Երեկ Հերմինե Վարդանյանից ստացա ուրախացնող լուրը՝ վերջապես լույս է տեսել ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆԻ «ՀՈԳԵՎՈՐ ԿԱՊԵՐ» նոր գիրքը։
Հիվանդության պատճառով ներկա չէի ծնունդին, իսկ գիրքը դեռ չեմ վերցրել ձեռքս․․․
Արա Բերքյանի անձնական արխիվում պահպանվող հազարավոր էջեր նյութերում ու նամակներում կարմիր թելի նման արծարծվում են Հայաստանին, օտար ափերում հայապահպանությանը, Հայոց ցեղասպանությանը, հայկական մշակույթին ու արվեստին առնչվող հարցեր։ Այս գիրքն էլ նորովի է պատմում, թե հեռավոր ափերում ինչ հուսաբեկություններ և հույսերի արթնացումներ է ունեցել, ինչպիսի մշտնջենական պայքարում է ապրել Արա Բերքյան մարդն ու գիտնականը՝ իր ներդրումը բերելու հարազատ ժողովրդի ճակատագրին։ Այդ նյութերը որոշակի պատկերացում են տալիս նաև նրա միջավայրի, հասարակական կյանքի մի շարք հայ և օտար նշանավոր դեմքերի մասին, առանձնապես՝ հայասեր անհատների։
Բերքյանն ապրեց ընդամենը 59 տարի, մահից երեք ամիս հետո է լրացել 60 ամյակը, բայց նա ժրաջան մեղվի նման է արարել, այսինքն՝ այնքան հարուստ է նրա հոգևոր ժառանգությունը կամ «մեղվանոց-փեթակ-արխիվը», որից դեռ կարելի շատ մեղրաքամ անել․․․
2024 թ․ լրացավ Արա Բերքյանի ծննդյան 90-ամյակը։ Այդ առիթով որոշել էի անդրադառնալ ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆ-ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ հոգևոր կապին, որն առնչվում էր հայկական ճարտարապետությանը։ Աշխատանքի ընթացքում պլանը փոխվեց, որոշեցի նաև հպանցիկ անդրադարձ կատարել նաև երկու գերմանացի հայասեր գիտնականների հետ հոգևոր կապին;
Նամակները թվայնացնելիս և շարելիս, ուշադրությունս գրավեց այն հանգամանքը, որ Հայոց այբբուբենի «Հ»- տառով սկսվող՝ «հայ», «Հայաստան», «հայրենիք» բառերից բացի, որոնք Բերքյանի էությունն էին, և լցված էր հայաշունչ հոգով, նրա կյանքում մեծ դեր են կատարել նաև գերմանացի և հայ երեք հայտնի գիտնականներ, որոնց ազգանունը սկսվում է «Հ»-ով՝ ՀԻԼՔՄԱՆ, ՀԱՅԵՐ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ։
Տեքստերը շարելիս մեկ անգամ ևս համոզվեցի, որ մարդկային փոխհարաբերությունները առավել երևում են նաև նամակագրությունից։
Երեքի հետ Բերքյանը ծանոթացել է Հայոց ցեղասպանությանն, գերմանա-հայկական հարաբերություններին, հայկական ճարտարապետությանն առնչվող խնդիրներով;
Այս գրքում ես ամբողջությամբ չեմ ներկայացնում Բերքյան-Հայեր բարեկամական կապի մասին։ Այդ նյութերը թվայնացած վեց հարյուր էջից ավելի, վստահել եմ բանասեր մի ընկերոջ, նա որոշել է ժողովածու պատրաստել դրանցով։
Գերմաներենից թարգմանել եմ Բերքյանի, Հիլքմանի, Հայերի տասնյակից ավելի նամակներ և նամակներից հատվածներ։
Գրքում զետեղել եմ Արա Բերքյանի 63 նամակ՝ հասցեագրված Վարազդատ Հարությունյանին և Վարազդատ Հարությունյանից ստացված 45 նամակ, ինչպես նաև՝ Արա Բերքյանի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՐԴԵՐ ԵՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՎԱՆՔԵՐ» անտիպ և «ՀՌԵՆՈՍԻ ԵՎ ԱՐԱՔՍԻ ՄԻՋԵՎ․․․» հայերեն գրքերի մասին մի քանի նյութեր։
Գրքի շապիկի առաջին և չորրորդ էջերում՝ Արա Բերքյանի մատիտանկարներն են։
Գիրքը (216 էջ) կազմեց, առաջաբանը հեղինակեց, ծանոթագրեց, նամակները գերմաներենից թարգմանեց և հրատարակության պատրաստեց
ԼԻԶԱ ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։
Խմբագիր՝ ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ։
Հրատակիչ՝ «ՎՄՎ»-Պրինտ, տնօրեն՝ ՎԱՀՐԱՄ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
համակարգչային ձևավորումը՝ ՀԵՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ։
Խորին երախտագիտությունս՝ «ՎՄՎ»-Պրինտ« հրատարակչության տնօրեն Վահրամ Մնացականյանին, ձևավորող Հերմինե Վարդանյանին և տպարանի աշխատակիցներին, որոնց սրտացավ վերաբերմունքով և բարյացակամությամբ է լույս տեսել գիրքը։
Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ