Մեզ վրա մեծ տպավորություն թողեց ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հրապարակումը («Իրատես», թիվ 59)` նվիրված արևային թեմատիկային: Արևային տեխնիկայի զարգացման առեղծվածը մնում է Հայաստանի տնտեսության ողբերգական վիճակի հայելային պատկերը: Հարց՝ ո՞րն է պատճառը, որ մեր երկրի իշխանությունները և մեր գիտնականները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, Պուտինի բնորոշմամբ, պլանետար մասշտաբի խնդրի լուծման հայկական տարբերակի ներդրման և դրանով ևս` որպես քաղաքակիրթ ու աշխարհի համար պիտանի ազգ ներկայանալու համար: Ճիշտ է նկատել հոդվածագիրը, որ մեր ցավալի հայկական խնդիրների լուծման ամենակարճ ճանապարհը մարդկության մատից մի փուշ հանելն է: Սակայն Հերունի-Համազասպյան հելիոֆիկացիայի ծրագրի նպատակը ոչ թե փուշ հանելն է, այլ Հայաստանի տնտեսական ճգնաժամի հաղթահարումը` շատ գեղեցիկ, նպատակասլաց ու ռացիոնալ քայլերով: Ինչպե՞ս կարող են մեր իշխանավորները հանգիստ ապրել, եթե Հայաստանում ծնված գաղափարները անտեսվում են, բայց դրանք, ամենայն հավանականությամբ, ծառայելու են Պուտինի, Նազարբաևի և այլոց երկրների ծաղկմանն ու բարգավաճմանը: Այսօր մեր գյուղացիները տնտեսական ֆիասկո են ապրում` աստվածատուր խաղողի բերքի չիրացման պատճառով, որը հնարավոր չէր լինի պատկերացնել հելիոֆիկացված Հայաստան աշխարհում, եթե մեր համապատասխան ոլորտի չինովնիկները կարողանային տասնամյակներ հեռուն տեսնել ու մեր աշխատավոր գյուղացիներին այսպիսի դաժան իրողության առաջ չկանգնեցնել: Համաշխարհային տնտեսության զարգացումը առևտրային պատերազմի արգասիք է: Շատ դժվար է գտնել տնտեսության զարգացման մի այնպիսի ոլորտ, որը դուրս մնացած լիներ համաշխարհային կորպորացիաների ուշադրությունից։ Այսպիսի երջանիկ տարբերակներից մեկը կարող է համարվել արևային տեխնիկայի ոլորտը իր հելիոտեխնոլոգիաներով ու դրանց կիրառության տրամաբանական ավարտը ավետող հելիոֆիկացիան: Հերունի-Համազասպյան գաղափարի հիմնական նպատակը համաշխարհային տնտեսության մեջ առաջացած վակուումի լրացումն էր, որը մեր պայմաններում կարող էր հաջողությամբ աշխատել: Մենք ուշի ուշով հետևելու ենք Հայաստանում արևային տեխնիկայի զարգացմանը և հույս ունենք, որ այս գործընթացում մենք կգրավենք մեր արժանի տեղը աշխարհում և, առաջին հերթին ԵԱՏՄ երկրների շարքում:
Խորին հարգանքով`
Ռոբերտ ԴԱՇՏՈՅԱՆ
«Գոյապահպանություն» համագործակցության ծրագրերի համակարգող
ՀԱՊՀ գիտաշխատող
Վահե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
ՀԱՊՀ-ի «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ.