Ո՞վ եւ ե՞րբ է այս քաղաքը կնքել «Հայրաքաղաք»։
Կարծում եմ` դժվար է գտնել «կնքահորը»։
Անկեղծ ասած դրա կարիքը չկա էլ, քանի որ Հայաստանի երկրորդ քաղաքն ինքնաբերաբար է արժանացել անվանը։
Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական … եւ դարձյալ Գյումրի։
Հնագույն բնակավայր է։ Սակայն Հայաստանը, առհասարակ, Հայկական լեռնաշխարհը բազմահարուստ է հնագույն քաղաքներով եւ գյուղերով։ Բայց կարծես թե Հայրաքաղաք կոչումը շնորհվել է միայն Գյումրիին։
Այժմ շրջեմ Հայրաքաղաքում։
Շուրջայցս սկսվեց երկաթուղային կայարանում։ Եվ ավարտվեց Սեւ բերդի մոտ։
ՀԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ
Ոմանք կասեն, որ «Լեննագանը» Պոլոզ Մուկուչի հայրենիքն է, հատկապես նախ հումորի մայրաքաղաք է։ Մյուսները վստահեցնում են բոլորին, որ Գյումրին նախ արվեստների եւ արհեստների կենտրոն է։
Բայց արդյո՞ք այն նաեւ սպորտի քաղաք չէ, գուցե անգամ մայրաքաղաք։
Գյումրեցիք, իրավացի են, չէ՞ որ Իշտոյանը լեննագանցոց նվերն է «Արարատին»:
Իսկ Յուրիկը Վարդանյան…
Իհարկե Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը, առանց որեւէ չափազանցության քաղաքամայր Երեւանի մատակարարն էր։ Նկատի չունեմ սննդամթերքը։ Չնայած ավագ սերունդը հիշում է, որ Լենինականում արտադրված ապխտած երշիկը մրցունակ էր ողջ ԽՍՀՄ-ում։ Լենինականը արդյունաբերական քաղաք էր։
Այո, Լենինականը մատակարարում էր Երեւանին գլխավորապես արվեստի վարպետներ։ Նկարիչներ եւ դերասաններ, ռեժիսորներ եւ այլ ոլորտների գործիչներ։
ՀԱՅՐԱՔԱՂԱՔԱՑԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Շատ նշանավոր դեմքեր «Լենինական-Գյումրիից» «հայրենադարձվել» են եւ հիմնական բնակություն հաստատել Երեւանում։
Թերեւս լավագույն օրինակը Մհեր Մկրտչյանն է եւ նրա եղբայր Ալբերտը։
Մհեր Մկրտչյանը, անկասկած, հայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշերից մեկն էր։ Զտարյուն լենինականցի, ով կյանքը կապեց Երեւանի հետ։ Սովորեց Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում,աշխատանքի անցավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Եվ սկսվեց գեղարվեստական գործունեության մի հրաշալի շրջան։ Փայլուն դերեր հայկական կինոյում եւ ոչ պակաս նշանավոր կերպարների մարմնավորումներ համամիութենական էկրանում։
Երեւանում է գործում երկրի ինքնատիպ թատրոններից մեկը։ Թատրոնը կրում է Մհեր Մկրտչյանի անունը: Մհեր Մկրտչյանը կարճ ժամանակում «իրենով այրեց» նշված թատրոնի բեմը։ Բայց հենց Երեւանում ծագեց նրա աստղը։
«Հատակում» եւ «Թաղականին կնիկը» ներկայացումներում նա համաշխարհային մակարդակի հասավ։
Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը վառ են, տպավորիչ են։ Նա կարճ ժամանակով եղավ Երեւանում։
Այս երկու վարպետները, ստեղծագործական գործունեություն ծավալելով, յուրովի կապ էին ստեղծում երկրի գլխավոր քաղաքների միջեւ։
Էդուարդ Արծրունյանը հրաշալի գեղանկարիչ է: Ծնունդով Գյումրիից է։ Եւվս մեկը, ով հիմնականում ապրեց Երեւանում, մնալով գյումրեցի։ Բայց նա ինչ-որ չափով մերվեց մայրաքաղաքին: Եւ դարձավ մի կամուրջ երկրի հյուսիսի եւ հարավի քաղաքային մշակույթների միջեւ։
Սփյուռքահայության մի մասը ապրեց եւ զորացավ Լենինականում, մյուսն էլ՝աշխատեց եւ ստեղծագործեց Երեւանում։ Եւ նրանք յուրօրինակ կամուրջ էին երկրի գլխավոր քաղաքների, նրանց մշակույթների միջեւ։
Մհեր եւ Ալբերտ Մկրտչյանների տոհմական ծագումը հաստատում էր մի կարեւոր բան. նրանց հայրը մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Այսինքն Գյումրիում ձեւավորվում էր մի միջավայր, ուր ցեղասպանությունը վերապրած արեւմտահայերից շատերը վերագտան իրենց պետականությունը։
Գյումրեցիներն ունեն մի հատկանիշ. երգիծանքը միշտ անպակաս է իրենցից։ Անընդունելի բարքերը, հոռի սովորույթներն արժանանում են պարսավանքի, եթե դրա կարիքը կա։ Բայց ժպիտը միշտ անպակաս է այս քաղաքում։
ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԸ
Ալեքսանդրապոլը 1840 թ.-ին պաշտոնապես ստացավ քաղաքի կարգավիճակ: Այն սահմանային բերդաքաղաք էր։ Եւ պատմական առումով շատ կարճ ժամանակ անց 1860-ականներին դարձավ երկրի առեւտրի, արհեստների եւ մշակույթի գլխավոր կենտրոնը։ Ալեքսանդրապոլում ավելի շատ վարպետներ կային, քան Թիֆլիսում։ Նրա դարբիններն ու քարագործները, մետաղագործներն ու ոսկերիչները հռչակված էին եւ’ Կովկասում, եւ’ նրա սահմաններից դուրս։
Գյումրին ունի իր «պահապան հրեշտակը»։
1975 թ.-ին Սեւ բերդի հարեւանությամբ տեղադրվեց անվանի արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության հիմնադիր նախագահ Արա Սարգսյանի կերտած Հայաստան հուշարձանը։
Խորհրդանշական է եւ կարծես ավետում է հինավուրց այս քաղաքի նոր վերածնունդը։
Վալենտինա ԱՂԱՅԱՆ