Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եկել է ժամանակը, որ մշակույթի նախարարությունը համապատասխանի իր կոչմանը և ոչ թե շարունակի մնալ որպես «արմենչիկամետ» գերատեսչություն

Եկել է ժամանակը, որ մշակույթի նախարարությունը  համապատասխանի իր կոչմանը և ոչ թե շարունակի  մնալ որպես «արմենչիկամետ» գերատեսչություն
08.06.2018 | 00:30

Ինքնին հասկանալի է, որ ներկայումս Հայաստանի նոր իշխանությունների առջև ծառացած գերագույն խնդիրը էկոնոմիկայի զարգացումն է, և այստեղ թռիչքային փոփոխություններ դժվար է ակնկալել: Սակայն արմատական փոփոխությունների կարելի է հասնել նույնքան անմխիթար վիճակում հայտնված մշակույթի որոշ ասպարեզներում: Ես չգիտեմ, մշակույթի գործիչների հետ վարչապետի հանդիպման ժամանակ խոսակցություն եղե՞լ է մեր ազգային երգի ռաբիսացման մասին, սակայն որ այդ երևույթն անկախության տարիներին հսկայական չափերի է հասել, աղաղակող փաստ է:


Ռաբիս երաժշտությունը, ռաբիս երգը Հայաստանում թափանցել են բոլոր հարթակները՝ հեռուստատեսություն, ռադիո, համերգասրահ, ռեստորան, հասարակական միջոցառումներ, հարսանիք, ծնունդ, տրանսպորտ... Ամենուր ազերաթրքածին ելևէջումներ են: Ռաբիս երգիչները դարձել են հայ ազգային երաժշտության «երախտավորներ», յուրօրինակ կուռքեր: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ քիչ թե շատ ճանաչված «նորմալ» երգիչներ ևս ընդգծված ռաբիսացնում են իրենց երգերը լսարանին դուր գալու առևտրային մղումով: Ռաբիսը իր շոշափուկներն է տարածել նաև սփյուռքում, թեև ոմանք պնդում են, որ հակառակն է տեղի ունեցել: Համենայն դեպս Մոսկվայի, Ռուսաստանի ուրիշ քաղաքների հայկական ռեստորաններում, զանազան ազգային միջոցառումների ժամանակ նույն երգն է հնչում, ապահովելով կենդանի ու ձայնագրված «ազգային» երաժշտության կոլորիտը: Իսկ վերջին ժամանակներս էլ ազերակլկլոցները հնչում են... ռուսերեն: Երևի սա էլ ռուսահայերին սիրաշահելու ձև է: Արդեն չես էլ զարմանում, որ ռուսաց երկրի հայաշատ վայրերում սովորական են դարձել ռաբիս երգիչների «մենահամերգները»:


Հայաստանի հեռուստատեսությամբ անընդհատ հնչում է «Ջան» ռադիոկայանի գրավիչ գովազդը: Իրեն հարգող հայը կարո՞ղ է լսել այդ երաժշտական աղտեղությունները, ծայրահեղության հասցված այդ մուղամահունչ հառաչանքները, դրանց «արդիականացման»՝ արաբականացման ու հնդկականացման մոտիվներով: Բա տխմարագույն «խոսքե՞րը»...
Մենք մահացու վիրավորվում ենք, երբ ազերիները մեզ մշտապես մեղադրում են, թե ապաշնորհ հայերը գողացել-սեփականացրել են իրենց երգ-երաժշտությունը: Բայց չէ՞ որ ռաբիս երգերը իրոք նրանց ոճով են: Եվ տպավորություն է ստեղծվում, որ այս «բանվորական արվեստի» դեմ Հայաստանում ոչ ոք չի պայքարում, բոլորը հանձնվել են, դե, պահանջարկը մեծ է, այդ աստիճանի է իջել մարդկանց ճաշակը: Դեռ «նախահեղափոխական» Հայաստանում լուրեր էին պտտվում, որ մշակույթի նախարարությունը ավելի շատ զբաղված է փողերի լվացմամբ, քան իր գլխավոր առաքելության՝ մշակույթի զարգացմամբ: Եթե առաջինը սոսկ խոսակցություն է, ապա երկրորդը անողոք իրականություն է:


Հիմա իրավիճակը Հայաստանում փոխվում է. մշակույթի նախարար է նշանակվել ջահել ու ուսյալ նոր անձ, որին հազիվ թե դուր գա ռաբիսաերգը: Եվ բնականաբար հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ չի կարելի կիրառել արգելքների ինչ-որ մի համակարգ: Օրինակ, արգելել ռաբիս երաժշտության մուտքը հեռուստատեսություն և ռադիո, փակել այն ռադիոհեռուստատեսային հաղորդաշարերը, որոնցում, թեկուզ և քողարկված, քարոզվում է այդ երաժշտություն կոչվածը: Ո՞վ ասաց, թե դա կդիտվի որպես «երաժշտության ազատության իրավունքի» խախտում: Արդյո՞ք դատապարտելի է ժողովրդի երաժշտական ճաշակը բարձրացնելու, խորթ երաժշտությունից նրան ձերբազատելու, ասպարեզի դեգրադացիան կանգնեցնելու ձգտումը: Ի վերջո, գոյություն ունեն արվեստի տարբեր բնագավառների հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են իրենց պրոֆեսիոնալ խոսքն ասել ընդդեմ ռաբիսի: Թեկուզ և կոմպոզիտորների միությունը: Մի՞թե հայ կոմպոզիտորը, պրոֆեսիոնալ երաժիշտը չեն տարբերում, թե որն է նորմալ հայկական երգը և որը՝ ռաբիսը:


Եկել է ժամանակը, որ մշակույթի նախարարությունը համապատասխանի իր կոչմանը, և ոչ թե շարունակի մնալ որպես «արմենչիկամետ» գերատեսչություն: Ի վերջո, սա ազգային ինքնասիրության հարց է, երբ մենք իջնում ենք ազերիների մակարդակին:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 5709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ