Աշխարհի ամենաանհաջողակ քաղաքական գործիչը՝ Ջոն Թուրմելը, 1979-ից մինչ այժմ մասնակցել է 95 ընտրության, բայց երբևէ հաղթանակ չի տարել: Այս մասին գրում է The Guardian-ը:
Անկոտրում գործիչը սակայն որոշել է բախտը փորձել 96-րդ անգամ՝ այս անգամ առաջադրվելով Բրանտֆորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնում:
Պարբերականը նշում է, որ շուրջ 40 տարվա ընթացքում համառ գործիչը պայքարել է ամենատարբեր պաշտոնների համար՝ քաղաքային խորհրդի անդամից մինչև խորհրդարանի անդամ:
Վերջինս գրեթե մշտապես հանդես է եկել որպես անկախ թեկնածու՝ տարբեր ընտրություններում հավաքելով նվազագույնը 11, առավելագույնը՝ 4.500 ձայն:
Աղբյուրը նշում է նաև, որ 67-ամյա Թուրմելը, որին կանադական լրատվամիջոցները «քաղաքականության մեծագույն անհաջողակ» անունով են կնքել, ամենևին էլ չի վհատվում անհաջողություններից:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ