«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Դեմոկրատիա կոչեցյալն էլ ունի իր պոտենցիալն ու հնարավորությունների վերին սահմանը

Դեմոկրատիա կոչեցյալն էլ ունի իր պոտենցիալն ու հնարավորությունների վերին սահմանը
04.04.2025 | 06:41

Մարդկանց կողմից փողի, իշխանության ու փառքի համար մղվող հավերժական պայքարը և դրանց ապահովման հիմնական միջոցների, այն է՝ ռեսուրսների ու դրանց հայթայթման համար անհրաժեշտ ազդեցության չափի ու սֆերայի համար կռիվը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ու պայմաններում ծնում են տարբեր բնույթի համապատասխան զինատեսակներ։

Այս իմաստով մարդկության զարգացման կապիտալիստական փուլը բացառություն չէր և սկզբնական շրջանում, սպառելով աշխատավոր մարդկանց ֆիզիկական շահագործման բոլոր միջոցները, ստիպված էր մտածել մարդկանց արտադրողականությունը մեծացնող սկզբունքորեն նոր ձևերի մասին։

Արտադրողականության աճի ապահովման համար կապիտալիզմի բերած հիմնական նորամուծությունը տարբեր մեքենաներն ու մեխանիզմներն էին, որոնց ստեղծումը պահանջում էր գիտելիք, որն էլ կարելի էր ստանալ որակյալ կրթական համակարգի միջոցով միայն։

Այս հանգամանքը Եվրոպայում ծնեց հասարակական պահանջարկ գիտելիքի, կրթության և, ընդհանրապես, առաջընթացի նկատմամբ, որոնք էլ, բոլորը միասին, ծնեցին լուսավորության դարը։

Բայց միայն դա բավական չէր մարդկանց արտադրողականությունը կտրուկ բարձրացնելու համար, և կապիտալիզմը, իր իսկ շահից ելնելով, քայլեր կատարեց մարդկանց բարեկեցության աստիճանական բարձրացման և նրանց կամաց-կամաց ազատություն ու իրավունք տալու ուղղությամբ։

Բայց դեպի մարդկանց արտադրողականության աճն ուղղված նման կարգի բոլոր միջոցները ունեին իրենց պոտենցիալը, որը սպառելուց հետ պարզվեց, որ մարդիկ, չափավոր բարեկեցության, ազատության ու իրավունքի համն առնելով, ավելին են ուզում, այն է՝ ուզում են ինչ-որ չափի մասնակցություն հասարակության կառավարմանը։

Այստեղ է, որ կապիտալը, որը վաղուց արդեն պետական կառավարման օրգանական մաս էր կազմում, որոշեց նոր շունչ տալ հին աշխարհից եկող դեմոկրատիա գաղափարին։

Եթե հին հույների առաջնորդները, կրիտիկական իրավիճակներում գործի հաջողության համար և, միաժամանակ, հետևանքների պատասխանատվությունը գոնե մասամբ իրենց վրայից գցելու նպատակով, որոշումների կայացմանը մասնակից էին դարձնում նաև հասկացող հասարակ մարդկանց, ապա կապիտալիզմը այդ հարցին տվեց սկզբունքորեն նոր լուծում։

Գիտակցելով, որ, ընդհանուր առմամբ, հասարակ մարդկանց չափից դուրս ակտիվ մասնակցությունը հասարակության կառավարման բարդ գործին ո՛չ իշխանությանն է ձեռք տալիս, և ո՛չ էլ կապիտալին, որոշվեց, որ այդ գործում ստեղծվի մի այնպիսի մեխանիզմ, որով ժողովրդին կթվա, որ ինքն էլ է մասնակցում երկրի կառավարմանը, բայց իրականում այդ մասնակցությունը լինի հնարավորինս մինիմալ։

Եվ այդ նպատակի համար առաջ քաշվեց ընտրությունների հանճարեղ գաղափարը, որն էլ իր հետևից բերեց այդ պրոցեսում մրցակիցների նախնական ընտրության ածանցյալ գաղափարը և որը հարցի մեխն էր հետևյալ պարզ պատճառով։

Եթե նախօրոք կապիտալն ու իշխանությունները այնպես են կազմակերպում ընտրություններին մասնակցող մրցակիցների կազմը, որ նրանցից որն էլ ընտրվի՝ իրենց համար արդյունքը կլինի մոտավորապես նույնը, ապա նաև մարդկանց կթվա, թե իրենք որոշեցին այդ ամենը։

Բայց այս ամենին հնարավորինս բնական տեսք տալու համար պահանջվեց կատարել մի շատ կարևոր քայլ ևս՝ կուսակցությունների ստեղծումը, որոնց առաջնորդներն էլ կդառնային մրցակիցներ ընտրական պրոցեսում։

Այսինքն, առաջ քաշվեց քաղաքական բնույթի քայլերի մի հաջորդականություն, որը առավելագույնս կառավարելի դարձրեց իշխանությունների ձևավորման և դրանց նպատակային ժառանգականության ապահովման գործը։

Եվ որոշվեց այդ ամենի անունը դնել դեմոկրատիա կամ ժողովրդավարություն, քանի որ, ըստ գաղափարի, ամեն ինչ դեմոսը կամ ժողովուրդն է որոշում։

Բայց, ինչպես ամեն մի գաղափար, երևույթ կամ պրոցես, դեմոկրատիա կոչեցյալն էլ ունի իր պոտենցիալն ու հնարավորությունների վերին սահմանը, որոնք, վաղ թե ուշ, իրենց սպառում են, որը և տեղի է ունենում մեր ժամանակներում, մանավանդ, երբ այլ հզոր հոգեբանություններ են մտնում մրցասպարեզ։

Իսկ ամեն մի իրեն սպառող, բայց նաև ապրել ուզեցող ցանկացած գաղափար սկսում է դիմել տարբեր բնույթի ոչ ադեկվատ քայլերի իր կյանքը երկարացնելու համար, այսինքն, իր զարգացման պրոցեսում մտնում է յուրատեսակ դեկադանսի փուլ, այն, ինչ որ ներկայում կատարվում է դեմոկրատիա կոչեցյալի հետ։

Շատ հետաքրքիր են նաև դեմոկրատիայի գաղափարը սրա-նրա խեղճուկրակ վզին կապելու հետևանքները, որի վառ օրինակն է նաև մեր դեպքը՝ իր աներևակայելի ծամածռություններով։

Եվ սա դեռ միայն սկիզբն է, այս խմորը դեռ շատ ջուր կտանի։

Նոր աշխարհակարգի ձևավորումը դեռ նոր-նոր է սկսվում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ