«Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտությունը եւ Կյանքը» (Հովհ.14;6): Ո՛վ մարդ, դու, անկախ հավատի աստիճանից, Եկեղեցու` խաղաղ սրբավայրի կարիքն ունես` խուսափելու համար սխալ հասկացվելուց, իսկ շատ հաճախ էլ՝ քո իսկ սխալական անձից։
ՈՒրիշներից քո տկարության պատճառով կարող ես հեշտությամբ հեռանալ` տեսնելով նրանց սխալներն ու մեղքերը, սակայն քո անձից, քո` սխալված լինելու գիտակցությունից, քո տկարություններից, քո մեղքերից և թերություններից ո՞ւր կարող ես գնալ։ Հավիտենական Աստծո` քո միակ Ապավենի մոտ միայն կարող ես օթևանել։ Մոտեցիր, որ Նրա անհուն մեծության մեջ մոռանաս քո փոքրությունը, Նրա զորության մեջ` քո տկարությունը, Նրա բարձրության մեջ` քո ցածրությունը, Նրա ամենակալության մեջ` քո անկարողությունը, Նրա հավիտենականության մեջ` քո մահկանացու լինելը։ Մինչև որ ապահովություն բերող հոգեկան թեթևությունը պարուրի քեզ, վերածվի Աստծո մոտ գտած ուրախության, որ կարողանաս աստվածայինը կենսակերպ դարձնել, Աստծո հանդեպ հավատը` շնչառություն, և շնչելով` հաղթող զորություն ստանաս: Եթե դու ուրիշներից փախչես, ինքդ քեզանից ու քո խղճից ու՞ր պիտի փախչես: Դու հաճախ ես խաղաղություն որոնում, մինչդեռ այն քո կողքին է. Քրիստոս-խաղաղությունը, որ ասաց. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ ինչպես աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, եւ չվախենաք» (Հովհ. 14:27): Այսօր աշխարհը ներքաշող ճահճի է նման, ինչքան խորանաս, այնքան կընկղմվես մեղքի տիղմի մեջ, այնքան ահ ու սարսափը կպարուրեն քեզ, այնքան կկորցնես հույսը փրկության: Եթե արդեն ընկղմվել կամ ընկղմվում ես ճահճի խորքերում և այլևս մտահոգ ես քո հոգու փրկությամբ, կանչի՛ր Հիսուսին, Նա կհասնի քեզ, ձեռք կմեկնի և կհանի այս խավարային հորձանուտից, քանզի Մարգարեն է վկայում. «Ամեն մարդ, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Հովել 2;32):
Քրիստոս է միակ Ճշմարիտ Ճանապարհը, Քրիստոս է միակ Ճշմարտությունը, Քրիստոս է միակ Կյանքը, Նա սիրում է քեզ անսահման սիրով, կարոտով սպասում է քո դարձին, մի արհամարհիր քո վերջին փրկության Հույսին, որ Իր կյանքը զոհեց հանուն քեզ, քանզի վաղ թե ուշ Նրա մոտ պիտի գնաս և հատուցում պետք է տաս քո ապրած կյանքի յուրաքանչյուր վայրկյանի համար, որովհետեւ Քրիստոս Նա է, «ում պատկանում են հանդերձյալները» (Ծննդ. 49;10): Եթե մեղքերի մեջ ես` ապաշխարիր, եթե չգիտես, որ մեղքի մեջ ես, խորհրդակցիր քահանայի հետ: Հիշի՛ր, որ մարդկության պատմության ընթացքում միշտ էլ անգիտությունը կործանիչ է եղել, այսինքն, անգիտությունը չի փրկել ոչ ոքի: Մի՛ թող, որ չարը ծիծաղի քեզ վրա: Տե՛ս, թե ինտենսիվ կերպով ինչպիսի մեղքի քարոզչություն է տարվում այսօր: Ապօրինությունը, մարդասպանությունը, գողությունը, անառակությունը, անկախ քո կամքից, մտնում են քո բնակարան` հեռուստացույցի, համացանցի, լրագրության միջոցով, իսկ դու չես էլ հարցնում՝ ինչո՞ւ: Ո՞վ է կանգնած դրա հետեւում, ո՞վ է ցանկանում քեզ հեռացնել բարոյական արժեքներից, քո ազգային արմատներից, հավատից և ինչու: Ովքեր կանգնած են դրա հետեւում, ո՛չ միայն ուզում են պղծել քեզ, այլ նաև՝ քո ընտանիքը` կնոջդ, երեխաներիդ, հարազատներիդ: Մեղավոր մարդը չարացած, տխրած, հիմարացած ու խավարած իրավիճակի մեջ է հայտնված մշտապես: Մա՛րդ արարած, եթե ընկած ես, շուտափույթ կանգնիր, մի՛ թույլ տուր, որ քեզ ստորացնեն և քո կամքից անկախ քեզ դժոխքի կրակներին մատնեն: «Ո՛չ» ասա նման երևույթներին: Ազատության կեղծ արժեքներ են հրամցնում քեզ, որը ծնում է անարխիա, ինքնաոչնչացում, քանզի եթե ազատությունը հեռու է բարոյականությունից, մահաբեր թույնի է նման: Քեզ ցանկանում են կտրել իմաստությունից, որպեսզի կործանեն. «Արդարեւ, ով անարգում է իմաստությունն ու խրատը, թշվառական է. ունայն է նրա հույսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները` չարաբարո, եւ անիծված են նրանց ծնունդները» (Իմ. Սողոմոնի 3;11-12):
Տե՛ս, թե ինչի մեջ են ուզում հաստատել քեզ: Մի պահ կանգ առ, հայացք նետիր Քրիստոսի անսահման սիրուն, Նրան չեն ընդունում միայն խավարի մեջ ընկած մարդիկ, քանզի. «Եւ դատաստանը այսպե՛ս իսկ է. որ Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետեւ իրենց գործերը չար էին» (Հովհ. 3; 19 - 21): ՈUրեմն հիմա է պահը. «Հեռու՛ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով եւ հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո` արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4; 22-24): Եթե դեն չնետես քո բոլոր անիրավությունները և մնաս մեղքի մեջ, անկասկած կկործանվես, ինչպես Հիսուս ասաց. «Եթե չհավատաք, որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք» (Հովհ. 8; 24): Հիշի՛ր Նոյի օրերը, Սոդոմն ու Գոմորը, այսօրվա` օր-օրի ահագնացող չափերի հասնող արհավիրքները և սթափվի՛ր, արթնացի՛ր մեղքի թմբիրից, գնա՛ դեպի Քրիստոս տանող շավիղներով և ընդունիր հավիտենական կյանքի հրավերը Քրիստոսից, քանզի Տերն ասաց. «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք եւ առավել եւս ունենաք» (Հովհ. 10; 10): Հիմա ընտրությունը քոնն է` մա՞հ, թե՞ կյանք: Այս պղծաքարոզ ու պղծալից, խաբկանքով ու կորուստներով լի աշխա՞րհը, թե՞ Քրիստոս:
Լիլիթ Հովհաննիսյան