«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Այն երկրներն են նորմալ կյանքով ապրում, որտեղ դոմինանտ դիրք ունի միտքը

Այն երկրներն են նորմալ կյանքով ապրում, որտեղ դոմինանտ դիրք ունի միտքը
22.03.2025 | 06:28

Բարդ և ճակատագրական նշանակություն ունեցող բաների մեջ պարզ միջոցներով խորանալը կամ խորանալու իմիտացիան իրենց մեջ պարունակում են շատ լուրջ գոյաբանական վտանգներ։

Դրա վկայությունը մեր իսկ պատմությունն է, սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից, երբ օտարները մեր մեջ տեսան Օսմանյան կայսրության դեմ պայքարելու ինչ-որ աստիճանի էֆեկտիվ միջոց, և դրանով էլ որոշվեց մեր նորագույն պատմությունը իր ընդհանուր գծերով։

Չունենալով լուրջ և քաղաքական կյանքի փորձ ունեցող ու հասարակական շահերը հասկացող ու դրանցով ապրող վերնախավ՝ մենք դարձանք մի պարզունակ խաղալիք այդ նույն բաները հասկացող օտարների ձեռքին։

Բայց ունեինք նաև ազնիվ ազատագրական ձգտումներով լուրջ մարդիկ և նաև բազմաթիվ րոպեական շահեր հետապնդող ավանտյուրիստներ, որոնք, ինչպես ամենուր, քաղաքական կյանքը կամ դրա իմիտացիան համարում էին ոչ վատ զբաղմունք հասարակության մեջ երևալու համար։

Այս և նման այլ հարցերում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է ելնել նրանից, որ աշխարհում բոլորը՝ և՛ ազնվագույն ու լավագույն ձգտումներով մարդիկ, և՛ անազնիվ ու ոչ գովելի ձգտումներով մարդիկ, իրենց գործողություններով ու շատ հաճախ, նույնիսկ առանց գիտակցելու, ձգտում են գրավել մարդկային հարաբերություններում և հասարակության ու իրենց անմիջական միջավայրում հնարավորինս ազդեցիկ դիրք։

Սա շատ թե քիչ անվտանգ կյանքի հիմնական օրենքն է, իսկ եթե կյանքին անմիջական վտանգ է սպառնում, ապա այս առավելագույն ազդեցիկության սկզբունքը կորցնում է ուժը՝ իր տեղը զիջելով կյանքի համար մաքուր կենսաբանական պայքարի միջոցներին՝ այն, ինչ որ անում է կենդանին՝ կռիվ տալով կամ էլ փախչելով։

Մյուս կարևոր սկզբունքը, որով պետք է առաջնորդվել ապրելու համար մղվող պայքարում, դա այն է, որ մարդկության կյանքի ընթացքի վրա առավել ազդեցություն ունեցող հզորների համար ո՛չ իրենց երկրների հասարակ մարդկանց կյանքը, և ո՛չ էլ, առավել ևս, այլ ու ոչ ազդեցիկ երկրների մարդկանց կյանքը որևէ էական արժեք ու նշանակություն չունի, բացի կարիքի դեպքում ուրիշի շահի համար կռվող ու նաև զոհ լինելը։

Մյուս կողմից էլ, պետական ու հասարակական կյանքի տևական փորձ չունեցող մարդիկ, և նրանց վերնախավը, և սովորական մարդիկ, իրենց վարքով ու պահվածքով շատ ավելի մեծ հակում ունեն դեպի էգոիզմը, քան թե լուրջ պետականության սահմաններում ապրող մարդիկ, եթե նրանց էլ տևական շատ բարեկեցիկ կյանքը դեռևս անհույս էգոիստներ չի դարձրել։

Ներկայում, հայտնվելով կիսաանկախ քաղաքական կյանքի պայմաններում և չունենալով նման պայմաններում ռացիոնալ որոշումներ կատարելու հատկություններ և ունակություններ, մենք հույսներս դրել ենք պարզագույն մեթոդներով ու միջոցներով բարդագույն խնդիրներ լուծելու վրա, որը պարզապես անհնարին է ամեն ճեղք ու անկյուն սողոսկած համատարած տգիտության պայմաններում։

Այստեղ էր երջանկահիշատակ Չարենցն ասում՝ «Սանձել է ուզում հողմերին այս ողորմելին»։

Ներկա պայմաններում, միակ բանը, որի վրա դեռևս կարելի է հենվե,լ և որը հզորները մեր ձեռքից վերցնել չեն կարող, դա մտքի ուժն է, որը ռացիոնալ մոտեցումներով կարող է ցույց տալ տվյալ վիճակում որևէ ելք։

Բայց մեր կյանքի շատ էական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ համատարած տգիտության պայմաններում տգետների և միտք կրողների միջև պայքարում վերջին 34+ տարիներին հաղթողը միշտ եղել են առաջինները։

Իսկ պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ այն երկրներն են նորմալ կյանքով ապրում, որտեղ դոմինանտ դիրք ունի միտքը և, հատկապես, կառավարող միտքը։

Նման ընթացքով մեր կյանքը շարունակելու վերջը որևէ ցանկալի կամ անցանկալի հզոր կամ կիսահզոր մեկի գրպանում հայտնվելն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3203

Մեկնաբանություններ