՝ ժամանակակցի անվան տակ քարոզվող «արժեքներով»։ Այսօր մենք բախվում ենք այդ խնդրի հետ։ Եթե մի խումբ մարդկանց կողմից կարող ենք տեսնել 100-րդ տարելիցի ծրագրերի կառնավալիզացիա և բացատրել դա նրանց քաղքենիությամբ կամ տարրական անգրագիտությամբ, իսկ երբեմն էլ՝ չարչիությամբ և ամեն մի սրբություն վաճառելու պատրաստակամությամբ, ապա դիտելով, թե ինչպես են նման երևույթները լրատվական տարբեր խողովակներով մասսայականացվում, և դրան նաև գումարվում է որոշ «խելացիների» կողմից արդեն թվային ու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ արհեստական էսկալացիան (օրինակ, ֆոտոշոփի միջոցով պատկերների խմբագրումը և դրանց տարածումը ծաղրանկարների կամ իրականության անվան տակ), ինքնին պարզ է դառնում, որ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե պարզունակ երևույթների, այլ հսկայական մի համակարգի հետ։ Ցավով պետք է նշեմ, որ դեռևս կատարյալ չեն նման գործընթացներին դիմակայող մեր համակարգերը։
-Դուք ուսանում եք Ռուսաստանում, հետաքրքիր է, Ռուսաստանում տեղյա՞կ են Հայոց ցեղասպանության մասին, տեղի հայերն ինչպե՞ս են պատրաստվում հիշատակման միջոցառումներին։
-Ռուսաստանը Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում է, այդ առումով տեղի հայերը շահեկան դիրքում են այլ՝ չճանաչած պետությունների նկատմամբ, այն հաշվով, որ կարող են արդեն իսկ պետականորեն հաստատված փաստը վկայակոչել անհրաժեշտության դեպքում։ Սակայն դա դեռ բավարար չէ, որովհետև ինչպես և այլուր, երբեմն բախվում ենք այնպիսի խնդրի, ինչպիսին ժխտողականությունն է։ Օրինակ, բոլորովին վերջերս հայ աշակերտներից մեկը շատ վրդովված բողոքում էր, թե դասարանում ուսուցիչներից մեկն ասել էր, իբր չկա որևէ ցեղասպանություն. դուք դա հորինել եք։ Իհարկե, նման դեպքերը եզակի են, և արվել են համապատասխան քայլեր` հարցը լուծելու համար, սակայն երբեմն մտածում ես, որ իսկապես կարիք կա ժխտողականությունը քրեականացնող օրինագծերի մշակման։ Ինչ խոսք, այստեղ ևս չպետք է մոռանալ, որ թշնամին էլ քնած չէ, և իր լծակները նույնպես հասանելի են տարբեր երկրներում։ Այդուհանդերձ, տեսնում եմ նաև, որ ռուսական պետությունը ևս շահագրգռություն ունի նման երևույթների բացառման հարցում։ Ինչ վերաբերում է տեղի հայության կողմից կազմակերպվող միջոցառումներին, ապա այսօր ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում այս խնդրով զբաղվող մի շարք հայերի թվում նաև ռուսաստանաբնակ հայեր են՝ Լևոն Հայրապետյան, Ռուբեն Վարդանյան և այլք... Կարիք չեմ տեսնում թվելու բոլորի անունները։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ ցեղասպանության հարցի հետ կապված միջոցառումները պետք է բաժանել երեք մեծ խմբի. միջոցառումներ, որոնք միտված են հայապահպանությանը (չպետք է մոռանանք, որ ազգ համախմբող գործոններից է նաև ազգի ընդհանուր ցավը), միջոցառումներ՝ ուղղված արտաքին լսարանին, որոնք նպաստում են համապատասխան միջավայրի ձևավորմանը, և միջոցառումներ, որոնք ուղղված են բուն խնդրի լուծմանը։ Եթե տարիներ առաջ մենք պետություն չունեինք, և դիվանագիտական առաքելությունների բացակայությունը խանգարում էր հարցի լուծման դիվանագիտական լծակների կիրառմանը՝ հաճախ դրդելով ռազմական միջոցներով խնդիրն օրակարգում պահել, ապա այժմ, ունենալով անկախ պետականություն, կան բոլոր հիմքերը հարցը ոչ միայն դիվանագիտական, այլև որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ իրավական դաշտ տեղափոխելու։ Սա ներկայումս հարցի լուծման գերակա ուղղությունն է, և նշածս երրորդ կետի միջոցառումները պետք է ուղղված լինեն սրան ծառայելուն, այսինքն՝ պատրաստել գրականություն, թեկնածուական աշխատանքներ, արխիվային փաստաթղթերի վերլուծություններ, պատմական, իրավական, ֆինանսական և այլ հաշվետվություններ, որոնք մեծապես կօժանդակեն դատարանում։ Սակայն, ցավոք, շատ հաճախ հիմնական միջոցառումները սահմանափակվում են առաջին երկու՝ հայապահպան և հանրայնացման միջոցառումների կազմակերպմամբ, որոնց մեջ մտնում են տարբեր հավաքներ, երթեր, ցուցահանդեսներ, հուշ-երեկոներ, ֆլեշմոբեր և այլն։ Ինչ-որ առումով կարելի է հասկանալ նման մոտեցումները՝ դա բացատրելով շատ հաճախ երրորդ կետի և դրա կիրառման մեխանիզմները հստակ չպատկերացնելով և անբավարար տեղեկացվածությամբ։ Այդուհանդերձ, հուրախություն մեզ, պետք է նշեմ, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են հատկապես իրավական թեմային վերաբերող ծրագրերը։ Այնուամենայնիվ, արդար լինելու համար պետք է շեշտել, որ այս հարցում ևս դեռ հսկայական աշխատանք կա կատարելու, քանի որ շատ հաճախ բախվում ենք մի երևույթի, որի պատճառը եթե դարձյալ անգրագիտությունը չէ, ապա վստահաբար պետք է միտումնավորություն փնտրել։ Օրինակ, վերջերս մամուլում հանդիպեցի մի հայտարարության, որն արվել էր Ֆրանսիայում կազմակերպված միջոցառման ժամանակ, որտեղ եզրակացությունների տեսքով հրապարակվել էր, թե հիմնական ուղին Թուրքիայից պահանջելն է, որպեսզի հայերը իրավունք ունենան վերադառնալու այնտեղ ապրելու։ Ինձ համար առնվազն անհասկանալի է, որ նույն երիտասարդի (կամ նրանց ուղղորդող այլ ուժի) այդ գաղափարների հանրայնացումը երբեմն կարող է ֆինանսավորվել հենց պետության կողմից, քանի որ դրանք իրականում ստորադասում են հենց պետության դերը հարցի լուծման մեջ։ Ավելին, անտեսվում են հողային պահանջատիրության բոլոր գործոնները, որոնցից առանցքայինը, թերևս, Վիլսոնի Իրավարար վճիռն է։ Այս ամենը հասկանալու համար առավել մանրամասն վերլուծություն է անհրաժեշտ։ Շատ հաճախ պատճառները դարձյալ անգրագիտությունն ու այսպես կոչված ֆուտլյարիզմն են։ Այդ վերջին տերմինը, ըստ իս, բավականին տիպիկ է բնութագրում ներկայումս հիվանդագին դարձած այն երևույթը, երբ ավելի շատ փորձ է արվում գործի իմիտացիա ստեղծելու, քան գործ անելու։ Արդյունքում առանց խորանալու որևէ հարցի բովանդակության մեջ, բախվում ենք տարրական պոպուլիստական դատարկ PR-ի։
-Քարդաշյանի այցը տարբեր քննարկումների առիթ դարձավ։ Հետաքրքիր է, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ այցելությանը։
-Անկեղծ ասած, չէի ցանկանա լինել այդ թեմային անդրադարձող հերթական անձը։ Եվ կուզեի՝ այս հարցն ընդհանրապես չտրվեր ինձ, բայց այնուամենայնիվ փորձեմ ձևակերպել մտքերս նաև այս հարցի շուրջ։ Մեր նորանկախ պետության գոյության ընթացքում մենք այն աստիճանի ենք կարևորել շոուբիզնեսի դերը մեր կյանքում, որ շոուն և բիզնեսը շատերի համար ոչ թե որպես միջոց, այլ մինչև անգամ կյանքի իմաստ են դարձել։ Այսօր բախվում ենք մի իրականության, երբ մեզ մոտ շոուն և բիզնեսը արդեն դիագնոզ են... Վերջերս համացանցում մեկը կատակով նշել էր, թե Քիմին կտանեն ԱԺ՝ փորձի փոխանակման։ Սա ցավով եմ ասում, բայց շոու սարքելու տեսանկյունից այսօր որոշ քաղաքական գործիչներ, մեղմ ասած, չեն զիջում Քիմին։ Մտերիմներիցս մեկը, ում ժամանակին քննադատել էի ազգային ընտանիքը ծաղրելու համար, երեկ հարցնում էր, թե ո՞ւր են այն մարդիկ, ովքեր ժամանակին մեր դեմ էին խոսում, ինչո՞ւ են հիմա լռում, երբ այսօր ազգային տարազով, աղ ու հացով դիմավորում են Քիմին։ Իհարկե, այդ մարդիկ նույն կերպ իրենց վրդովմունքն են հայտնել նաև այս հարցի կապակցությամբ, բայց այստեղ խնդիրը դարձյալ ավելի խոր է։ Մամուլում կարդում եմ, թե մի երկրպագու Քիմին բնորոշել է որպես իսկական հայուհու։ Հիմա ասացեք, խնդրեմ, ո՞վ է մեղավոր, որ այդ երկրպագուն, քսան տարուց ավելի, հումորային հաղորդումների, հեռուստաշոուների, լրատվականների, տարբեր հանդեսների միջոցով լսում և ճանաչում է միայն նման հայուհիների։ Չե՞ն տեսնում արդյոք իրենց մեղքի բաժինը նույն մեր մեկնաբանները, հումորիստները և հանրային կարծիք ձևավորող ֆիգուրներն այն հարցում, որ Սոսե մայրիկին, Այծեմնիկին, Փառանձեմ, Խոսրովանույշ, Զապել թագուհիներին և այլ իսկական հայուհիներին տեղական արտադրության ֆանատները ճանաչում են հումորներում և անեկդոտներում ծաղրվելու արդյունքում՝ որպես ծաղրի հիմնական թեմա։ Ո՞վ է մեղավոր, որ երկար տարիներ քաղաքացի, հայ, հայրենասեր դաստիարակելու փոխարեն տարբեր համակարգեր ԶԼՄ-ների և այլ մեխանիզմների միջոցով առավելապես ցինիզմ էին սերմանում, և այսօր էլ դեռ իսպառ չի վերացել այդ միտումը։ Հիմա հնձում եք այն, ինչ այսքան տարի ցանում էիք։ Ոչ ոք իրավունք չունի արգելելու որևէ հայի ծառայել իր հայրենիքին։ Բայց արդյո՞ք հայրենիքի հանդեպ կատարած պարտականության դիմաց տվյալ անձերը պետք է դառնան սերունդ դաստիարակող կերպարներ։ Այսօր ցանկացած հայի դերն ու հնարավորությունները պետք է մաքսիմալ ծառայեն հայ ազգի հզորացմանն ու Հայաստանի զարգացմանը՝ ընդհուպ մինչև բռնազավթված հայրենիքի ազատագրմանը։ Բայց դարձյալ մենք առավել հակված ենք գլխավորը ստորադասելու երկրորդականին և առավելապես արժևորելու ոչ թե գործը, այլ դրա իմիտացիան։ Անշուշտ, Քիմի հանրային կերպարը պետք է մաքսիմալ օգտակար ծառայեցնել հայրենիքին։ Բայց, մյուս կողմից, պետք չէ գերագնահատել և ֆետիշացնել որևէ մեկ միջոց՝ այն վերածելով նպատակի։ Այսօր Հայկական հարցի լուծման համար միջոցներ չխնայող Լևոն Հայրապետյանն անազատության մեջ է, քանի՞ լրատվամիջոց է այս հարցն օրակարգում պահում։ Մեր պետության սահմանների պաշտպանության համար զինվոր ենք կորցրել նույն օրը, բայց լրատվական կայքերում առաջին էջերին ավելի շատ կարդում ենք Քիմի զբոսանքի, կամ նրա քրոջ բարձրակրունկի մասին։ Հայոց հարցի լուծման համար իր կյանքն անգամ վտանգած մեր հայրենակից Համբիկ Սասունյանը 30 տարուց ի վեր անազատության մեջ է։ Թուրքական ծառայությունները դատի ժամանակ նրան ազատելուն ընդդիմանում են՝ պնդելով, թե Համբիկին հերոսացնում են իր հայրենիքում։ Հարցում անցկացրեք փողոցում, քանի՞սն են տեղյակ Համբիկի մասին։ Մենք պետություն էինք կորցրել, բայց մեր ազգի հսկա զանգվածի շահերը սփյուռքում պաշտպանում էին մի խումբ երիտասարդներ, ովքեր հայկական սփյուռքի կազմակերպման մեջ առավել մեծ դերակատարում ունեցան, քան շատ համակարգեր անգամ։ Այսօր նրանցից շատերն օրվա հացով ապրող համեստ մարդիկ են, որոնց մասին շատերն անգամ տեղյակ չեն։ Սա է խնդիրը։ Արժեքներն ու երևույթները մենք սովոր ենք խառնելու։ Լևոն Հայրապետյանի ձերբակալության շուրջ պետական պաշտոնյան կարող է արտահայտվել, թե այսօր Լևոնին են բռնել, վաղը Սիմոնին կարող է բռնեն, մենք ի՞նչ կապ ունենք, մինչդեռ, մյուս կողմից, մի ամբողջ համակարգ Քիմի մեկ այցը գրեթե համահավասարեցրեց Ազնավուրի, Հայրապետյանի, Վարդանյանի, հայ ազգի մի շարք նվիրյալ զինվորների և այլոց արած տարիների աշխատանքին։ Արդյո՞ք սա արդարացված է։ Կարծում եմ՝ դարձյալ բախվում ենք նույն՝ ֆուտլյարիզմի խնդրին։ Ցավով եմ նշում, բայց մուրացիկի, ուզողի կերպար է ձևավորվել մեր հասարակության մի ստվար զանգվածի մեջ։ Շատ դեպքերում, մինչև անգամ պետական մակարդակով, անձը կարող է հետաքրքրել առավելապես նրանից ստացվող օգուտի տեսանկյունից և անտեսվել, երբ նա ինքն ունի այդ օգնության կարիքը։ Եվ այստեղ շատ տրամաբանորեն բախվում ենք այն խնդրին, որը առաջին հայացքից լուծում չունի։ Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ պնդում են, թե իրենք, օգնելով և օժանդակելով հայրենիքին, պետք է թելադրեն շատ ստրատեգիական հարցեր։ Մյուս կողմից` պետությունը, որպեսզի իրավունք ունենա պնդելու տեսակետ սփյուռքի նկատմամբ, պարտավոր է ոչ միայն ցուցակագրել կարող հայերին, այլև հոգ տանել պետության աջակցության կարիքն ունեցող նաև սփյուռքի՛ ազգակիցների մասին։ Այս է, որ մենք պետք է հասկանանք։ Մեր նորանկախ պետության վերջին տարիներին, նոր-նոր, հուրախություն մեզ, նկատվում է քաղաքացի, հա՛յ դաստիարակելուն միտված միջոցառումների և ծրագրերի ակտիվացում։ 100-րդ տարելիցը 100-ամյակ չէ, սա մեր բոլորի ամոթն է իրականում։ Այն Ծիծեռնակաբերդում ուրախ դեմքերով ծաղիկ ճոճելու, դպրոցներ և մեքենաներ զարդարելու, բիզնես տուրիզմ զարգացնելու և այդ ամենը թմբկահարելու համար չէ։ Մենք պետք է հասկանանք, որ զոհերի, անմեղ մանուկների հիշատակ ենք ոգեկոչում։ Այդ տարիներին մոր արգանդից պտուղը հանում էին, մոր գլուխը քարերով ֆիքսում, նրան կապում, երեխային իր աչքի դիմաց ցից հանում և ցիցը կրակին տալիս։ Այս պատկերը միայն բավական է, որպեսզի սարսռեն մարդիկ, մինչդեռ տպավորություն է, թե ոմանք այնքան էլ լավ չեն պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը։ Իհարկե, այդ օրը նաև հերոսաբար պայքարողները պետք է հիշատակվեն, և ժամանակն է, որ լացելու փոխարեն պայքար, հատուցում շեշտվի։ Բայց դա էլ ձև ունի։ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար Հայաստան այցելող անձանց այցելության օրն օրացույցում կարմիր շրջանակով նշելու հիստերիկ միտումը պետք է կանգնեցնել։ Ի վերջո ապրիլի 24-ը մեր օրացույցում սև շրջանակի մեջ է։ Տարբեր երկրների ղեկավարների այցը նաև իրենց պարտականությունն է մարդկության հանդեպ, քանի որ ցեղասպանությունը մարդկության դեմ գործված հանցագործություն է, որը նաև «քաղաքակիրթ» աշխարհի հանցավոր լռությամբ շարունակում է անպատիժ մնալ, և սա նաև այդ «քաղաքակիրթ» աշխարհի ամոթն է։ Հայաստան այցելությունը նաև նրանց խղճի՛ պարտքն է։ Մեր նորանկախ պետության կրթության առաջին նախարարներից մեկն ասում էր, թե բավական է դպրոցներում թունավորենք երեխաների հոգեբանությունը ցեղասպանության մասին տեղեկություններով։ Առաջին նախագահն այսօր էլ ջղաձգումներ է ունենում, երբ վերջապես 100 տարի հետո կարծես խելքի ենք եկել և հարցի լուծման իրական՝ իրավական ուղին ենք առաջ տանում։ Հիմա, որպեսզի այս ամենին համապատասխան գնահատական տանք, պետք է հասկանանք, որ նախորդ տարիներին շոուբիզնեսով կրթած սերունդն է այսօր իրեն ոչ համապատասխան պահում այս հարցում, և ես լիահույս եմ, որ 100-րդ տարելիցը կլինի նոր մեկնարկի սկիզբ մեր ազգի համար, հայի կերպարի կերտման, հայկական հարցի լուծման համար։ Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք մոտակա մի քանի տարում լուծել մեր պապերի բացթողումը և ստիպված չենք լինի 150, 200 և այլ տարելիցներին նորից խոսել այս հարցերի շուրջ։
Հարցազրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ