«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հաջողության են հասնում այն հասարակությունները, որոնք լիովին չեն մսխել հոգեբարոյական պոտենցիալը

Հաջողության են հասնում այն հասարակությունները, որոնք լիովին չեն մսխել հոգեբարոյական պոտենցիալը
08.04.2025 | 10:38

Մարդկության պատմության մեջ շատ թե քիչ լուրջ բոլոր քաղաքակրթությունները իրենց հզորության գագաթնակետին հակված են եղել կարծելու, որ հավերժ են։ Նույնը՝ Պարսկական կայսրությունը, Հռոմեական կայսրությունը, Արաբական խալիֆաթը, վերջին 400 տարիներին աշխարհին իշխող Արևմուտքը և այլն։

Նույնը՝ Խորհրդային Միության դեպքում. անցյալ դարի 70-ականների կեսերին ու՞մ մտքով կանցներ, որ այն մի 15 տարի հետո փլուզվելու է։

Այս երևույթը Առնոլդ Թոյնբին անվանել է «անմահության միրաժ կամ պատրանք», երբ պատմական տվյալ պահին հարաբերականորեն ամենակարող մեկին թվում է, որ ինքն անմահ է։

Բայց պատմությունը այս հարցում, ինչպես նաև շատ այլ հարցերում, անողոք է, քանի որ բոլոր հասարակությունները մարդ արարածի նման ծնվում, հասունանում, ծերանում ու իրենց տեղը զիջում են ուրիշներին։

Բոլոր քաղաքակրթությունների համար մյուս ընդհանուր տենդենցն այն է, որ, տեսնելով սեփական անկման նշանները, նրանք ուղիներ են փնտրում իրենց նախկին հզորությունը վերականգնելու և իրենց կենսական ուժերը թարմացնելու ուղղությամբ։

Բայց այստեղ բոլորը չէ, որ հաջողում են, այլ միայն նրանք, որոնց վառոդամաններում դեռ վառոդ կա։

Ուրիշ խոսքով՝ ամեն մի քաղաքակրթություն տվյալ պայմաններում ու տվյալ շրջապատում ունի զարգացման դինամիկ պոտենցիալ, որի հենասյուներից մեկը հասարակության հոգեբարոյական ոչ նյութական բնույթի կերտվածքն է ու դրա պոտենցիալը, իհարկե, նյութական հենասյուների ու դրանց պոտենցիալների հետ միասին։

Մարդկանց հոգեբարոյական կերտվածքն ինքը քաղաքակրթական աճի հետ միասին դինամիկ ձևով ու աստիճանաբար սպառում է իր պոտենցիալը, և սկզբնապես քաջ, կռվազան ու ինքնազոհաբերության համեմատաբար կամովին գնացող մեկը կյանքի բարեկեցության աճի հետ միասին աստիճանաբար դառնում է բոլորովին այլ մարդ՝ էգոիստ, զգուշավոր, ռիսկի չգնացող ու, մանավանդ, կռվի ու անձնազոհության անպատրաստ։

Այս պրոցեսը կրում է հասարակական բնույթ, և բարեկեցիկ հասարակությունն ինքը, մանավանդ, նրա ոչ աղքատ մասը ու, հատկապես, վերնախավը այլևս պատրաստ չի լինում իր քաղցր կյանքից թեկուզ մի փոքր նահանջել, որն էլ ուղիղ գծով տանում է դեպի նման հասարակության անկում։

Այս իմաստով, որպես կանոն, հաջողության են հասնում այն հասարակությունները, որոնք դեռևս լիովին չեն մսխել իրենց հոգեբարոյական պոտենցիալը, անձնական կյանքում քչով բավարարվող են և, բացի դրանից, ունեն նաև նյութական լուրջ հնարավորություններ։

Այս առումով, հատկանշական է Արևմուտքի հետ արմատական բնույթի բախման մեջ գտնվող Ռուսաստանի դեպքը, որը վերջին 100+ տարիների ընթացքում կործանված վիճակից ոտքի է ելել մի քանի անգամ։

Նույնը՝ Չինաստանի, Հնդկաստանի և հոգեբարոյական պոտենցիալը դեռևս չմսխած ուրիշների համար։

Այս նույն տեսանկյունից պետք է քննարկել նաև ԵՄ-ի և, հատկապես, նրա արևմտյան ու հյուսիսային մասերի շատ ավելի բարեկեցիկ կյանք ունեցողների, ճակատագրի հետ կապված հարցերը, որը միաբևեռ աշխարհակարգից բազմաբևեռին կատարվող անցման արմատական բնույթի պրոբլեմներից մեկն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2951

Մեկնաբանություններ