Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Չապրելով սեփական կյանքը

Չապրելով սեփական կյանքը
27.02.2022 | 11:12

«Փորձեցե՛ք ձեր անձերը, արդյո՞ք հավատքի մեջ եք, քննեցե՛ք ձեր անձերը, չգիտե՞ք, որ Հիսուս Քրիստոս ձեր մեջ է, միայն թե անպիտան չլինեք» (Բ Կորն.13; 5):

Հոգևոր խելք է անհրաժեշտ սեփական անձը քննելու համար, քանզի, ինչպես տեսնում ենք առօրյայում, խելագարի վարք են դրսևորում միայն ուրիշների գործերը քննողները, որոնք միաժամանակ լվանում են ոմանց ոսկորները, ոմանց` ուղեղները:


Ճշմարտության լույսը ունեցողները դառնում են անպիտան` իրենց հոգևոր խելքը ուրիշների կյանքը քննելու վրա վատնելով, իրենց հոգու լույսը ուրիշների սխալների վրա սփռելով, անտեսելով սեփական սխալները և չապրելով սեփական կյանքը ըստ նշանակության: Սեփական անձը չքննող մարդը զբաղվում է դատապարտելի չարախոսությամբ ու բանսարկությամբ: Նախ` բամբասված մարդուն արդեն ոչ ոք շիտակ հայացքով չի նայում, նաև` շատ շատերի հոգևոր հայացքը ևս սեփական անձից շեղվում է այլ ուղղությամբ: Սեփական անձը քննելու փոխարեն, սեփական անձը մշակելու, կրթելու փոխարեն, սեփական աչքի գերանները հանելու փոխարեն ուրիշներին խորհուրդներ տալու ու հղկելու փորձերը, այսպիսով, բազմակի չարիքի դուռ են բացում: Եվ իրոք էլ` աշխարհում ավելի մեծ չարիք չկա, քան անպիտան քրիստոնյան: Եթե քրիստոնյան անպիտան է, ուրեմն պարզից էլ պարզ է, որ Քրիստոսից հեռացել է:

Մի բան է, երբ դու աղ չես, մեկ այլ բան է, երբ դու անհամացած ու անպիտան աղ ես, որը ոչ մի այլ բանի պիտանի չէ, այլ միայն դուրս թափվելու և ոտքի կոխան լինելու: Քրիստոնյա Հայաստանում բամբասանքը առանձնակի երկյուղածություն պահանջող սրբազան արարողակարգ է, պաշտամունք:

Մինչդեռ պիտանի քրիստոնյայի գործը բարեխոսությունն է: Բայց այսօր ո՞վ է առհասարակ մտածում քրիստոնյա լինելու-չլինելու մասին, ո՞վ է մտահոգվում Քրիստոսի հետ լինելու-չլինելու համար: Կարդում ենք Ավետարանը ու հասկանում, որ Եկեղեցու ու աշխարհի երբեմնի հստակ սահմանագծերը չեն զատորոշվում: Զգուշանում ես աշխարհի որոգայթներից և բռնվում ես Եկեղեցու թակարդում: Ինչպե՞ս է դա հնարավոր: Եկեղեցին ինքնին սուրբ է ու սրբարար, սակայն այդ սրբությունը բոլոր համեստորեն իրենց քրիստոնյա հորջողջողները չէ, որ կրում են և բացահայտում ու բաշխում մնացած հոգևորապես փնթիներին: Եկեղեցին միայն անուն չէ, և միայն անունո՛վ քրիստոնյաները չեն կարող նրան պատշաճ կերպով ներկայացնել: Եկեղեցին էություն ունեցող անուն է և գործերով հանդերձավորված հավատք դավանողների միություն: Մեծ եղեռնի ժամանակ եկեղեցիները դատարկ էին մարդկանցից, իսկ հիմա տեսնում ենք մարդաշատ, բայց տարօրինակորեն անքրիստոս եկեղեցիներ: Քանզի, եթե Քրիստոս հավատացյալների համայնքի` Եկեղեցու մեջ է, ապա Եկեղեցին զորավոր է մեղքի դեմ պայքարում և համբերատար ու օրհնաբանող` հալածանքների մեջ: Այնինչ, այսօր հստակ չէ անգամ, թե ինչ է մեղքը կամ հալածանքը:
Քննենք մե՛ր անձերը:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7602

Մեկնաբանություններ