Ամեն տարի ծառերի թևերը պոկում են, ու ես էսքան տարի չկարողացա վարժվել էդ դաժան քաղաքային էսթետիկային։ Փողոցի ամբողջ երկայնքով շարված են կռնատ ծառերը՝ լուռ, գլխիկոր, բռնաբարված․․․ Ասես՝ պատժված լինեն, բայց ո՞ր մեղքի համար՝ չես հասկանում։ Ամեն մեկը մի անշարժացած որդեկորույս մայր ա։ Ախր, ճյուղերն արդեն բողբոջել էին, ուր որ էր՝ ծաղկելու էին, ու ամբողջ փողոցը լցվելու էր ծաղիկներով։ Ո՞վ պիտի պատասխան տա էդքան մեռած բողբոջների համար, էդքան չծաղկած ծաղիկների համար․․․ Ու ամենատանջալին էն ա, որ ծառերը լուռ են, խոսալ չգիտեն, տնքալ չգիտեն, բողոքել չգիտեն։ Լուռ ցավն անտանելի ա, նայել չի լինում։
Մեր մանկության դաժան խաղերից մեկն էն էր, որ մորեխին բռնում էինք ու ոտքը պոկում։ Մորեխն էլ էր լուռ, ձեն չէր հանում, ու մեզ թվում էր, թե չի ցավում։ Մեզ թվում էր, թե մորեխի կյանքը կյանք չի, այլ մեր խաղի ինչ-որ թռուցիկ էպիզոդ ա, թվում էր, թե մորեխի ցավը ցավ չի։ Հետո խաղում էինք պոկած ոտքով, իսկ մորեխին դեն գցում՝ խոտերի մեջ։ Բդի ծայրից սեղմում էինք՝ ոտքը ծալվում-բացվում էր։ Հետաքրքիր էր։ Իսկ թե ինչ էր լինում մորեխի հետ, չէինք էլ մտածում։ Երևի դրանից հետո մորեխը երկար չէր ապրում, տանջանքների մեջ սատկում էր։
Երբ մեծացա, հասկացա, որ մարդկանց հետ էլ են էդ խաղը խաղում՝ բռնում են, ոտքը պոկում ու մարդուն դեն նետում։ Կամ էլ թևերն են պոկում ու մարդուն ոտի տակ գցում։ Էդ խաղը սիրում են խաղալ նրանք, ովքեր համոզված են, որ իրանց ի վերուստ թույլատրված ա դա անել՝ իբր՝ ընդհանուր շահի համար։ Բայց ընդհանուր շահն ուրիշի ցավի վրա չի կառուցվում, փուլ ա գալիս, իսկ սրիկան երբեք հայրենասեր չի դառնում՝ ինչքան էլ աստվածատուր համարի իր սրիկայությունը։ Չէ, չի՛ լինում՝ ես սրիկա եմ, բայց հայրենասեր։ Սրիկան չի կարող հայրենասեր լինի, քանի որ հայրենասերը հայրենիքը սիրողն ա, իսկ սրիկան սիրել չգիտի։ Սրիկայի սերն ատելությունն ա։ Նա կարող ա հայրենիքն ատել ու կործանել՝ ամբողջ աշխարհի հետ միասին։
Ու ամենատանջալին էն ա, որ հայրենիքը լուռ ա՝ չի տնքում, չի բղավում, ամենատանջալին էն ա, որ աշխարհը լուռ ա․․․
Հենրիկ Պիպոյան