«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ով էլ սպասելով մնաց՝ որդուն, ամուսնուն, եղբորը

Ով էլ սպասելով մնաց՝ որդուն, ամուսնուն, եղբորը
15.01.2025 | 13:32

2003-ի հուսին էր։ Ավտոտնակում հաց թխող սեւեր հագած տատիս մոտեցավ հարեւան Սերոժ ձյաձյան՝ «իրավունք առնելու»․ «Սեդա՛ տոտա, թազա վշտի տեր ես։ Եկել եմ՝ «իրավունք առնեմ», օխնես (օրհենս)՝ մեր տղուն բանակ ճանապարհենք՝ երգ ու պարով»։

Չնայած տատիս երիտասարդ եղբայրը մահացել էր հարեւան գյուղում, բայց դա կապ չուներ․ կարգն էր այդպիսին (կարծում եմ՝ հիմա էլ է այդպես)․ եթե շենքում, բակում, նույնիսկ համայնքում սգատեր ընտանիք կա, նրանցից «իրավունք առնելը» պարտականության պես մի բան է, հարգանքի ու պատկառանքի նշան։

Լուսահոգի տատիս՝ մեծական օրհնանք-իրավունքն առնելուց հետո միայն Սերոժ ձյաձյան հանգիստ խղճով բանակի քեֆ արեց առաջնեկ որդու համար, ինչին, որպես փոխադարձ հագանքի նշան, մասնակցեցին ավագ եղբայրներս։

44-օրյա պատերազմից հետո զորացրվող զինվորների վերադարձը, որպես կանոն, ընտանիքը տոնում է զուռնա-դհոլով, մատաղաով, մեքենա կամ այլ թանկարժեք նվեր անելով։ Եվ դա հենց շենքի բակում՝ ի տես բոլորի, հուրախություն բոլորի․․․

Բայց անկեղծ ուրախություն կա, որ զուգորդված է «սպասելով մնալու» անամոք ցավով ու անպատասխան հավերժական հարցով․ ո՞ր քարի տակ, ո՞ր ձորի մեջ ընկավ որդին, ամուսինը, եղբայրը։ Քանի՜-քանի՜ մայր, կին, դուստր, քույր կտար հնարավոր ու անհնար ամեն-ամեն ինչ՝ միայն թե դիմավորեր իր՝ թեկուզ անձեռ ու անոտ զինվորին։ Քանի՜ մայր կերազեր՝ որդին տուն դառնար գիշերով՝ բոլորից թաքուն, առանց աղմուկի ու գեթ մի վայրկյանով։ Քանի՜ սեւեր հագնող կհաներ սրտամաշ զզգեստը, միայն թե իմանար՝ որդին ողջ է, ապրում է հեռու-հեռու մի տեղ ու երբեք, ամբողջ կյանքում նրան չի տեսնելու։

Թող բոլո՛րը գրկեն իրենց՝ բանակից, մարտից, գերությունից, անհայտությունից տուն դարձող զավակին, բայց մեծաշուք «հարայ-հուրայներով» նախ ամբողջ բակին, ապա սոցիալական ցանցի օգտատերերին «զարմացնելուց» առաջ՝ մի լավ ծանրութեթեւ անեն ու հիշեն Հրանտ Մաթեւոսյանի տողերը․ «Ով հետ եկավ՝ շապիկի թեւքը ճոճելով, ով փայտե ոտքը թխկթխկացնելով, ով էլ՝ սպասելով՝ մնաց թեկուզ անթե՛ւ, թեկուզ անո՛տ որդո՛ւն, ամուսնո՛ւն, եղբո՛րը»։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 10098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ