Այն հանգամանքը, որ ուրիշ շատ երկրների համեմատությամբ բնակչության կյանքի ցածր մակարդակ ունեցող ԽՍՀՄ-ը, երկրորդ աշխարհամարտի վերջերից մինչև անցյալ դարի 80-ականների վերջերը, ուներ գերտերության կարգավիճակ, խոսում է այն մասին, որ մարդկանց կյանքի մակարդակը այս հարցում միարժեքորեն վճռորոշ գործոն չէ:
Ավելին, եթե այս հարցը քննարկում ենք երկրների աշխարhաքաղաքական ազդեցիկության իմաստով և նրանց հզորության տեսանկյունից, ապա ժամանակին աշխարհի ճակատագիրը որոշող Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, անցյալ դարի ընթացքում իրենց բնակչության կյանքի մակարդակի աճին զուգընթաց, կորցրին ազդեցիկությունը միջազգային գործերում:
Դրա հետ միասին, Պուտինի իշխանության գալուց հետո, վերջին 25 տարիների ընթացքում, Ռուսաստանը, իր բնակչության համեմատաբար ցածր կենսամակարդակով ու դարձյալ համեմատաբար ոչ մեծ տնտեսությամբ, մեր աչքերի առաջ և բազմաթիվ խանգարող հանգամանքների առկայության պայմաններում, ձեռք է բերել գերտերության կարգավիճակ:
Նման բացառիկ արդյունքի հետևում կանգնած է Ռուսաստանի ռազմական հզորությունը, որն էլ, իր հերթին, խարսխված է երկրի ընդհանուր էֆեկտիվ կառավարման, էներգակիրների վաճառքից ստացված ֆինանսների, ռազմական թեքումով երկրի սեկտորային արդյունաբերության բուռն զարգացման, որը հենված է բարձր մակարդակի կիրառական գիտության վրա և, վերջապես, պասիոնար բնակչության կազմակերպական հզորության վրա:
Ամբողջ աշխարհի աչքի առաջ վերջին 40 տարիների ընթացքում Ռուսաստանի հետ կատարվող իրադարությունների շղթան, սկսած գորբաչովյան պերեստրոյկայից, ԽՍՀՄ-ի փլուզումից, Ելցինի կառավարման կատաստրոֆիկ տարիներից, Պուտինի իշխանության գալուց և օլիգարխներին ծնկի բերելուց, մինչև այսօրվա բացառիկ ազդեցիկություն ունեցող երկրի կարգավիճակը, դեռևս պատմության կողմից պետք է ստանա իր օբյեկտիվ գնահատականը:
Պետք է հատուկ նշել նաև այն հանգամանքը, որ վերջին 100+ տարիների ընթացքում, այս էլ որերորդ անգամ, Ռուսաստանը կարողանում է ռադիկալ ձևով ազդել մարդկության պատմության վրա՝ ունենալով աշխարհի բնակչության մոտավորապես 2 տոկոսը միայն:
Այս համաշխարհային ու քաղաքակրթական բնույթի շատ մեծ կարևորության երևույթը խորապես հասկանալու և պատշաճ մակարդակի մեկնաբանությունների ու իմաստավորման կարիք ունի։
Միաժամանակ չպետք է մոռանալ որ այդ արտակարգ ֆենոմեն-երևույթի անբաժան մասն են կազմում ԽՍՀՄ-ի գիտատեխնիկական և տնտեսական վերելքը անցյալ դարի 20-30-ականներին, նույնը՝ երկրորդ աշխարհամարտից հետո և Ռուսաստանի ոտքի կանգնելը վերջին 25 տարիների ընթացքում։
Հ․Գ․ Խոսք մեր մտասևեռված դատարկաբաններին՝ այս գրառումը մեծ փաստի և այլ փաստերի շարքի ներկայացում է, մի բան, որը, անկախ ամեն ինչից, կարիք ունի խորապես հասկացվելու և աշխարհաքաղաքական, գաղափարական, քաղաքական ու տնտեսական առումներով իմաստավորումների։
Պավել Բարսեղյան