Սկիզբը՝ այստեղ
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը մարտի 17-ին հայտնել է «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածքում հակառակորդի արկի ընկնելու մասին:
«Բուշեր» ատոմակայանի տարածքում հակառակորդի արկի հարվածի մասին հաղորդագրությունների կապակցությամբ, երկրի միջուկային անվտանգության կենտրոնի հայտարարության համաձայն, բարեբախտաբար, ոչ մի նյութական և տեխնիկական վնաս և մարդկային զոհ չի գրանցվել»,-«Известия»-ի փոխանցմամբ, նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ըստ հրապարակման, կայանը վնաս չի ստացել, սակայն նշված չէ, թե խոսքն ինչ արկի մասին է: Ինքնին հասկանալի է, որ սովորական մեկ արկով կամ հրթիռով հնարավոր չէ ԱԷԿ-ին այնպիսի հարված հասցնել, որ այն ատոմակայանը վերածի երկրորդ Չեռնոբիլի: Ամենայն հավանականությամբ, նպատակն այլ է եղել:
Իրանի «Բուշեր» ատոմակայանի մերձակա տարածքին հարված է հասցվել գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ. այս մասին, «Вечерняя Москва»-ի փոխանցմամբ, մարտի 17-ին հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Հարձակումը տեղի է ունեցել մարտի 17-ին, Մոսկվայի ժամանակով 18:11-ին: Ինչպես նշված է Ալեքսեյ Լիխաչովի մարտի 17-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է պետկորպորացիայի մամուլի ծառայությունը, հարվածը հասցվել է կայանի արդյունաբերական հրապարակում գտնվող չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին՝ «գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ»:
Տեղեկացված է նաև, որ «Ռոսատոմի» անձնակազմի շրջանում տուժածներ չկան, ԱԷԿ-ում ճառագայթային ֆոնը նորմալ է: Ներկայումս օբյեկտում մնում է մոտ 480 ռուս աշխատակից, պատրաստվում է երրորդ տարհանումը։ Լիխաչովն ընդգծել է, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է հարձակումը և հակամարտության կողմերին կոչ է անում ապաէսկալացնել իրավիճակը ատոմակայանի շրջանում:
«Մեր սկզբունքային դիրքորոշումը. միջուկային էներգետիկայի գործող օբյեկտների ուղղությամբ կրակ վարելը միջազգային անվտանգության առանցքային կանոնների և սկզբունքների աղաղակող արհամարհանք է»,- «Ռոսատոմ»-ի ղեկավարի խոսքը մեջբերել է ՌԲԿ-ն:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նույն օրը և միանգամայն տեղին կերպով լուրջ մտահոգություններ է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին Իրանում «Բուշեր» ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ ընթացիկ իրավիճակում պետք է հաշվի առնել հարձակումների հնարավոր հետևանքները:
«Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ ոչ մի միջուկային օբյեկտ հարձակման չպետք է ենթարկվի»,- ասել է Գրոսին:
Նրա խոսքով՝ մինչ այժմ (մարտի 17-ը) հարվածները հասցվել են առավելապես միջուկային այն օբյեկտներին, որոնք սահմանափակ ռիսկեր են պարունակում: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այսպիսով հասկացրել է, որ այդ օրը հարվածի ենթարկված «Բուշեր» ԱԷԿ-ը ոչ թե սահմանափակ, այլ առավելագույն ռիսկեր պարունակող Իրանի միջուկային օբյեկտներից է:
Ընդգծենք, որ Բուշերի ԱԷԿ-ի հեռավորությունը Հայաստանի պետական սահմանից ընդամենը 1183, իսկ Երևանից 1376 կիլոմետր է, որը նման աղետների դեպքում մեծ հեռավորություն չէ: Ինչպես նշել ենք նախորդիվ, չեռնոբիլյան, շատ հնարավոր է, նույնիսկ ավելի մեծ աղետի կրկնությունն ախուսափելի կլինի Բուշերի ատոմային էլեկտրակայանին հրթիռային կամ ռմբային հարվածի ու դրա հետևանքով ռեակտորի վնասման կամ ատոմային (միջուկային) շղթայական միջուկային ռեակցիայի վերահսկելիությունն ապահովող սարքավորումների, հանգույցների վնասման ու շարքից դուրս գալու դեպքում: Եթե դա, Աստված մի արասցե, տեղի ունենա, ապա անվարան կարելի է ասել, որ այն միջուկային աղետ կլինի ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի համար:
Քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևն հայտարարել է , որ Իրանում Միացյալ Նահանգների հաղթանակը հնարավոր է երկու ճանապարհով. կամ ԱՄՆ-ը ցամաքային գործողության կգնա Բուշերի ատոմակայանի գրավմամբ, կամ միջուկային հարված կհասցնի (Իրանին): Երկու սցենարներն էլ, ինչպես կարծում է փորձագետը, կտրուկ փոխում են գլոբալ դիրքավորումը և հղի են միջուկային հակամարտության սրմամբ։
«Ինչ-որ մեկը կասի, որ Իսրայելը միջուկային զենք ունի։ Չմոռանանք, խնդրեմ, Պակիստանի միջուկային ներուժի մասին։ < … > և հաշվի առեք տրամադրությունը իրանամետ, որը գոյություն ունի Պակիստանում։ Այսինքն՝ նրանք կգտնեն, եթե շատ անհրաժեշտ լինի, փոխադարձ փոխանակման համար»,- ասել է նա։
Ինչո՞ւ է Անդրեյ Սուզդալցևը նշել հենց Բուշերի ատոմակայանի գրավման մասին որպես Իրանում Միացյալ Նահանգների հաղթանակն ապահովելու հնարավոր ճանապարհ… Այն պարզ պատճառով, որ եթե ԱՄՆ-ը և Իսրայելը հրթիռա-ռմբային հարվածներով շարքից հանեն Իրանի բոլոր սովորական էլեկտրակայանները (ՋԷԿ-եր, ՀԷԿ-եր), ապա կմնա միայն Բուշերի ԱԷԿ-ը, ընդ որում, էլեկտրաէներգիայի արտադրությամբ Իրանի բոլոր էլեկտրակայաններից ամենահզորը: Դա գրավելուց հետո Իրանն արդեն ընդհանրապես կզրկվի էլեկտրաէներգիայից:
Սակայն Բուշերի ատոմակայանի գրավումը ցամաքային ներխուժմամբ չափազանց դժվար կլինի, եթե չասենք ընդհանրապես անհնար, հետևաբար բացառված չէ, որ Իսրայելը կամ (և) ԱՄՆ-ն Իրանի բոլոր սովորական էլեկտրակայանները շարքից հանելուց հետո, միջուկային կամ սովորական, բայց հզոր սպառազինությամբ հարվածեն Բուշերի ԱԷԿ-ին այն շարքից հանելու համար, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանում չեռնոբիլյան աղետի նման կամ, շատ հնարավոր է, նույնիսկ ավելի ահավոր աղետի կրկնության: Պատկերացրեք՝ և՛ տեխնածին ահռելի աղետ, և՛, միաժամանակ, էլեկտրաէներգիայից ամբողջությամբ զրկված երկիր: Դա կլինի Իրանի նկատմամբ իր թշնամիների հաղթանակն ապահովելու մյուս ճանապարհը, որը քաղաքագետն անտեսել է:
Իսրայելին և ԱՄՆ-ին Բուշերի ԱԷԿ-ը կործանելու կամ շարքից հանելու հարցում առայժմ զսպում է Իրանի փոխադարձ հարվածն Իսրայելի Դիմոնա քաղաքից մոտ 13 կմ հեռավորության վրա, Նեգևի անապատում գտնվող Շիմոն Պերեսի անվան միջուկային հետազոտական կենտրոնին, որը խոսակցականում հաճախ կոչվում է «Դիմոնայի ռեակտոր»: Ճիշտ է, Իրանը մարտի 21-ի երեկոյան մի քանի հարյուր կիլոգրամանոց մարտագլխիկներ կրող բալիստիկ հրթիռներով հարվածել է նշված քաղաքին, սակայն հարվածն ուղղված չի եղել վերոնշյալ ռեակտորին: Դեռ մարտի 4-ին կամ 5-ին իրանական ISNA գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին, հայտնել է, որ Իրանը, ի պատասխան երկրում վարչակարգի փոփոխության թշնամիների սպառնալիքի, պատրաստակամություն է հայտնել հարվածել Իսրայելի Դիմոնա քաղաքի միջուկային ռեակտորին, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձեն փոխել գործող վարչակարգը:
«Իրանցի ռազմական պաշտոնյան զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը և Իսրայելը ձգտեն Իրանում վարչակարգի փոփոխության, Թեհրանը հարված կհասցնի Դիմոնայի միջուկային ռեակտորին՝ գրավյալ տարածքում»,- «Московский комсомолец»-ի փոխանցմամբ , նշված է ISNA-ի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ (Իրանը գրավյալ է համարում Իսրայելի տարածքը.-Ա.Հ.):
Կասկածից դուրս է, որ եթե Իրանի թշնամիները հարվածեն Բուշերի ԱԷԿ-ին, Իրանի պատասխանը լինելու է «Դիմոնայի ռեակտորին» հարվածը, ինչը կարող է Չեռնոբիլյան աղետի նման աղետի հանգեցնել Իսրայելի փոքր տարածքում, եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Իսրայելը, ըստ որոշտեղեկությունների , նշված կենտրոնում է պահում իր միջուկային զինանոցը: Շիմոն Պերեսի անվան միջուկային հետազոտական կենտրոնը վաղուց համարվում է այն վայրը, որտեղ Իսրայելը պահում է իր միջուկային զինանոցը:
«Պաշտոնապես այս օբյեկտը նախատեսված է բացառապես գիտական հետազոտությունների համար, բայց արդեն 60 տարի է, ինչ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց այստեղ է Իսրայելը ստեղծել միջուկային ռումբ,-գրել է BBC NEWS-ի ռուսական ծառայությունը:- Դա, ըստ էության, այն դարձրեց տարածաշրջանում միակ միջուկային տերությունը: Ուստի ցանկացած նշան, որ օբյեկտը կարող է հարձակման թիրախ լինել, երկրի կողմից ընկալվում է առավելագույն լրջությամբ»։
Մարտի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր էր ներկայացրել Իրանին. եթե 48 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցն ամբողջությամբ չարգելափակվի, ԱՄՆ-ը կսկսի ոչնչացնել երկրի էլեկտրակայանները: Թեհրանն ի պատասխան հայտարարել էր, որ սիմետրիկ պատասխան կտա և օրինական թիրախներ կհամարի ԱՄՆ-ի և Իսրայելի ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը, տեղեկատվական տեխնոլոգիաների օբյեկտները և աղազերծման կայանքները: Իրանի իշխանությունները նաև սպառնացել են ականապատել ամբողջ Պարսից ծոցը, եթե ԱՄՆ-ն որոշի ցամաքային գործողություն իրականացնել ափերին կամ իրանական կղզիներում:
«Եթե Իրանն այս պահից 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ և առանց սպառնալիքի չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի և կոչնչացնի դրա տարբեր էլեկտրակայաններ՝ սկսած ամենամեծից»,- ТАСС-ի փոխանցմամբ , գրել է Թրամփը «Truth Social-ում»:
Թրամփն այսպիսով շատ հստակ ակնարկել է Բուշերի ԱԷԿ-ը, որովհետև Իրանում ամենամեծը հենց այդ էլեկտրակայանն է: ԱՄՆ-ի նախագահի 48-օրյա վերջնաժամկետը լրացավ այսօր: Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ Թրամփը հայտարարել է Իրանին հարվածելու հնգօրյա մորատորիումի մասին: ԱՄՆ-ի նախագահը հայտնել է, որ անցած 2 օրերին բանակցություններ է վարել Իրանի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ ինքը հրաման է տվել ամերիկյան զինված ուժերին առաջիկա 5 օրվա ընթացքում դադարեցնել իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու մասին որոշման կատարումը:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութն