«Բալանսավորում», «բալանսավորվող քաղաքականություն», «դիվերսիֆիկացիա», «դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը» և նմանօրինակ բառակապակցություններով ու արտահայտություններով լեցուն էր իշխանության քաղաքական խոսքը, որին միացան ընդդիմության գործիչները, լրատվամիջոցները, քաղաքագիտունների բոլոր թևերի ներկայացուցիչները: Ճիշտ է այս երկու օրը Հայոց ցեղասպանության շուրջն է «դարակազմիկ» դիսկուրսը, բայց «բալանսի» արդիականությունը պահպանվում է և մերթ ընդ մերթ նորից կթեժանա, երբ «ինքնիշխանների», ռուսամետների նոր մենամարտերի ականատես կլինենք:
Ի դեպ, բալանսավորված արտաքին քաղաքականության անհրաժեշտությունն ընդունել են Հայաստանի Երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները, եթե հիշում եք՝ Վարդան Օսկանյանը այն անվանում եր կոմպլիմենտար (թարգմանում էին փոխհավասարակշռող) արտաքին քաղաքականություն: Մեկ նախադասությամբ սա նշանակում է՝ հավասար համագործակցային-բարիդրացիական հարաբերություններ զարգացնել և՛ Հավաքական Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ: Լա՞վ է դա, թե՞ վատ: Իհարկե, միանշանակ հոյակապ է, ո՞վ կարող է մերժել այս երանելի իրավիճակը: Բայց այլ հարց է՝ իրականում հնարավո՞ր է արդյոք կոմպլիմենտարիզմը միջպետական հարաբերություններում: Պատասխանը վաղուց առկա է միջազգային հարաբերությունների տեսության մեջ: Փոքր պետությունների համար այն մեծամասամբ անհնար է: Միայն մեծ պետությունները, որոնք ունեն ռազմատնտեսական հզոր կարողություններ և իրենց վրա կրում են արտաքին ազդեցության շատ փոքր չափաբաժին, միայն նրանք կարող են վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն: Օրինակ, լրիվ հասկանալի է, երբ գրում են, որ Չինաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի և Ճապոնիայի հետ, նա կարողանում է դա իրականացնել, երբեմն էլ, իհարկե, ստիպված որոշ տեղաշարժերով, իրավիճակին համապատասխան: Նման հնարավորություններ ունեն նաև Հնդկաստանը, Թուրքիան, Բրազիլիան: Փոքր պետությունները մեծամասամբ իրենց խնդիրները՝ տնտեսական, էներգետիկ, ռազմական և անվտանգային ոլորտներում, կարող են հաղթահարել միայն առավել մեծ քաղաքական միավորումների կազմում: Օրինակ, մերձբալթյան պետությունների համար դա ԵՄ-ի կազմի մեջ մտնելն էր և անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այստեղ, անդամակցելով, պետությունները վերպետական մարմիններին են փոխանցել իրենց ինքնիշխանության մեծ մասը, պահպանելով միայն ներքին ինքնուրույնությունը, և սա արդեն փաստ է: Պարզ է, որ այս դեպքում ծիծաղելի կլինի խոսել նրանց բալանսավորվող քաղաքականության մասին: Իհարկե, բացառված չեն յուրահատուկ իրավիճակներ, երբ փոքր պետության արտաքին քաղաքական միջավայրը հնարավորություն կարող է ստեղծել կարճաժամկետ միջակայքում կոմպլիմենտարիզմի սկզբունքներով գործելու համար: Օրինակ, 1990-ական թթ. երկրորդ կեսին և հետո, երբ Արևմուտքը և Ռուսաստանում իշխող Ելցինի կառավարությունը խուսափում էին կոնֆլիկտներից, փորձում էին համագործակցել, երբ Մեծ յոթնյակը Մեծ ութնյակ էր դարձել, մի խոսքով, ՌԴ-ԱՄՆ-ԵՄ ինչ-որ կեղծ միություն էր ստեղծվել: Այդ մեկ տասնամյայում ՀՀ իշխանությունների կոմպլիմենտաիզմը խնդիրներ չէր ստեղծում: Ներկա պայմաններում, երբ առկա է ՌԴ-Հավաքական Արևմուտք կոշտ հակամարտությունն ու պատերազմը Ուկրաինայում, Հայաստանի աշխարհագրական դիրքն ու սակավ ռեսուրսները նվազագույն հնարավորություն կարող են տալ բալանսավորվող քաղաքականության համար: Ո՞րն է ելքը: Թողնել կեղծ թեմաներով դիսկուրսը, լինել իրատես, այն, որ ասում են՝ խելոք-հեռատես-պրագմատիկ, և նոր փորձանքներ չբերել : Մի քանի նոր ցնցում, նույնիսկ կարճատև պատերազմ, և երկրում մարդ չի մնա: Առանց բնակչության ի՞նչ պետություն:
Գարիկ Քեռյան