ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Համո Սահյանին մեկ անգամ եմ տեսել

Համո Սահյանին մեկ անգամ եմ տեսել
17.04.2025 | 10:07

Կուրսային էինք գրել: Պարզվեց, որ կուրսայինները բաժանել էին հեղինակավոր մարդկանց, որ արժևորեին-բանախոսելով: Իմը տվել էին Համո Սահյանին: Այդ օրերին դառն մի փորձության ենթարկվեցի և մի կերպ ու կարճ գրեցի, հասկանալով, որ մոտ տասը խնդիրների պիտի անդրադառնայի, սակայն` երեքին կարողացա, քանի որ մյուսներին անդրադառնալու համար ուսումնասիրություններ անել էր պետք, որ ի վիճակի չէի անել: Համո Սահյանի աչքից, բնականաբար, այդ ամենը չվրիպեց, և երբ կողքից հուշեցին, թե` Մաքսիմը բանաստեղծ է, ասաց. -Առավել խիստ պիտի լինեմ, քանի որ բանաստեղծը իր ժողովրդի խնդիրները, բեռները տանողներից մեկը պիտի լինի, իսկ նա իր անձնական խնդիրների մեջ կղզիացել-փակվել և անփույթ ու պռատ է աշխատանքը կատարել, մինչդեռ առավելն էր պարտավոր: Եվ տխրեց բանաստեղծը: Վրդովվեց: Պատանության օրերից էի հիացած Համո Սահյանի պոեզիայով. կարդում, արտասանում էի ու հրճվում: Տեր Աստված, այս ու՜ր է հասել: ... Եվ այնպես ստացվեց, որ մի օր Համո Սահյանը բարեխոս եղավ ինձ: ՀԳՄ գրական ամսագրի պոեզիայի բաժնի վարիչի տեղի համար, լսեցի, որ Ռազմիկ Դավոյանը և Համո Սահյանը բարեխոսել էին, որ պաշտոնը ինձ տրամադրեն: Խմբագիրը կանչեց, ասաց այդ մասին և հավելեց, երբ ուզենաս, կարող ես անցնել աշխատանքի, սակայն, հաստիքը կես դրույք է: Ես այդ օրերին «Պիոներ» ամսագրի պոեզիայի բաժնի գործերն էի տնօրինում, նոր աշխատանքով գոյատևել չէի կարողանա, վարձով էի ապրում, երկու երեխա ունեի և, ստիպված էի հրաժարվել: Սակայն բանաստեղծի հետ կապված վիշտս անկատար կուրսայինս մնաց, որ կուզենայի շտկել: -Տեր Աստված, եթե հնար է այդ ամենը շտկել: Բայց հույսս մեծ է: Աստծո համար անհնար բան չկա, և ապաշխարությամբ ամեն բան հնարավոր է, քանի որ ինձ համար կյանքը, վստահորեն, արդեն հավիտենականն է, և Քրիստոսով կարելի է, որ մեր անցյալները խմբագրենք... ապաշխարության գործերով: Իմ մի քիչ ավելի լավ մշակ դառնալը, քան եմ, կմխիթարեր Համոյին: Եվ ինչպես էր լցվել- վրդովվել կուրսայինիս համար. ասես՝ հարազատ պապս լիներ: Մի հուշ էլ... քիչ էր մնում Համո Սահյանի տանը բնակվեի: Մեծ բանաստեղծի մահից հետո, ՀԳՄ-ն որոշել էր բանաստեղծի մեկ սենյականոց աշխատանքային բնակարանը ինձ տրամադրել: Սակայն, գիտեի, պետական օրգանների կողմից փաստաթղթերի հաստատման ժամանակ կաշառք էին ուզելու: Զարհուրելի էր: Ապաշխարության մեջ էի, նման բաներից, ինչպես կրակից` փախչող: Չգնացի: Եվ տեսնելով, որ «անտարբեր եմ» բնակարանին տեր դառնալ, ՀԳՄ-ն ուրիշի տրամադրեց: ...Համո Սահյանի, մանավանդ, խաչակիր բանաստեղծության մասը իմ կյանքի, խաչակիր ապրելու իմաստի քաղցր հենարաններից մեկը եղավ: Աստծո օրհնանքը մեծ բանաստեղի մեծ հոգու վրա լինի: Ամե՛ն և ամե՛ն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Հ.Գ. Վերստին փա՜ռք Աստծո, որ Համո Սահյան ունենք:

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ