ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Մեծացնում ենք մեր կորստյան շտեմարանները

Մեծացնում ենք մեր կորստյան շտեմարանները
08.02.2022 | 17:22

Տարիներն անցնում են պահ առ պահ, հերթափոխում են` մեզանից տանելով այն ամեն կարևորն ու անկարևորը, որ ունենք:
Անցնող տարիներն այդ մերն են դառնում ու մեզ են մնում այնքանով, որքանով կարողանում ենք նրանցից կորզել կարևորն ու թանկը, անգինն ու անգնահատելին` մարդկայինը, կորզել` ո՛չ թե պարզապես մեր ձեռքում ունենալու, այլ ժամանակի խողովակով ապագան սնուցելու և պարարտացնելու համար մարդկայնությամբ` աստվածապատկեր ու աստվածազարմ:


Տարիներն անցնում են շռնդալից ու համրաքայլ, «օրերը մթնում ու անց են կենում» առանց հավելյալ օժանդակության, բայց հարակա է մարդ էակի` տարիներից ինքն իրեն կորզելու ջանադիր ջանքը: Եվ երբ իր ամեն հերթական տարին մարդը դիմավորում է ո՛չ միայնակ, այլ ինքն իր հետ, ուրեմն ջանքն իր պսակվել է հաջողությամբ. երբ մարդն ինքն իրեն գտնում է ամեն մի իր նմանի մեջ, ուրեմն հաջողվել է ապրած կյանքը նրա, որ կոչվում է ՄԱՐԴ:
Հերթական անգամ մեր կյանքից սահում ու անցնում է 365 օրերից բաղկացած տարի կոչվող մի ժամանակահատված, որը իրականում տևում է մի ակնթարթ և սովորաբար թողնում է ապրված կյանքի պատրանք-տպավորություն:
Ժամանակն ավելի արագ է անցնում, քան մարդը կհասցնի հիշել անցյալից ինչ-որ բան կամ ապագայի ծրագրեր մշակել:


Ժամանակն անցնում է սովորականի նման՝ առանց դյուզն-ինչ գիտակցելու, թե մարդուն ինչ տվեց կամ ինչից զրկեց նրան: Տարեվերջին մենք շատ ավելի ջանք ու ավյուն ենք ներդնում ժամանակի անցած ուղին քննելու և մեր ստացածը կամ կորցրածը արժևորել փորձելու համար, քան իրականում ձեռք ենք բերել տարվա ընթացում: Մարդիկ տխրում և իրենց դժբախտ են զգում, երբ զրկվում են ունեցվածքից, փողից, ընկերներից, սակայն նրանց համար աննկատ է մնում կորուստը իրենց մարդկային նկարագրի և Աստծո հանդեպ հավատի: Շատերը կարծում են, թե արժեքավոր են միայն փողի հետ առնչվող բաները: Հիշում եք անշուշտ առակը անմիտ մեծահարուստի մասին, որը տարեցտարի մեծացնում էր իր շտեմարանները և տեղավորում էր իր կալվածքներից ստացված բերքը՝ իր կյանքի հետագա տարիների համար, երբ Աստված մի օր առավ թշվառ հոգին նրա, ով իր անձի համար էր գանձեր կուտակում և Աստծով չէր հարստանում՝ իր ունեցվածքից բաշխելով կարիքավորներին:


Իրական արժանիքը, որ մարդը կարող է ունենալ, մարդկային արժանապատվության և ինքնության գիտակցությունն է, սեփական մարդկային որակների պահպանման և կատարելագործման ձգտումը: Իսկ իրական արժեքը, որ մարդը ստանում է ի վերուստ, դա լավագույն կյանքի հույսն է, լավագույն հույսերի իրականացման հավատն է, շնորհների ու առաքինությունների գլուխ սերն է, որ արդարացումն է բոլոր հույսերի և վավերացումն է առ Աստված մեր հավատի: Մերօրյա աշխարհում վերոհիշյալ արժանիքները կրող և արժեքներով ապրող մարդիկ շատ քիչ են: Այսօր աշխարհը այնպիսին է, ինչպիսին որ կա, քանզի շատերին այն այդպիսին էլ դուր է գալիս, ոմանք չեն էլ փորձում այն փոխել և գերադասում են հարմարվել ընդհանուր կարգին ու որակին, ոմանք էլ անհնար են համարում այն փոխելը, բայց և ջանում են չնույնանալ նրա հետ: Մարդու կյանքի, կենսագործունեության, հասարակական հարաբերությունների, բարոյական, պարզ, մարդկային արժեքների ստեղծման և պահպանման համար անհրաժեշտ շատ բաղադրիչներ այսօր հիմնիվեր կորցրել են իրենց բուն նշանակությունը (այսօր հագուստը ո՛չ թե մերկությունը քողարկելու, այլ այն ի ցույց դնելու համար է, արվեստը ո՛չ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ այն եթեական ներկայացնելու, բացահայտ կեղծիքը քողարկելու համար է, լրագրությունը ո՛չ թե լրատվության, այլ սենսացիաների համար է, և այսպես անվերջ կարելի է թվարկել): Մեր օրերում արդեն իրական են ժամանակին մտահղացում եղած շատ բաներ, և դա կարծես ոգևորում է մարդուն ու մղում կյանքի կոչել իր երևակայության բոլոր արգասիքները, եթե անգամ դրանք անցնում են բարոյականի, թույլատրելիի, մարդկայինի սահմանները: Մարդու այդօրինակ գործունեության հետևանքում առաջացած երևակայածին արժեքների ու իրական արժեքների տարբերակման և գնահատման համար անհրաժեշտ է մի բացարձակ չափանիշ՝ Աստծո Խոսքը:


Տարվա վերջում թե՛ հոգևոր, թե՛ նյութական կարողությունները ըստ արժանվույն արժևորում և գնահատում են նրանք, ովքեր տարվա ընթացքում սպասում են այդ պարգևներին՝ ստանալու ակնկալիքով, և ստանում են վերադարձնելու, տալու ու բաշխելու պատրաստակամությամբ: Իսկ կորստի ցավը մեղմվում է այն հույսով կամ համոզմունքով, որ ստացածը, այնուամենայնիվ, շատ ավելին էր, քան կորցրածը: Այսպիսի հույս ու համոզմունք ունեն միայն այն մարդիկ, որոնց հույսը Միակ Ճշմարիտ Աստված է և համոզմունքը՝ հավատը Միակ, Ճշմարիտ Աստծո Խոսքի հանդեպ: Աստծո Խոսքի մարմնացումը և մարդկային ծնունդը Աստծո սիրո պատասխան արձագանքն էր փրկություն ակնկալող մարդկության հույսին ու հավատին: Սերը մեծ է հույսից ու հավատից, որովհետև այն հավիտենական Աստծո տարիքին է, իսկ վերջինները՝ մարդու տարիքին: Ասում ենք հույս, հավատ, սեր, ըստ աճման կարգի, քանզի հույսը մարդուն է հատուկ, հավատը մարդուն և մյուս բանականներին տրվել է Աստծուց, իսկ սերը՝ Աստված Ինքն է, և երբ Աստված սեր է տալիս մարդուն՝ Նա նրան տալիս է Ինքն Իրեն: Աստծո սիրո ինքնաբուխ դրսևորումը հասավ իր գագաթնակետին՝ Իր Խոսքի մարդեղացմամբ: Նորից վերհիշենք անմիտ մեծահարուստին և նկատենք. փրկության համար մեզ տրված կյանքը սնոտի բաների վրա վատնելով՝ մենք մեծացնում ենք մեր կորստյան շտեմարանները և այնտեղ մեր իսկ դատապարտությունն ենք կուտակում, ինքներս մեզ մեծահարուստ երեւակայելով, չենք տեսնում մեր իրական թշվառ վիճակը՝ երկրի երեսին հոսող ժամանակի փոշին:
Աստծո Խոսքը մարմին առավ՝ դառնալով ոչ միայն լսելի, այլև տեսանելի ու շոշափելի, հասկանալի ու սիրելի: Հիսուս Քրիստոսով Աստված Իր անսահման սերը հայտնեց մարդուն նրան ընկալելի կերպով, ու թեև Նրանով ենք ապրում, շարժվում և կանք, այնուամենայնիվ մարդը այդ ամենը ընկալում է որպես անհրաժեշտություն և ոչ թե որպես Աստծո անսահման սիրո արտահայտություն:


Եվ նրանք, ովքեր չեն ընկալում ու չեն հասկանում Աստծո անսահման սերը ողջ տարվա ընթացքում, նրանք չեն ապրում իրենց կյանքը, այլ ուղղակի նրանց կողքով աննկատ անցնում է 365 օրերից բաղկացած տարի կոչվող մի ժամանակահատված, որն իրականում տևում է մի ակնթարթ՝ թողնելով ապրված կյանքի պատրանք-տպավորություն:


Լիլիթ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7134

Մեկնաբանություններ