ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

2060 թվականին, առկա միտումների պահպանման դեպքում, մեր երկրում կունենանք 93000 չծնված աղջիկ

2060 թվականին, առկա միտումների պահպանման դեպքում, մեր երկրում կունենանք 93000 չծնված աղջիկ
05.06.2015 | 11:21

Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեման արդիական է Հայաստանում։ Իգական սեռով պայմանավորված աբորտները հատկապես տարածված են Չինաստանում, Կովկասում, Հնդկաստանում, Պակիստանում, հարավարևելյան Եվրոպայում: Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետությունում սեռերի հարաբերակցությունը 100 աղջիկ:114-115 տղա է (2013 թ.): Մասնագետները նշում են, որ այսպիսի ցուցանիշը կարող է պայմանավորված լինել շատ հանգամանքներով՝ հայկական մենթալիտետ, աբորտների բացասական հետևանքների վերաբերյալ իրազեկվածության պակաս կամ բացակայություն, հասարակության մեջ տարածված կարծրատիպեր և այլն: 2013 թ. Հայաստանում ծնվել է 22200 տղա ու 19570 աղջիկ: Այսօր արդեն մինչև 20 տարեկան տարիքային խմբում տղաների թիվը գերազանցում է աղջիկներինը մոտ 40000-ով, իսկ 2060 թվականին, առկա միտումների պահպանման դեպքում, մեր երկրում կունենանք 93000 չծնված աղջիկ կամ ապագա մայր, իսկ Հայաստանի բնակչությունը մինչև 2060 թվականը կնվազի հավելյալ 80000-ով, ինչը ներկայում Հայաստանի երկու տարվա ծնունդների թիվն է կազմում։
Փորձագետները նշում են, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կարող են հանգեցնել բազմաթիվ խնդիրների։ Առաջին հերթին կխաթարվի ժողովրդագրական պատկերը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի հանցագործությունների ավելացման, կանանց թվի նվազեցման հետևանքով սեռական բռնության դեպքերի շատացման, ամուսնությունների թվի կրճատման, ծնունդների թվի նվազեցման, խնդիրներ կառաջանան նաև տնտեսական, հասարակական և բարոյահոգեբանական հարթություններում:
Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ են տանում հասարակական կազմակերպությունները։ Մի շարք ՀԿ-ներ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում իրականացնում են ծրագրեր՝ բարձրացնելով հանրության իրազեկության մակարդակը սելեկտիվ աբորտների հետևանքների վերաբերյալ։
Մասնավորապես, «Հաղարծին» հասարակական կազմակերպությունը հինգ բուհերի ուսանողների շրջանում կազմակերպում է հանդիպումներ, դասախոսություններ թեմայի վերաբերյալ։ Ծրագրի ղեկավար Լուսինե Արիստակեսյանը նշում է, որ իրենց խնդիրն է բարձրացնել հղիության արհեստական ընդհատման և հատկապես սեռով պայմանավորված աբորտների բացասական հետևանքների մասին վերարտադրողական տարիքի երիտասարդների գիտելիքների մակարդակը։ Նա նաև տեղեկացնում է, որ, մասնագետների կարծիքով, սելեկտիվ աբորտները ընտանիքի սխալ պլանավորման հետևանք են։
Լուսինե Արիստակեսյանի տեղեկացմամբ՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին վերաբերող քննարկումները բավականին բուռն են անցնում։ Դասախոսությունները կարդում է սեքսոպաթոլոգը։ Շատ հաճախ հանդիպումներից հետո ուսանողուհիները նաև առանձնազրույցներ են ունենում մասնագետի հետ։
Որպես թիրախային խումբ ընտրվել են ավագ կուրսերի ուսանողները (21-24 տարեկան), ովքեր ամուսնության շեմին են և նման հանդիպումների ընթացքում կարողանում են հավաստի տեղեկություններ ձեռք բերել մասնագետներից։ Ընդ որում, աղջիկներն առավել շահագրգիռ են մասնակցելու նման հանդիպումների, քան իրենց հասակակից տղաները։ Լուսինե Արիստակեսյանը նկատում է, որ հանդիպումները երիտասարդների հետ ցույց են տվել, որ մի մասն ընդհանրապես տեղեկություն չունի սեռով պայմանավորված աբորտների վերաբերյալ, մի մասն էլ կարծում է, որ սերունդը շարունակելու համար պետք է տղա ունենալ։ Հետաքրքիր է, որ շատ դեպքերում երիտասարդ աղջիկները նշում են, թե կդիմեն սելեկտիվ աբորտի։ Սակայն երբ մասնագետը նկատում է, թե հենց այդ աղջիկները ժամանակին կարող էին ենթարկվել նման խտրական վերաբերմունքի՝ լույս աշխարհ չգալով, վերաբերմունքը հարցի նկատմամբ անմիջապես փոխվում է։ Որոշ բուհերում հանդիպումներ են անցկացվում նաև տղաների հետ։ Շատ անգամ դասախոսությունների մասնակիցները խորհուրդ են տալիս նման աշխատանքներ տանել նաև սկեսուրների շրջանում, քանի որ վերջիններս որոշակի ազդեցություն ունեն պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վրա։
Մեր զրուցակիցը նշում է, որ դասախոսություններից առաջ և հետո անցկացվող հարցումները ցույց են տվել, որ հանդիպումներն արդյունավետ են. եթե սեմինարներից առաջ հարցվածները նշում էին, թե կդիմեն սեռով պայմանավորված աբորտի, ապա հանդիպումից հետո նման քայլը բացառում են։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ