«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2

Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
28.04.2025 | 21:37

Սկիզբը՝ այստեղ

Թուրքիայում շարունակվում են ստորգետնյա ցնցումներ գրանցվել: Երկրի արևելյան հատվածում երեկ, Life.ru– ի տեղեկացմամբ , 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա Տեղի ունեցածի մասին հայտնել է Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ըստ սեյսմոլոգների տվյալների, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլյազիգ (թուրքերեն՝ Elazığ ili, Էլազըղի) մարզից (գտնվում է Արևմտյան Հայաստանի մեծ մասը զբաղեցնող Արևելյան Անատոլիա տարածաշրջանում) 44 կմ հարավ- արևմուտք: Այս մարզում ապրում է 298 000 մարդ։ Հարկ է ընդգծել, որ տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը Ստամբուլից բավական հեռու է և գտնվում է բոլորովին այլ վայրում՝ Թուրքիայի արևելյան հատվածում, մինչդեռ Ստամբուլը գտնվում է երկրի գրեթե հակառակ՝ հյուսիսարևմտյան մասում՝ Մարմարածովյան տարածաշրջանում։ Այս փաստը վկայում է Թուրքիայում սեյսմիկ ակտիվության գլոբալ աճի մասին:

Ավելի քան 200 տուժած, 1025 վնասված շենք

Թուրքիայում օրերս տեղի ունեցած երկրաշարժերից ամենից շատ զգացվել ու հետևանքներ է ունեցել Ստամբուլում ապրիլի 23- ին տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժը, որից տուժածների թիվը, Life.ru– ի փոխանցած վերջին տեղեկությունների համաձայն, հասել է ավելի քան 200- ի: Վնասվածքների հիմնական պատճառը խուճապն է եղել, շատ մարդիկ դուրս են ցատկել պատուհաններից, որպեսզի շուտ հեռանան շենքից։ Այս երկրաշարժից հետո բնակիչներին զգուշացրել են աղետալի երկրաշարժի մոտենալու մասին:

Ստամբուլում Ավելի քան հազար շենք աննշան վնասվածքներ է ստացել չորեքշաբթի տեղի ունեցած երկրաշարժից հետո. այս մասին X սոցկայքում հայտնել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը։

Հանձնաժողովի գնահատումների համաձայն՝ Ստամբուլի 39 շրջաններում զննվել է 15 հազար շենք, որոնցից 1025-ը ստացել է որոշ վնաս: Ավերածությունների մասին հաղորդագրությունների մեծ մասը ստացվել է քաղաքի արևմուտքի շրջաններից, որտեղ հսկայական թվով մարդիկ են ապրում։ Վնասի գնահատումը շարունակվում է:

Տեղի ունեցած երկրաշարժերը կարո՞ղ են աղետալի երկրաշարժի նախանշաններ լինել

Ստամբուլում և Թուրքիայի այլ բնակավայրերում օրերս տեղի ունեցած երկրաշարժերն արդյոք կարո՞ղ են աղետի նախանշաններ լինել, ի՞նչ է տեղի ունենում Ստամբուլի մերձակայքում, երկրի ընդերքում…

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը հավաստմամբ, այժմ դեռ չկա ավելի ուժեղ երկրաշարժի սպառնալիք, չկան ազդանշաններ, որոնք ցույց են տալիս մոտալուտ աղետը։ Ըստ նրա, ցնցումների ուժգնությունը չի աճի, բայց ողբերգություն, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ: Եվ դրա պատճառը խիտ կառուցապատումն է։

«Բայց խոսել այն մասին, որ հատկապես այժմ սուր վտանգ է առաջացել, բացարձակապես ոչ մի հիմք չկա»,- նրա խոսքերն է մեջբերել «Постньюс»- ը:

Այժմ գուցե և չկա այդ վտանգը: Բայց սույն հոդվածի վերնագրում նշվածը, Թուրքիայում առաջիկայում ավերիչ երկրաշարժի սպառնալիքի մասին թուրք սեյսմոլոգ Ահմեդ Էրջանի, սեյսմոլոգիայի պրոֆեսոր, Ստամբուլի քաղաքապետարանի՝ երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ Հալյուկ Էյիդողանի կանխատեսումները, որոնք ներկայացրել ենք հոդվածի նախորդած մասում, նույնպես չեն վերաբերվում հենց վաղվան, այսինքն՝ նրան, որ առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում Թուրքիայում պարտադիր տեղի կունենա ավելի ուժեղ՝ ավերիչ երկրաշարժ:

Շեբալինի կարծիքով, գիտական հիմքեր չկան պնդելու, որ օրերս տեղի ունեցած երկրաշարժերը ֆորշոկներ (նախացնցումներ) են, այսինքն՝ «նախազգուշական իրադարձություններ» ավելի ուժեղ երկրաշարժից առաջ, բայց դա, ըստ նրա, լիովին բացառելը դժվար է:

Թուրքիան գտնվելով տեկտոնական սալերի արանքում, շրջապատված է սեյսմիկ վտանգավոր գոտիներով

«Սա արևմտյան մասն է՝ մեկը Հյուսիս- Անատոլիական խզվածքի մի քանի արևմտյան լեռնաճյուղերից, բավական մեծ,- նշել է երկրաֆիզիկոս Շեբալինը։- Այնտեղ սկզբունքորեն կարող են շատ ուժեղ երկրաշարժեր լինել»:

Թուրքիան գտնվում է Անատոլիական տեկտոնական սալի (լիթոսֆերային թիթեղի) վրա, իսկ Հյուսիս-Անատոլիական խզվածքը նրա և Եվրասիական սալի սահմանն է։ Այն փաստացի անցնում է Թուրքիայի գրեթե ողջ հյուսիսով՝ Մարմարա ծովից մոտավորապես Սև ծովի ափերի երկայնքով և մինչև Վանա լճի շրջակայքը՝ երկրի արևելքում։ Ստամբուլը գտնվում է այս խզվածքի հենց գծի մոտ՝ նրանից ընդամենը 15- 20 կմ հեռավորության վրա։ Այս գոտում տեղի է ունենում միմյանց նկատմամբ սալերի տեղաշարժ։ Ընդ որում, Անատոլիական սալն աջ կողմում էլ սահմանակից է Արաբականին, իսկ հարավում՝ Աֆրիկականին, այնպես որ, Թուրքիան, ըստ էության, շրջապատված է սեյսմիկ վտանգավոր գոտիներով։

Հարկ է նշել, որ 2023թ. փետրվարին Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերը տեղի են ունեցել բոլորովին այլ գոտում՝ Արևելա- Անատոլիական խզվածքի գծում, այսինքն՝ Արաբական սալի հետ սահմանին։ Այնուամենայնիվ, այն ժամանակ թուրք սեյսմոլոգները պնդում էին, որ այդ իրադարձությունների ֆոնին կտրուկ աճում են առաջիկա տարիներին Ստամբուլում ավերիչ երկրաշարժի ռիսկերը։

«Որոշ գիտնականներ խոսում են այն մասին, որ Անատոլիական սալն, ընդհանրապես, պտտվում է,- Life.ru- ին ասել է երկրաբանա- հանքաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի պալեոսեյսմոլոգիայի և պալեոգեոդինամիկայի լաբորատորիայի վարիչ Անդրեյ Կորժենկովը։- Այսինքն, եթե դրա հարավային հատվածը 2023 թվականին որոշակի շրջադարձ կատարեց, ապա կարելի է ակնկալել նաև հյուսիսային հատվածի շրջադարձ (այսինքն՝ այն հատվածի, որտեղ գտնվում է Ստամբուլը):

Կորժենկովը միժամանակ ընդգծել է, որ Անատոլիական սալի պտույտը միայն վարկած է, իսկ, ընդհանուր առմամբ, ավերիչ երկրաշարժ Ստամբուլում իսկապես սպասվում է, սակայն, թե այն ե՞րբ այն տեղի կունենա, հնարավոր չէ որոշել, այսինքն՝ այն կարող է տեղի ունենալ նաև հարյուրավոր տարիներ անց:

Ստամբուլում էպիկենտրոնով հզոր երկրաշարժեր տեղի չեն ունեցել արդեն մի քանի դար, ասել է Կորժենկովը և բացատրել. դա նշանակում է, որ երկրաբանորեն անհանգիստ այս գոտում այսքան երկար ժամանակ կուտակվել է երկրակեղևի լարվածություն: Նրա կարծիքով, Թուրքիայում ստորգետնյա ցնցումների ներկայիս շարանը, ամեն դեպքում, այդ լարվածության լիցքաթափումն է, հարցն այն է, թե արդյոք այդ լիցքաթափումը կատարվե՞լ է, թե նոր է սկսվում:

«Մի անգամ այնտեղ նույնպես պետք է ուժեղ երկրաշարժ տեղի ունենա, և, հետևաբար, անհասկանալի է, թե դա (տեղի ունեցած երկրաշարժերը.- Ա.Հ.) ավելի ուժեղ երկրաշարժի ֆորշո՞կ է, թե ոչ մեծ լիցքաթափում լարվածության, որն անընդհատ կուտակվում է Հյուսիս- Անատոլիական խզվածքի երկայնքով տեղաշարժերի պատճառով»,- մեկնաբանել է երկրաբանա- հանքաբանական գիտությունների դոկտորը:

Եթե Ստամբուլում և հարակից շրջաններում վերջին օրերի երկրաշարժերն ավելի ուժեղ երկրաշարժի ֆորշոկներ (նախացնցումներ) են, ապա ավելի ուժեղ, այսինքն՝ արդեն ավերիչ երկրաշարժը հեռու չէ, իսկ եթե դրանք առանձին երկրաշարժեր են, լարվածության ոչ մեծ լիցքաթափում, ապա դժվար է կանխատեսել, թե հետագայում ինչ կլինի:

Նկատի ունենալով Թուրքիայում վերջին երկաշարժերը, սեյսմիկ ակտիվ իրավիճակը, ՌԴ գիտությունների ակադեմիայի Գեոէկոլոգիայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Ժիգալինն ասել է. «Ինչով կավարտվի դա և ինչպես կզարգանա, առայժմ դժվար է կանխատեսել»:

Թուրքիան աշխարհի սեյսմաակտիվ տարածաշրջաններից մեկն է։ Վերջին 50 տարվա ընթացքում երկրի տարածքում տեղի է ունեցել 15 ուժեղ երկրաշարժ: Չնայած սրան, ռուս սեյսմոլոգներից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Գորշկովը կարծես շահագրգռված լինելով, որ ռուսաստանցիները չդադարեցնեն իրենց զբոսաշրջային ուղևորությունները Թուրքիա, կամ գուցե նույնիսկ կաշառված լինելով այդ ուղևորություններից միլիոնավոր ռուբլիների եկամուտ ունեցող զբոսաշրջային գործակալություններից, ապրիլի 15- ին հայտարարել է, թե Թուրքիայում հանգստության շրջան է, որը կարող է տևել տասնամյակներ, և առաջիկա ժամանակաշրջանում, ներառյալ մայիսյան տոներին Թուրքիայում ուժեղ երկրաշարժ չի կանխատեսվում՝ նկատի ունենալով, որ մայիսյան տոներին բազմահազար ռուսաստանցիներ ցանկանում են մեկնել Թուրքիա հանգստանալու:

Կարծես ի հեճուկս Գորշկովի, վերոնշյալ հայտարարությունից 8 օր հետո տեղի ունեցավ Ստամբուլի 6,2 մագնիտուդով երկրաշարժը՝ ապացուցելով նրա հիշյալ կանխատեսման սնանկությունը:

Ստամբուլի երկրաշարժն առիթ հանդիսացավ հիշելու թուրք գիտնական Նաջի Գյորյուրի կանխատեսումը

Հիշեցնենք, որ տեսանող գիտնականի համբավ ձեռք բերած թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը, ով կանխատեսել էր 2023թ. Թուրքիայի հարավ- արևելքում 2023թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժերը, դեռ ս. թ. հունվարի սկզբին, Life.ru- իփոխանցմամբ , զգուշացրել էր Մարմարա ծովի շրջանում, որի ափին գտնվում է Ստամբուլը, հզոր ցնցումների վտանգի մասին: Գիտնական- կանխատեսի կարծիքով, համաղետը կարող է սպառնալ Ստամբուլի բնակիչներից գրեթե 4 միլիոնի կյանքին:

«Մեգապոլիսի մոտ 4 միլիոն բնակիչներ դեմ առ դեմ են մահվան հետ հնարավոր երկրաշարժի պայմաններում։ Նյութական կորուստները հնարավոր չէ պատկերացնել։ Ստամբուլի նույնիսկ ամենահեղինակավոր հաստատությունները պնդում են, որ քաղաքի շենքերի ավելի քան 60%- ը սեյսմակայուն չէ։ Ստամբուլում երկրաշարժը կկործանի մեզ, ես չեմ կատակում: Եթե Մարմարա ծովի տարածաշրջանը փլվի, ամբողջ Թուրքիան ծնկի կգա»,- գիտնականի խոսքն է մեջբերել «Haber Global» հեռուստաալիքը։

Գյորյուրը տեղեկացրել է, որ Մարմարա ծովի տարածաշրջանում տեկտոնական խզվածքների վերաբերյալ 10 տարի շարունակ հետազոտություններ են իրականացվել: Գիտնականը մանրամասնել է, որ Հյուսիս- անատոլիական խզվածքների հյուսիսային ճյուղը հատում է Մարմարա ծովը, և ճյուղերից մեկը, որը հայտնի է որպես կղզային, գտնվում է Արքայազնական կղզիներից (9 կղզուց բաղկացած խումբ) հարավ: Միաժամանակ Կումբուրգազյան խզվածքը ձգվում է Եշիլկյոյի շրջանի ափերից մինչև Սիլիվրի քաղաք: Գիտնականը հավելել է, որ խզվածքի երկու գծերն էլ արգելափակված են, ինչի հետևանքով նրանցում էներգիա է կուտակվում, և կա շփում, որը թույլ չի տալիս նրանց նրանց լիցքաթափվել և ավերել: Գյորյուրն ընդգծել է, որ այդ շփումը հաղթահարելուն պես պետք է երկրաշարժ սպասել:

Սեյսմոլոգները բազմիցս խոսել են Ստամբուլում հզոր երկրաշարժի հավանականության մասին։ Նրանց գնահատականներով՝ 7 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ (համեմատության համար նշենք, որ Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6.8- 7.2 մագնիտուդ) երկրաշարժերի դեպքում մոտ 90 000 շենք կարող է փլուզվել, 260 000- ը վնասվածքներ կստանան և կդառնան ոչ պիտանի բնակության համար, իսկ 4,5 մլն մարդու համար կպահանջվի ժամանակավոր կացարան:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=ivEswWmyuVw

https://www.youtube.com/watch?v=YzGzqy3Vyvs

https://www.youtube.com/watch?v=IIi6uJH1ZXE

Դիտվել է՝ 2292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ