Գաղտնալսումների գլխավոր վարչությունում շաբաթվա ամփոփիչ հաշվետվությունն էր: Բոլորը հաստափոր թղթապանակները դեմները շարած հորանջելով սպասում էին պետին: Պետը ներս մտավ, նստեց ու ոգևորված շփեց ձեռքերը.
- Դե, ձեզ տեսնեմ, քաջեր: Գիտեք, որ մեր երկրի սպասելիքները շատ մեծ են մեզնից: Դեմներս էլ Նոր տարի ա: Ահագին պրեմյա են խոստացել: Մենք պիտի անդադար կարևոր խոսակցություններ լսենք ու հասցնենք վերև:
Սկսենք քեզանից, Ականջօղլյան: Ինչի՞ ա ականջդ ուռել:
- Ես լսում էի ձեր ասած գյուղապետի կնկան, շեֆ:
- Բայց ես հանձնարարել էի, որ գյուղապետին լսես:
- Դե, մտածեցի, որ կնիկներն ավելի շատ բան են իմանում: Ոնց որ իմ կնիկը:
- Ապրես, ճիշտ ես մտածել: Էսօր կարո՞ւմ ենք բռնենք գյուղապետին:
- Վախենամ՝ չէ, շեֆ:
- Ո՞նց թե՝ չէ: Բա էդ երկու պապկա ի՞նչ ես արձանագրել:
- Բլինչիկի ռեցեպտներ են, շեֆ:
- Հո դու անասուն չե՞ս, արա: Ի՞նչ բլինչիկ:
- Բա ի՞նչ անեի, էդ կնիկը մենակ բլինչիկից էր խոսում:
- Ամբողջ շաբաթ մենակ բլինչիկի՞ց:
- Հա: Մի անգամ մենակ ավելուկից խոսաց, բայց չարձանագրեցի:
- Խի՞:
- Ականջիդ չդնես, շեֆ: Ավելուկի ռեցեպտը իմ կնիկն էլ գիտի:
- Լավ, քո հետ հետո կխոսամ: Իսկ պրեմյայի մասին մոռացի: Լոշտակունի՛:
- Լսում եմ ձեզ ես ուշադիր,
Հավերժ մնամ ձեզ ունկնդիր:
- Ինչի՞ են քո պապկեքը էդքան շատ: Դո՞ւ ում ես լսել:
- Լսել եմ ես պոետներին թափառական,
Որ սոված են ու չեն տեսնում մեր ապագան:
- Ո՛նց թե չեն տեսնում: Ո՛նց թե չեն տեսնում: Ա՛յ դրանց էսօր կհավաքենք:
- Մի հավաքեք պոետներին վտարանդի,
Թող ժանգոտի սատանայի սուր գերանդին:
- Ի՞նչ ես դուրս տալիս, ա՛յ ցնդած: Համ էլ խի՞ ես հանգավոր դուրս տալիս:
- Երբ երկու օր գլուխ դրի ես նրանց հետ,
Երրորդ օրը ես էլ դարձա ցնդած պոետ:
- Չէ, դու ավելի մեծ անասուն ես: Ուրեմն էդ հինգ պապկեդ էլ ժողովածուներ ե՞ն:
- Հատընտիր են պապկեքը այս քնարական,
Մեջները լի պոեմներ կան ու... շարական:
- Էլ ծպտուն չհանես: Դու մեռար: Դրանց սկի իրանց կնիկները չեն լսում, իսկ դու նստել ու մի շաբաթ լսել ես:
- Շռայլեք ինձ բազմապատիկ պրեմյաներ,
Ինչպես առաջ նախկին պետը կաներ:
- Նախկինի անունը չտա՛ս, լեզուդ կկտրեմ: Քո հետ էլ հետո կխոսամ: Լսողո՛ւնց:
- Հա:
- Ի՞նչ ես Արարատի չկայացած կոկորդիլոսի պես վրես նայում: Դո՞ւ ում ես լսել:
- Ես պիտի առանձին խոսամ:
- Էլ զահլա չունեմ, տրամադրությունս էլ ընկավ: Շո՛ւտ ասա, ո՞ւմ ես գաղտնալսել:
- Իմ կնկան:
- Իիիի՞նչ: Ո՞վ ա քեզ թույլ տվել:
- Վախեցար հա՞: Ուրեմն մեզ շաբաթներով նստացնում ես հեռախոսների վրա ու բլինչիկաբան անում, որ դու կնկաս հետ քեֆ քաշես, հա՞:
- Մի արա, Լսողունց, պրեմյա կտամ:
- Պրեմյան քո կնկան կտաս, որ վրեն նայող ըլնի:
- Պագոնիդ մի աստղ կավելացնեմ:
- Արդեն գլխիս մի կոտոշ ավելացրել ես:
- Ո՞նց թե ավելացրել եմ: Ուրեմն էլի է՞ս կոտոշ ունեցել:
- Հա:
- Ո՞վ ա դրել:
- Նախկին պետը:
- Յախք արա: Էլի՞ էդ նախկինը: Էդ նախկինների կաշին քերթելու եմ: Վեր կացեք ռադ էղեք, էլ ոչ մեկիդ չեմ ուզում լսեմ: Թե էդ անտեր օրենքը ով հնարեց:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ