Ցանկացած պայքար ինքնաբերաբար երկու ճակատով է տարվում՝ հանուն և ընդդեմ: Եվ միշտ չէ, որ դրանք հավասարարժեք ու հավասարաչափ են: Առավել գնահատելի է «հանունի» պայքարը, ենթադրելով, որ դրա ներսում բարին, գեղեցիկը, արդարը, ճշմարիտը առավել շատ են: Հիմա հայ ժողովուրդը ներքաշված է նախընտրական պայքարի մեջ, որը, ցավոք, կենաց-մահու երանգներ է ստացել դեռևս իշխող ուժի՝ ընդդիմադիր միավորումների դեմ ուղղված մոլեռանդ քայլերի պատճառով: Իշխանության «ընդդեմ» պայքարը կանխատեսելի էր. իշխանավորներն իրենց քաղաքական գոյությունը կարող են պահպանել բացառապես իշխանության մնալու դեպքում,- նրանց գործած հանցավոր սխալներն ու ապօրինությունները պարզապես տեղ չեն թողնում երևակայել հետագա ազատ գործունեություն մասին:
Նախընտրական այս վերջին շաբաթն առավել է շիկանում իշխանության իրավական տեռորով՝ ընդդեմ ընդդիմության առանցքային դեմքերի ու համակիրների: Եվ ոչ միայն: Իրավապահ համակարգը, որ պետական կարևորագույն ինստիտուտ է, վերածվել է իշխանական անսանձ դագանակի: Դա նշանակում է, որ պետությունը, որպես գլխավոր ու որոշիչ կառույց, չի գործում, գործում է միայն իշխանությունը: Սա պետության նսեմացման վատագույն տարբերակներից մեկն է:
Իսկ ընդդիմության պարտքն է՝ պայքարել «հանունի» գաղափարով՝ հանուն հայրենիքի, պետության, ազգի, անվտանգության, ազատության, տնտեսության, ինքնության և այլն: Կարիք չկա ընդդիմական խոսույթը, հատկապես նախընտրական այս վերջին օրերին, ծանրացնել ու դժգունացնել «ընդդեմ» ձևակերպումներով՝ իշխանությանը պսակազերձ անելու նպատակով: Այս իշխանությանը լավագույնս պսակազերծ է անում հենց ինքը՝ իր անխոհեմ, հակաժողովրդավարական, հակազգային, հակապետական, անբարո քայլերով ու ելույթներով: Եթե իրոք պետությունը տեղին գործեր, իշխանության առաջին ու հետին շատ դեմքեր ու մոլեռանդ կողմնակիցներ հիմա կգտնվեին կալանքում, դատաքաննության տակ:
Ընդդիմությունը մեծապես կշահի, եթե առավելս կենտրոնանա իր կենսունակ ու ցպահանջ ծրագրերի, գաղափարների, իր առաջնորդների գնահատելի որակների վրա, հատկապես, որ դրանք բավական առկա են և հանրության համար կարևոր: Հարկ է այս օրերին քիչ հիշատակել վայ կառավարիչներին, դա ինչ-որ պահի վերածվում է ակամա գովազդի, որ ենթագիտակցորեն գրավում է շարքային, անպատրաստ ընտրողներին:
Ընդդիմությունը, հետևապես երկիրը, մեծապես շահած դուրս կգա այս ծանր ներքաղաքական հակամարտությունից՝ պայքարելով «»հանունի,, դրոշի տակ: Հանունի մեջ ավելի շատ դրական ուժ, եռանդ, գրավչություն, հավատ ու վստահություն կա, քան ցանկացած «ընդդեմ» գաղափարախոսության մեջ:
Հրանտ Ալեքսանյան