Մեր գոյությունը շարունակելու հետ կապված պրոբլեմի լուծումների փնտրտուքը առաջին հերթին պահանջում է գնահատել մեր երկար ու ձիգ պատմությունը, որի ընթացքում, մանավանդ վերջին հազարամյակի ընթացքում, մշտապես եղել ենք լինել-չլինելու արանքում ինչ-որ տեղ։
Նման գնահատականի կարևորությունը պայմանավորված է նրանով, որ մեր անկախության շրջանի տկարամիտ, անպատասխանատու ու խորապես տգետ արտաքին ու ներքին քաղաքականությունների իմիտացիան մեզ այսօր կանգնեցրել են նույն կոտրած տաշտակի առաջ։
Խորհրդային կարգերը, անկախ ակնհայտ սխալներից, որոնց հետևանքով ԽՍՀՄ-ի նման գերտերությունը փլուզվեց, մեր նման ծայրամասերի նկատմամբ որդեգրել էին մի քաղաքականություն, որը խեղճուկրակ և կիսաֆեոդալական պայմաններում ապրող մարդկանց համար ապահովեց քաղաքակրթական թռիչք՝ միջնադարից դեպի ժամանակակից կյանք։
Ավելին, նույն քաղաքականությունը ծնեց մի շատ հետաքրքիր տենդենց ևս, այն է՝ բոլոր ժողովուրդները և հատկապես միութենական հանրապետությունները, որոնք, որպես կանոն, սկզբում ունեին բացասական ինքնագնահատական, աստիճանաբար, սկսած խրուշչովյան մասնակի ազատականացման շրջանից, կամաց-կամաց սկսեցին անհիմն կերպով բարձրացնել սեփական ինքնագնահատականը։
Դրա պատճառը խորհրդային ազգային քաղաքականությունն էր, ըստ որի, բոլոր ժողովուրդները պետք է ունենային գրականություն, արվեստ, բազմակողմանի մշակույթ, կրթություն, գիտություն և, նույնիսկ, գիտությունների ակադեմիա։
Եվ սկսվեց մրցակցային պայքար, թե ով է ավելի հին, զարգացած ու բարձր մակարդակ ունեցող և այլն, որն էլ անխուսափելիորեն բերեց ազգայնականության վտանգավոր աճի։
Եվ այսպես ամեն մեկը, իր մասին չափազանցված մեծ կարծիք ունենալով, ընկավ բաղձալի անկախության գիրկը, որից սպասվում էր, որ երկնքից պետք է թափվի մանանա, և բոլորը վերջապես կազատվեն ռուսների թվացյալ ճնշումից։
Ճիշտ ու ճիշտ այն տրամաբանությամբ, որն ասում է՝ եթե ընկույզի ծառն այսքան մեծ է, բա ձմերուկի ծա՞ռն ինչքան մեծ կլինի։
Այսինքն, մեր կարծիքով, եթե խեղճուկրակ սովետի պայմաններում այսպես ենք ապրում, բա անկախության ժամանա՞կ ոնց կապրենք։
Բայց շատ արագ պարզվեց, որ անկախության մասին իդելականացված պատկերացումներն ու իրական կյանքը իրարից շատ հեռու բաներ են։
Բացի դրանից, կյանքի անվտանգության մասին պատկերացումները, որոնք առաջացել էին ռուսական պետականության հովանու ներքո, արագ հօդս ցնդեցին, և այս իմաստով հետ վերադարձան կիսաֆեոդալական ժամանակները։
Ավերվեց արդյունաբերությունը, հողերն անտեր մնացին, վերացան կրթությունն ու գիտությունը, մարդիկ հեռացան ուրիշ երկրներ և այլն՝ մի իրավիճակ, որն օբյեկտիվ ինքնագնահատականի խիստ կարիք ունի նաև այսօր։
Եվ հարցերի հարցը այստեղ այն է՝ արդյո՞ք անկախության շրջանի այս վարընթացը անխուսափելի էր, թե ոչ, ու եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ հավանականություններով, 0 և 1, թե՞ մի քիչ գոնե դրանցից տարբերվող։
Այսինքն, գոնե մի փոքր շանս ունեի՞նք մարդավարի երկիր դառնալու, թե՞ դա էլ չունեինք հենց սկզբից։
Այստեղ հիմնական պրոբլեմն այն էր, որ մեր ղեկավարությունը պետականության հարցին մոտեցավ խորհրդային ստանդարտներով՝ առանց հասկանալու պրոբլեմի բարդությունը։
Մտածում էին՝ դե, ոնց որ նախկինում շրջկոմի քարտուղարը ժողով էր անում, հանձնարարություններ տալիս ու հետո էլ կանչում-ստուգում ու նոր հանձնարարություն տալիս և այլն, ու այդ ամենի թիկունքում էլ ահռելի երկրի հզորությունն էր կանգնած, և գործն էլ մի կերպ առաջ էր գնում, դե, նույնն էլ կլինի նաև հիմա։
Պարզունակ իներցիայով նման կերպ երկիր կառավարելու փորձը չէր կարող հաջողություն ունենալ, մանավանդ, ամենաբարձր դիրքում դրանք իրականացնողները շատ հեռու էին պարզունակ ադմինիստրատիվ շրջանակներից դուրս գալուց ու պետական մակարդակի ռադիկալ բնույթի նոր խնդիրներ դնելուց։
Անգաղափար ու գավառական ինտրիգային պարադիգմով երկրի կառավարումը անկախության հենց առաջին օրից հղի էր ձախողումով, այն էլ՝ նման պատմական բեռով ու վայրագ շրջապատով։
Նման պայմաններում երկրի ղեկավարի դիրքում պետք է լիներ ուսյալ, կամային, գաղափարական ու անկաշառ մարդ, որը, աշխարհի լավ ու վատի մասին հստակ պատկերացումներ ունենալով, կարող էր նաև համատարած թալանի ու անիրավության մթնոլորտում ճիշտ կողմնորոշվել։
Մի խոսքով, մանավանդ սկզբնական շրջանում, նման մարդու կարիքը խիստ կար, որը, արտաքին քաղաքականության մեջ ստիպված դրսի դիկտատով գործելով, գոնե ներքին քաղաքականության և հատկապես տնտեսական հարցերում «ա»-ն «բ»-ից ջոկեր, բայց դա էլ չունեցանք և պարզունակ շուկայական դոգմաներով ու պատկերացումներով երկիրը տարանք կործանման։
Ինչ ասեմ, ոնց որ 6-րդ դասարանի աշակերտին ասես բարձրագույն մաթեմատիկայի խնդիր լուծի, նույնն էլ մեր տգետ ու գավառական ղեկավարների ու իրենց նմանությամբ ընտրված շրջապատի հետ տեղի ունեցավ, որն էլ տարավ դեպի երկրի կենսական ուժերի սիստեմատիկ անկման։
Մեր ճակատին գրված է՝ պատմական ամենաբարդ ու վտանգավոր շրջաններում, կամակոր երեխայի նման, ամեն ինչում բռնել հակառակվելու ուղին, իրավիճակ, երբ խիստ պատիժը անխուսափելի է դառնում։
Պավել Բարսեղյան