Երևի Ռոդենն իրավունք ուներ Բալզակին իր պատկերացրած ու հասկացած ձևով քանդակելու։ Չգիտեմ, երևի։ Համենայն դեպս, մինչև Ռոդենի մահը Բալզակի արձանը նրա արվեստանոցից դուրս չեկավ։
Բայց ես մի պարզ ճշմարտություն գիտեմ, չնայած քառասուն տարվա մանկավարժ չեմ. ժողովրդի կողմից սիրված մարդու արձանը պիտի դուր գա ժողովրդին։ Եթե ժողովուրդը հասկանում ու սիրում ա պոետին, ուրեմն՝ նրա հուշարձանն էլ պիտի ժողովրդին հասկանալի ու սիրելի լինի։ Նա է՛դ ա ուզում տեսնել ու տե՛նց ա ուզում տեսնել իր մեծին։
Համաձայն եմ՝ ցանկացած արվեստագետ իրավունք ունի իր պատկերացրած ձևով ներկայացնելու մարդուն, բայց թող իր արվեստանոցում պահի կամ ցուցահանդեսում ցուցադրի։ Իսկ եթե դնում ես դրսում, որ մարդիկ գնան-գան՝ տեսնեն, ուրեմն, բարի եղիր մարդկա՛նց համար քանդակի ու քանդակի էն, ինչի շնորհիվ նա մնացել ա մարդկանց հիշողության մեջ։
Շատ ավելի դժվար ա պարզ ու հասկանալի քանդակի մեջ արտահայտել էն, ինչ պոետը թողել ա իրանից հետո, քան ինչ-որ անճոռնի ու անհասկանալի քարի կտոր դնել մարդկանց առաջ ու ասել՝ դուք չեք հասկանում, սա արվեստի մեծ ստեղծագործություն ա։
Հենրիկ Պիպոյան