«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Գլորվում ենք դեպի անկառավարելի անհայտություն

Գլորվում ենք դեպի անկառավարելի անհայտություն
05.04.2025 | 08:19

Եթե փորձենք դուրս գալ գեղջկական մենթալիտետի ու ապրելակերպի ողորմելի սահմաններից և տեսնենք, թե ինչ խորության ճգնաժամային փոսի մեջ ենք հայտնվել անկախության ժամանակաշրջանի մեր կատարյալ անմիտ քաղաքականությամբ, ապա դժվար չէ տեսնել, որ այդ ամենի պատճառը մեր իսկ անճարակ տգիտությունն է, մանավանդ, ժողովրդին առաջնորդելու կոչված վերնախավի անհույս տգիտությունը։

Այն էլ տգիտության ամենազազրելի՝ իրեն երևակայող տեսակը, որն իր ինքնահավան անճարակության պատճառով և աշխարհի գործերի մասին դույզն-ինչ պատկերացում չունենալով, ավելի ու ավելի է ներփակվում իր բոժոժի մեջ՝ դրանով իսկ անհուսորեն հետ մնալով ուրիշներից։

Մյուս կողմից էլ, աշխարհի հետ շփվելու համար անհրաժեշտ բաց քաղաքականություն վարելն ինքն էլ է անհնարին, քանի որ քարանձավն ու ժամանակակից մտածողությունը հավասարի իրավունքով իրար հետ նույն լեզվով խոսել սկզբունքորեն չեն կարող։

Մեր անկախության շրջանի իրադարձությունների խայտառակ ընթացքը նույնիսկ դժվար է քաղաքականություն անվանելը, քանի որ այն պարզապես անճարակությունների ու սրիկայություններ մի խառը հեղեղ է։

Եվ այստեղ ամենակարևորն այն է, որ անարդարության և փոխադարձ ագրեսիայի մթնոլորտը հատուկ է մեր հասարակություն կոչեցյալի բոլոր շերտերին, այն պարզապես մեր մենթալիտետի կարծր հիմքն է։

Նորմալ հասարակությունները, իրենց դրական ու բացասական անխուսափելի գծերով հանդերձ, հիմնականում կենտրոնանում են մարդկանց համար բարիքներ ստեղծելու և դրանք հնարավորինս արդարացի բաժանելու վրա, իսկ աննորմալ սրիկաների հասարակությունը կենտրոնանում է բարիքները յուրացնելու և գողանալու վրա և այդ բանը նաև շատ բնական է համարում՝ «էսօր իրավունքը քո ձեռքն ա, դու ես թալանում, վաղն էլ իմ ձեռքում լինի՝ ես կթալանեմ» կործանարար տրամաբանությամբ։

Եվ այս հարցը մեր ներքին ուժերով լուծում չունի, իսկ մեր պատմության ընթացքում նման բաները իրենց կիսալուծումները գտել են միայն ցարական Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի կազմում եղած ժամանակ, երբ օտարի դիկտատն էր որոշիչը, ոչ թե մեր պահվածքն ու ցանկությունը, և եթե մեզ մնար՝ կլինեինք այն, ինչ դարձել ենք այսօր։

Հնարավոր է նաև, որ արդեն շատ ուշ և անհնարին է խելքի գալու համար՝ դրա լավագույն ժամանակը մեր անկախության առաջին 15-20 տարիներն էին, որը տկարամիտ լինելու և հնարավոր ապագան տեսնել չկարողանալու պատճառով մենք չկարողացանք գոնե մասամբ օգտագործել ի շահ մեր պետականության՝ ինչ արժեր թեկուզ մեր տխմար քաղաքականությունը սփյուռքի հարցում։

Դրանից հետո էլ, վերջին 15 տարիների ընթացքում մեր անդեմ քաղաքականությամբ ու ինքնակործան իներցիայով գլորվում ենք դեպի անկառավարելի անհայտություն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2429

Մեկնաբանություններ