Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Մարդկությունը կխուսափի գլոբալ աղետից, բայց դա հնարավոր կլինի շատ մեծ զոհողությունների գնով միայն

Մարդկությունը կխուսափի գլոբալ աղետից, բայց դա հնարավոր կլինի շատ մեծ զոհողությունների գնով միայն
08.05.2025 | 11:43

Գոյապայքարում, վերջին հաշվով, ամեն ինչ որոշվում է իրական ուժով, այն կառավարելու հմտությամբ և նպատակին հասնելու վճռականությամբ, ներառյալ՝ զոհողությունների գնալու վճռականությունը։

Ինֆորմացիայի, գիտելիքի, փորձի բացակայության և մտածողության իներցիայի պատճառով հակառակորդին խաբելը և խորամանկությամբ նրան սխալ որոշումների մղելը բարձր մակարդակի հարաբերություններում մի տեխնոլոգիա է, որը վերջիվերջո սպառում է իրեն և հակամարտության պրոցեսում դեմ դիմաց կանգնում են կողմերի ընդհանրացված հզորություններն ու դրանք ապահովող ռեսուրսները։

Ընդհանրացված հզորություն ասվածն էլ իր մեջ միավորում է ուժը և այն կառավարող գաղափարախոսությունը, գիտելիքը, փորձն ու պրակտիկ հմտություններն ու այդ ամենի հիմքում ընկած հոգեբարոյական պատկերը։

Եթե այս տեսանկյունից նայում ենք երեք հզորների, այն է՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների դինամիկային Թրամփի իշխանության գալուց հետո, ապա դրանք ցույց են տալիս՝

1․ Կողմերի միջև ռազմաքաղաքական հարաբերությունների պատմության վրա հիմնված նախկին իներցիոն պատկերացումները միմյանց հնարավորությունների մասին շատ արագ իրենց տեղը զիջում են իրական պատկերացումներին։

2․ Այս հանգամանքը խորապես կազդի կողմերի ստրատեգիական մտածողության և գործողությունների պլանավորման վրա, քանի որ վերջիններս հենվում են միայն կողմերի իրական ընդհանրացված հզորությունների վրա։

3․ Իհարկե, բլեֆն ու դեզինֆորմացիան իրենց դերն ու նշանակությունը երբեք չեն կորցնում, բայց դրանց ազդեցությունը, հզորությունների իրական վիճակը պարզելուն զուգահեռ, պակասում է։

4․ Դա էլ աստիճանաբար ցույց է տալիս, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող ուկրաինական միջնորդավորված պատերազմը դադարեցնելու հետ կապված բանակցային պրոցեսը անհեռանկար է, քանի որ հակամարտության մոտ ու հեռու բոլոր կողմերին ձեռք է տալիս պատերազմը շարունակելը, և այն պետք է շարունակվի այն պարզ պատճառով, որ այդ պատերազմը ծնող պարադիգմային անցումը միաբևեռ աշխարհակարգից դեպի բազմաբևեռը առայժմ սպառել է իր ահռելի պոտենցիալի շատ փոքր մասը միայն։

5․ Միաբևեռ աշխարհում ԱՄՆ-ի անվիճելի հզորությունը զսպված էր պահում աշխարհի բոլոր անկյուններոմ առկա մեծ ու փոքր հակասությունները, քանի որ դրանք կառավարվում էին մի կենտրոնից, և ներկայում ուժային կենտրոնների թվի աճը բնականորեն կբերի այդ քնած ու կիսաքնած հակասությունների ակտիվացմանը՝ բազմաթիվ բախումների ու պրոքսի պատերազմների տեսքով։

6․ Դեպի գլոբալ ուժային հավասարակշռություն տանող մյուս ամենակարևոր հարցը կապված է ԱՄՆ -Չինաստան հարաբերությունների դինամիկայի հետ, որն աստիճանաբար կզուգամիտվի դեպի սառը պատերազմ, քանի որ դա է կործանարար տաք պատերազմի միակ այլընտրանքը։

7․ Ստեղծված պայմաններում գլոբալ ուժերի միջև լարվածության պոտենցիալն այնքան մեծ է, որ այդ իրավիճակում դիվանագիտական միջոցների հնարավորություններից վեր է այդ պոտենցիալի սպառումը, և, դժբախտաբար, դրա միակ միջոցն էլ մնում են պրոքսի պատերազմները, որոնք իրենց զգալ կտան առաջիկայում՝ պարզելու համար, թե ով ով է, որից հետո կամաց-կամաց կերևա դեպի գլոբալ ժամանակավոր հավասարակշռություն տանող ճանապարհը։

Մարդկությունը կխուսափի գլոբալ աղետից, բայց դա հնարավոր կլինի շատ մեծ զոհողությունների գնով միայն։

Այնպես որ, առաջիկայում շատ լայն ասպարեզ կբացվի մեծ ու փոքր ուժային լուծումների համար, որը գլոբալ բախումից խուսափելու միակ ձևն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ