Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գիտելիքահենք տնտեսություն

Գիտելիքահենք  տնտեսություն
10.04.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարներում)

Որքան էլ կարևոր են տնտեսական բնագավառում արձանագրված ձեռքբերումները, այնուամենայնիվ, անցումային տնտեսություն ունեցող երկրների համար խիստ կենսական են մտավոր կարողության, գիտության բնագավառում պետության նպատակային ներդրումները: Այլ խոսքով, թեև մարդկային կապիտալի զարգացման բնագավառում կատարվող ներդրումները կարճատև ժամանակահատվածում չեն ապահովում արագ շահույթներ, այնուհանդերձ, դրանք որոշիչ, վճռական դեր են խաղում երկրի ապագայի համար և ճակատագրական նշանակություն ունենում ազգային տնտեսության մրցունակության բարձրացման գործում: Հենց այս հանգամանքով է պայմանավորված Ղազախստանի դասերից իններորդը` գիտելիքի ուժը:

Կա այսպիսի խոսք. «Պետությունը, որը պատրաստ չէ վճարելու իր մասնագետներին, վաղ թե ուշ ստիպված կլինի վճարել արտասահմանցի մասնագետներին, սակայն ավելի թանկ»: Ղազախստանում, դատելով գիտության և կրթության նկատմամբ ունեցած վերաբերմունքից, վաղուց գիտակցել են մարդկային կապիտալի վրա կատարվող ներդրումների կարևորությունը: Զարգացած տնտեսություն ունեցող շատ երկրներում հետազոտությունների և վերամշակումների վրա կատարվող ներքին ծախսերի մասնաբաժինը կազմում է ՀՆԱ-ի ամբողջ ծավալի շուրջ 3 տոկոսը: Մասնավորապես, Շվեդիայում այդ ցուցանիշը կազմում է 3,8, Ֆինլանդիայում` 3,5 տոկոս, Ճապոնիայում` 3,44, Շվեյցարիայում` 2,9, ԱՄՆ-ում ` 2,84, Գերմանիայում` 2,54 տոկոս, Ռուսաստանում` 1,2, Նոր Զելանդիայում` 1,16, Հարավային Աֆրիկայում` 0,92, Բելառուսում` 0,7 տոկոս: Համաձայն Ղազախստանում ընդունված արագացված արդյունաբերանորարարական ռազմավարության` ՂՀ-ում ԳՀԻ-ի ֆինանսավորման ծավալը 2020-ին պետք է հասնի ՀՆԱ-ի 2 տոկոսին, այսինքն, 8 անգամ ավելանա: «Գիտության մասին» օրենքում նախատեսված է և այն, որ նախընտրելի գիտական ծրագրերի որոշման ժամանակ պետք է գիտազննում անցկացվի` միջազգային կազմակերպությունների, ՂՀ-ի Ազգային գիտազննման կենտրոնի, Գիտությունների ազգային ակադեմիայի , ԳՀԻ-ի ու բուհերի գիտնականների մասնակցությամբ:

Գիտելիքահենք տնտեսության զարգացումը Ղազախստանի համար այլընտրանքային ուղղություն չէ : Գիտությունը, մեր տեսակետից, համարվում է նոր հարյուրամյակի գլխավոր ուժը: Տպավորիչ է այն փաստը, որ արդեն ամբողջությամբ ավարտված է դպրոցների կոմպյուտերացումը: Երկրում գիտեն, թե ինչպես օգտագործել ռեսուրսները: Նախագահ Նազարբաևը վերջերս ուշադրություն դարձրեց այն փաստին, որ այսօր զարգացած երկրներում 1 մլն բնակչությանն ընկնում է 1-6 բուհ, իսկ Ղազախստանում կա ընդամենը 149 բուհ (համեմատության համար` Հայաստանում 3 մլն-ից ավելի բնակչության համար կա 70 բուհ)։ Մինչդեռ 200 գիտական խորհուրդներ թողարկում են թեկնածուներ և գիտության դոկտորներ: Գիտությամբ է զբաղվում 60 թեկնածուներից 1-ը, 37 գիտության թեկնածուներից` 1-ը: Այս տարվանից դադարեցվում է այդ խորհուրդների աշխատանքը: Արդեն պետք է սկսվի մագիստրոսների և PhD դոկտորների պատրաստումը: Ինչ վերաբերում է համալսարանական կրթության և գիտության զարգացման նոր մակարդակի ապահովմանը, ապա «Նազարբաև համալսարան»-ի հիմքի վրա այսօր ձևավորվում է շուկայի հարցերին ուղղված նորարարական բարձրագույն ուսումնական հաստատության մոդել: Մոդելը կոչված է դառնալու բոլոր ղազախստանյան բուհերի համար նմուշ: Սրա հետ մեկտեղ, երկրի նախագահի հանձնարարությամբ բացված 20 ինտելեկտուալ դպրոցները կդառնան լավագույն բուհերի համար շնորհալի երեխաների նախապատրաստման հիմնական բազան: 2015-ին սպասվում է, որ կրթական կազմակերպությունների կեսը կօգտագործի էլեկտրոնային ուսուցում, իսկ 2020-ին դրանց քանակը կավելանա մինչև 90 տոկոս: Ոչ պակաս, քան 2 բուհ կներկայացվի լավագույն համաշխարհային համալսարանների ռեյտինգի: Որակյալ կրթությունը պետք է դառնա Ղազախստանի ինդուստրալացման և նորարարական զարգացման հիմքը:

Նորարարական մոդելի և նրան համապատասխանող տնտեսության կառուցվածքին տեղափոխելը դառնում է հետճգնաժամային զարգացման ժամանակահատվածում երկրի մրցունակության անհրաժեշտ պայմանը:

Գիտության զարգացման և նորարարության ներդրման հաշվին 2020-ին պլանավորվում է հասնել վերամշակող արդյունաբերության աշխատանքի արտադրողականության կրկնակի ավելացման և քառակի ավելացման` գյուղատնտեսության մեջ: Նորարարական գործող ձեռնարկությունների բաժինը 10 տարում պետք է աճի 4-ից մինչև 20 տոկոս: ՀՆԱ-ի էներգատարությունը պետք է նվազի 25 տոկոսից պակաս: Հաշվված է, որ զարգացող երկրների անցումային ժամանակահատվածում առաջատարներին մոտենալու լրացուցիչ հնարավորություններ են առաջանում, քանի որ նրանք կարող են օգտագործել զարգացած երկրների ներդրումային-տեխնոլոգիական փորձը: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ համաշխարհային ապրանքափոխանակության գլխավոր միտումը դառնում է ապրանքային շուկայի ինտելեկտուալացումը և ապրանքի փոխանակման նորարարական բնույթը:

Մեր օրերում համաշխարհային առևտրի ամենադինամիկ սեգմենտում հանդես է գալիս նորապրանքային տեխնոլոգիաների շուկան: Որոշ գնահատականներով` դրանց արտահանումը մյուս ինտելեկտուալ տեսակի ծառայությունների հետ հասնում է 1,3-1,4 տրլն ԱՄՆ դոլարի: Ընդհանուր առմամբ, ինտելեկտուալ ծառայությունների բարձրտեխնոլոգիական ապրանքների արտադրության սեկտորը ձևավորում է բարձր տեխնոլոգիաների շուկան` ընդգրկելով համաշխարհային արտահանվող ապրանքների և ծառայությունների քառորդ մասը: Ենթադրվում է, որ 10-15 տարի հետո այս շուկան կաճի 4,5 անգամ և կգրավի միջազգային փոխանակման առաջատար տեղը: Այս միտումների հաշվառումը նպաստում է համաշխարհային տնտեսության մեջ ունեցած ռեսուրսների առավել արդյունավետ և նպատակաուղղված օգտագործմանը: Սրանով հանդերձ, բացվում են նորանոր հորիզոններ Ղազախստանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների ոլորտների համատեղ նախագծերի իրականացման համար:

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Պրոֆեսոր

Դիտվել է՝ 5757

Մեկնաբանություններ