Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ղազախստանի հայերը երազում են Հայաստան վերադառնալ

Ղազախստանի հայերը երազում են Հայաստան վերադառնալ
16.06.2015 | 12:02

ՍԵՐՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ էնդովասկուլյար վիրաբույժ է՝ Աստանայից։ Պատմելով Ղազախստանում իր հաստատվելու մասին՝ նշում է, որ նախնիները երկու հարյուրամյակի ընթացքում փոխել են բնակության մի քանի քաղաք և երկիր։ 1827 թ. նրանք ստիպված էին թողնել Էրզրում քաղաքի մոտ գտնվող իրենց հայրենի Կոփ գյուղը։ «Որքան գիտեմ, արմատներով մենք հենց այնտեղից ենք։ Էրզրումից հետո հայրական կողմի պապերս հաստատվել են Ջավախքում։ Արդեն 60-ականներին պապս՝ Գուրգեն Մանուկյանը, ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Այդ ժամանակ շինարարների խմբի հետ մեկնում էր Ղազախստան, որտեղ նրանք զբաղվում էին բնակելի շենքերի, դպրոցների և այլ շինությունների կառուցմամբ։ Պապիս խոսքով՝ այդ բնագավառում հատուկ ներդրումների համար նա հանդիպել է Ղազախստանի կումունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Դինմուհամեդ Կունաևի հետ։ Ի դեպ, դպրոցը, որտեղ ես սովորել եմ, նույնպես կառուցել է պապիս շինարարական բրիգադը։ Հայրս, որ ծնվել է Ախալքալաքի Ազավրեթ գյուղում, ամուսնանալով 1984-ին, վերջնականապես հաստատվել է Ղազախստանում, որտեղ էլ ծնվել ենք ես և իմ երկու քույրերը»,- պատմում է Սերոբ Մանուկյանը։
Նրա տեղեկացմամբ՝ 2009 թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ Աստանայում բնակվում է 1000-ից փոքր-ինչ ավելի հայ, իսկ ամբողջ Ղազախստանում հայերի թիվը հասնում է 40 հազարի։ Հայերի իրավական կարգավիճակը տարբեր է. նրանց մի մասը Ղազախստանի քաղաքացի է, մյուս մասն ունի բնակության իրավունք կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Վերջիններս ստիպված են երեք ամիսը մեկ հատել Ղազախստանի սահմանը։ Մեր զրուցակիցը հույս է հայտնում, որ Ղազախստանում Հայաստանի քաղաքացիների գտնվելու պայմանները կփոխվեն Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո։ Ի դեպ, Աստանայում հիմնականում բնակվում են հայեր Գավառից, Արտաշատից և Երևանից, ինչպես նաև՝ Ջավախքից։ Նրանք զբաղվում են ամենատարբեր գործերով՝ գյուղատնտեսությունից, ռեստորանային բիզնեսից մինչև գիտություն և մշակույթ։ Կան նաև բժիշկներ, ֆինանսական ոլորտում աշխատողներ։ Օրինակ, խոշորագույն կազմակերպություններից մեկի («Верный Капитал») գլխավոր տնօրենի տեղակալը նույնպես հայ է։ Աստանայում արդեն մեկ տարի է, ապրում է աշխարհահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը՝ կնոջ` նկարչուհի Նաիրա Թումանյանի հետ։ Ղազախստանում բավականին հայտնի է էստրադային երգչուհի Ալբինա Հովհաննիսյանը, ում հաճախ են հրավիրում պետական մակարդակներով անցկացվող համերգների։ Սերգեյ Պողոսյանը՝ կինոյի և թատրոնի դերասան, հայտնի է ինչպես Ղազախստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Ալմաթիում է բնակվում քանդակագործ և դիրիժոր Էդուարդ Ղազարյանը։ Ավելի քան 10 տարի Ռուսական դրամատիկական թատրոնը ղեկավարում է Ղազախստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Անդրեասյանը։ Այստեղ գործում է «Арвести» պատկերասրահը՝ Ռիմա Ցականյանի ղեկավարությամբ։ Ալմաթին համարվում է Ղազախստանի մշակութային կենտրոնը, իսկ Աստանան՝ նոր քաղաք։ Քաղաքային և մշակութային կյանքը, հասարակական միջավայրը ձևավորման փուլում են, այդ պատճառով Աստանայում շատ են հայ ուսանողները Ղազախստանի խոշորագույն բուհերից՝ «Նազարբաև» համալսարանից, Աստանայի բժշկական համալսարանից, ճարտարապետական, իրավաբանական, բժշկական ֆակուլտետներից։ Մեր զրուցակիցը նշում է, որ հայերի գործունեության ոլորտները Ղազախստանում շատ տարբեր են. «Սակայն ինչով էլ նրանք զբաղվեն, ամեն ինչ հանգում է նրան, որ մեր ժողովուրդը ստեղծարար է։ Ես չգիտեմ որևէ մեկին, որ աշխատում կամ ինչ-որ բանով է զբաղվում, և դրա հիմքում ստեղծելու պահանջմունքը չէ»։
Խոսելով Ղազախստանի հայկական համայնքի մասին՝ Սերոբ Մանուկյանը տեղեկացնում է, որ 20 տարի առաջ Ղազախստանում ստեղծվել է տեսակով յուրահատուկ մի կառույց՝ Ղազախստանի ժողովուրդների ասամբլեա։ Հայկական մշակութային կենտրոնն առավելագույն ջանքերով ներկայացնում է Հայաստանի մշակույթը հնարավոր բոլոր հարթակներում։ Նա նաև նկատում է, որ Հայաստանի մշակույթն ավելի ու ավելի շատ է հետաքրքրություն առաջացնում ղազախների շրջանում։ Սակայն կան նաև խնդիրներ։ «Ցավով պետք է խոստովանեմ, որ Ալմաթիի խոշորագույն և հնագույն հայկական համայնքն այսօր ճգնաժամային փուլում է՝ համայնքում տեղի ունեցած պառակտման պատճառով։ Համայնքի ղեկավարը փակել է հայկական միակ եկեղեցին, որն այսօր առանց հոգևոր սպասավորի է։ Մարդիկ այցելում են եկեղեցի՝ մոմ վառելու, սակայն հայերեն հոգևոր արարողությունների մասնակցել չեն կարող։ Այս պատմությունը լայնորեն լուսաբանվել է նաև Հայաստանում»,- ասում է Սերոբ Մանուկյանը։
Ղազախստանի բոլոր հայկական մշակութային կենտրոններում կան երիտասարդական կազմակերպություններ, որոնք հայոց լեզուն, հայկական մշակույթը պահպանելուն, հայոց պատմությունն ուսումնասիրելուն ուղղված գործունեություն են ծավալում։ Մասնավորապես, Ալմաթիում ակտիվ հայ երիտասարդության նախաձեռնությամբ ստեղծվել է Ղազախստանի հայ երիտասարդների հիմնադրամ, որի գլխավոր նպատակը երկրի շրջաններում բնակվող հայ երիտասարդների համախմբումն է։ Մայրաքաղաքում և շրջաններում կան ակտիվ երիտասարդ գործիչներ։ Ի դեպ, Ղազախստանի երիտասարդների նախաձեռնությամբ МГИМО-ի ուսանող Մաքսիմ Դալլաքյանը, ով թեև այս պահին Մոսկվայում է, ստեղծել է hayer.kz կայքը։ Այն մի հարթակ է, որտեղ լուսաբանվում են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ այս կամ այն չափով ներկայացված են Հայաստանը, Հայաստանի և Ղազախստանի մշակութային կապերը, հոդվածներ, որոնք ընթերցողին ծանոթացնում են Հայաստանի հետ։ Կայքը համակարգում է Ղազախստանի տարբեր քաղաքների երիտասարդների նախաձեռնող խումբը։
Սերոբ Մանուկյանը հատուկ նշում է Ղազախստանում Հայաստանի դեսպանատան և դեսպան Արա Սահակյանի դերը Ղազախստանի հայկական համայնքի կյանքում. «Դեսպանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Հայաստանի բարեկամների ակումբը, որի շրջանակներում շաբաթը մեկ անգամ տեղի են ունենում համայնքի ներկայացուցիչների հանդիպումներ, կինոցուցադրություններ, շփումներ։ Այս տարի Աստանայի հայերը, ցույց տալով իրենց միասնությունը, ոգեկոչեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Մայրաքաղաքի կաթոլիկ եկեղեցում իրականացվել է եկեղեցական արարողություն։ Աստանայում վաղուց չէր եղել այսքան մտահոգ հայերի համախմբում։ Եկեղեցական արարողությունից հետո դեսպանը բոլորին հրավիրեց դեսպանատուն։ Պարոն Սահակյանն իրոք Հայաստանի իսկական նվիրյալ է, շատ կիրթ և իմաստուն մարդ, ով միշտ բոլոր դիմողներին օգտակար է լինում իր խորհուրդներով։ Նա միանգամից արժանացավ ինչպես հայ համայնքի, այնպես էլ իր գործընկերների՝ այլ երկրների դիվանագիտական անձնակազմի հարգանքին»։
Ըստ մեր զրուցակցի՝ Ղազախստանի հայերի հիմնական խնդիրը Երևանի հետ օդային կապի բացակայությունն է։ Որպեսզի հասնեն Երևան, պետք է մեկ կամ երկու այլ թռիչքներ իրականացնեն, ավելի շատ ժամանակ և գումար ծախսեն։ Ցանկալի կլիներ նաև Ղազախստանում ավելի շատ տեսնել հայկական ապրանքներ։ Թեև այստեղ ներկայացված են հայկական որոշ արտադրատեսակներ՝ հյութեր, կոնյակ, ջերմուկ և ջուր, սակայն դրանք ոչ բոլոր խանութներում են և ոչ մրցունակ գներով։ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելով, ամենայն հավանականությամբ, այս հարցերը կհարթվեն, և հայկական ապրանքներն ավելի լայնորեն ներկայացված կլինեն Ղազախստանում։ Ի դեպ, Ղազախստանում կան արտադրամասեր, որոնք արտադրում են հայկական լավաշ, բաստուրմա, սուջուխ, քաղցր սուջուխ։ Հայերը զբաղվում են նաև գինեգործությամբ, ղազախական կոնյակի արտադրությամբ։
Սերոբ Մանուկյանը նշում է, որ յուրաքանչյուր հայի հոգու խորքում կա Հայաստան վերադառնալու միտք ու երազանք. «Իմ ծնողներն այդ մասին վաղուց են մտածում։ Հուսով եմ՝ նրանց ծրագրերը կիրականանան, և շուտով կվերադառնան։ Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա շատերի համար, ցավոք, պրակտիկորեն անհնար է հայրենիքում հաստատվելը՝ Հայաստանի սոցիալական խնդիրների պատճառով։ Կարծում եմ՝ Հայաստանում պետք է տանեն հայրենադարձությանն ուղղված քաղաքականություն»։
Սերոբն ընդգծում է նաև, որ յուրաքանչյուր հայկական ընտանիքում մեծ հետաքրքրություն կա Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ։ Ներքաղաքական գործընթացների մասին խորքային դատողություններ անելը դժվար է, չնայած շատերը դիտում են հայկական հեռուստաալիքներ, և Հայաստանից տեղեկատվության պակաս չկա, այդ թվում՝ բարեկամներից և ընկերներից. «Ցանկացած հայ կուզենա տեսնել համախմբում ազգային գաղափարների շուրջ առկա մարտահրավերների դեմ։ Արցախը նույնպես մեզ համար թանկ է։ Ղազախստանում կան ընտանիքներ Արցախից, փախստականներ Բաքվից, և կապերը ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հետ շատ ամուր են»։
Սերոբն ապրել է նաև Ռուսաստանում։ Համեմատելով հայերի կյանքը Ռուսաստանում և Ղազախստանում՝ նշում է, որ առանձնահատկություններ, իհարկե, կան, թեև այդ մասին չի մտածել։ Ըստ նրա՝ մենք հարմարվելու բացառիկ ձիրքով օժտված ժողովուրդ ենք, որ ամենադժվար պայմաններում կարողանում է պահպանել իր ազգային ինքնությունը. «Սարոյանը գրել է՝ երկու հայ որտեղ էլ հանդիպեն, իրենց համար ստեղծում են նոր Հայաստան, փոքր հայկական աշխարհ։ Կարծում եմ՝ մեզ դա հաջողվում է՝ սովորեցնում ենք մայրենի լեզուն, խոսում ենք հայերեն, ծանոթանում ենք մեր մշակույթին և պատմությանը։ Իսկ ի՞նչն է ավելի կարևոր օտար երկրում ապրող հայի համար»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ