Քնե՛լ ծիլերի ծաղկավոր ուսին,
ջրերից հոսե՛լ Լեռան տաք սրտի.
-Գարունն այստե՛ղ է,-թռչուններն ասին
ու համբուրեցին հայացքը ցրտի:
Բարձրացան նրանք ուսերով լեռան,
ափերով դիպան արևի շուրթին
և հիշատակի թափառող ձեռամբ
ծաղիկ շարեցին ճակատին վշտի:
ՈՒ նրանք ելան ծաղկած լեռներից՝
աչքին աննկատ տեսիլքների պես,
և Հայրենիքի այլակերպ ձևից,
ջրից շաղեցին երազանք ու ծես:
Ճամփաներով թեք վերադարձների
բերում են նրանք Հայրենիք մի փունջ,
ասում են՝ լույսի ճերմակ բարձերին
շարել ենք ոսկե տեսիլք ու անուրջ:
Ասում են՝ նայի՛ր,մանկան աչքերով,
փարվի՛ր ձիերի ծաղկավոր ուսին
և երկնաթափված տաք անուրջներով
հոսի՛ր օրոցքի շողացող լույսից:
Նորայր Գրիգորյան