«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Փողոցում կանգնած երիտասարդը գիտի, թե ինչ է ուզում

Փողոցում կանգնած երիտասարդը գիտի, թե ինչ է ուզում
20.04.2018 | 13:55

Երեկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ոչ մի առարկայական առաջարկ չարեց այսօր փողոցում դժգոհություն հայտնող հազարավոր մարդկանց: Փոխարենը նա անընդհատ խոսում էր երկու տասնյակ մարդկանց մասին: Վարչապետ Սարգսյանը նույնիսկ երկխոսության մասին չակնարկեց, ինչի մասին նախօրեին հայտարարել էր նախագահ Արմեն Սարգսյանը: ՈՒ այս ֆոնին ըմբոստության ալիքը մեծանում է, ընդգրկելով նաև մարզերը: Այսօր արդեն Երևան-Աբովյան մայրուղին են փորձել ցուցարարները փակել: Հարց է առաջանում` դեռ ինչքա՞ն է իշխանությունն անտարբերություն ցուցաբերելու այս շարժման հանդեպ, ինչքա՞ն է չնկատելու տալու փողոցում կանգնած այն երիտասարդին, որը երկրի վաղվա օրը կառուցողն է և ուզում է հենց այսօրվանից այդ վաղն իր ուզած ձևով կառուցել:


Եթե նույնիսկ իշխանությունը չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության գնալ, նրա պահանջները կատարել, նա չի կարող անտեսել փողոցում կանգնած բազմաթիվ երիտասարդներին, ուսանողներին, որոնց հետ հաշվի չնստելն արդեն տապալում է նշանակում: Իսկ իշխանությունը գիտի՞, որ փողոցում կանգնող երիտասարդը բավական համարձակ է, ազատության սերունդ է ու չի ցանկանում ապրել հին, խորհրդային լճացած տրամաբանությամբ: Չի հասկանում, երբ իրեն ասում են, թե խորհրդարանական մեծամասնությունն է որոշում` իր անունից պե՞տք է խոսել, թե՞ ոչ: Դա իր համար նոնսենս է, քանի որ տեխնիկական գերզարգացած դարում նա միայնակ էլ կարող է շատ հարցերում մեծ համախմբում ստեղծել, ուղղորդել մարդկանց: Այսօր փողոցում կանգնած են երիտասարդներ, որոնք նման չեն մինչ այս եղած ընդդիմադիր շարժումների մասնակիցներին, սակայն այս ամենը կարծես չի ցանկանում հասկանալ օրվա իշխանությունը, դրա համար էլ շարունակում է հին մեթոդներով առաջ գնալ:


Այո, գուցե այսօրվա երիտասարդը շատ հարցեր չի տալիս շարժումը ղեկավարողներին, ծրագիր ու քաղաքական օրակարգը նրանցից չի պահանջում, չի հարցնում՝ պարոն Փաշինյան, ո՞րն է քո քայլերի հաջորդականությունը, բայց նա մեկ հարցում վստահ է ու, անկախ նրանից` հարթակում Փաշինյանն է, թե մեկ ուրիշը, նա լինելու էր հրապարակում, որովհետև այդ երիտասարդն այլևս չի ցանկանում ապրել այսպես, ուզում է իր ապագան տեսնել իր երկրում, ունի հստակ ձևակերպված ցանկություններ ու պահանջներ երկրից:


Իրավիճակի հանգուցալուծումը շրջադարձային պետք է լինի` կամ իշխանությունն իրեն կպահի այսօրվա պես ու իր ձեռքով կստորագրի սեփական տապալման դատավճիռը, կամ կնստի ու բաց տեքստով կխոսի հասարակության հետ՝ ընդունելով իր սխալները, և կոնկրետ իրավիճակը լուծող քայլեր կձեռնարկի այսօրևեթ: Եթե, իհարկե, ցանկանում է շարունակել մնալ իշխող մեծամասնություն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ