Մեր ժամանակների և հենց պատմության մեջ այս պահի ամենամեծ անորոշությունը կապված է այն բանի հետ, որ գոյության պայքարում հիմնական հակամարտ կողմերի պատկերացումները մեկը մյուսի ուժի, հզորության ու դրանց պոտենցիալների մասին, հնուց եկած մենթալիտետային իներցիայի պատճառով, գտնվում են անցողիկ վիճակում և դեռևս չեն համապատասխանում իրականությանը:
Նման անցումային անորոշ իրավիճակը աշխարհակարգային պարադիգմային փոփոխություններին ուղեկցող բնութագրական գծերից մեկն է:
Եվ բանն այն է, որ այդ ընթացքում զգալի կորուստ ունեցողները, նույնիսկ եթե արդեն ռեալ պատկերացում են ունենում մյուսների իրական ուժի ու հզորության մասին, միևնույնն է, դարձյալ չեն կարողանում հաշտվել դրա հետ:
Բացի դրանից, մարդկանց և հատկապես հակամարտ կողմերի վերնախավերի մենթալիտետային իներցիաները, նրանց նպատակներն ու դրանց հասնելու սկզբունքները իրենց իրականացման մեխանիզմների հետ միասին, իրարից զգալիորեն տարբերվում են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և իր մերձավոր շրջապատի ամենամեծ ծառայությունը մարդկությանը, կայանում է նրանում, որ նրանք կարողացան առաջինը հաղթահարել ուկրաինական պատերազմի հետ կապված իներցիան, մի բան, որն այնքան հատուկ էր այլ նպատակներ հետապնդող Բայդենի վարչակազմի իներցիոն պահվածքին և որը տանում էր դեպի գլոբալ բախում:
Նման մենթալիտետային իներցիայի ավելի վառ և վտանգավոր օրինակ է ԵՄ-ի և եվրոպական առանձին երկրների պահվածքը, որոնց համար իրականության հետ հաշտվելը շատ դժվար է այն պարզ պատճառով, որ աստիճանաբար պարզվող իրենց իրական տեղը արևի տակ և դերը ուկրաինական հակամարտության հանգուցալուծման գործում, նրանց համար պարզապես շոկային է:
Պարզվում է, որ այս հարցում իրենց կարծիքը, Ուկրաինայի կարծիքի նման, հզորներից որևէ մեկին չի հետաքրքրում, և դա է իրենց իսկական տեղը արևի տակ:
Մի բան, որը բացարձակապես անընդունելի է նրանց համար, քանի որ դեռևս չեն կարողացել, Մեծ Բրիտանիայի հետ միասին, հաղթահարել հարյուրամյա մենթալիտետային իներցիան, քանի որ առաջներում ճիշտ նույն ձևով իրենք էին որոշում ուրիշների ճակատագրերը, այն էլ՝ ծայրահեղ էգոիստական և մարդատյաց մեթոդներով:
Այս իմաստով ներկան բնութագրող ամենից կարևոր հանգամանքն այն է, որ դեռևս մինչև վերջ չի պարզվել ուժերի իրական հարաբերությունը ԱՄՆ - Ռուսաստան - Չինաստան եռյակի ներսում, որն էլ աստիճանաբար կպարզվի նրանց միջև առաջիկա շփումների, կոնտակտների ու բանակցությունների ընթացքոմ՝ կոմպրոմիսային լուծումների փնտրտուքի ժամանակ:
Աշխարհի պատմությունն ու ընթացքը իրենց բնույթով ուժային եղել են և այդպիսին էլ կմնան դեռ երկար ժամանակ, մինչև մարդկության պատմության ուժային պարադիգմի իրեն սպառելը:
Իսկ եթե մարդկության կյանքում իշխող ուժային սկզբունքը իրեն չսպառի, ապա դա անխուսափելիորեն կբերի ուժեղների ու թույլերի միջև պայքարի սրմանը՝ նպատակ ունենալով մարդկանց թվի ռադիկալ կրճատումը:
Այսինքն, մարդկանց միջև հարաբերությունների ուժային սկզբունքը, մնալով ուժի մեջ, կփոխի միայն իր իրականացման մեխանիզմները:
Այս իմաստով շատ կարևոր կլինի ուժային եռյակի ներսում հարաբերությունների շեղումը հակամարտությունից դեպի համագործակցություն, որը զարմանալի չի լինի, եթե դա պահանջի գլոբալ ուժային բալանսը:
Պավել Բարսեղյան