«Արևի ճառագայթները փայլում էին մարգարտահատիկների պես, սիրտս խանդաղատանքով էր լցվում լույսից, երանգից և երազից, և ահա ինչից կայծս բռնկվեց»։
Մարտիրոս Սարյան
Բարձրյալի դրոշմը
1880 թվական։
Ռուսիո գետամերձ անծայրածիր դաշտավայրում այգաբացը երփնագրվում էր ցորյանի բույրով։
Ոսկեշողվում էր ժամանակը։
Մառախուղի քուլաները ձյունածածկեցին հասկերը ցորենի։
Ձմեռը Ռուսիայում անշուշտ ձյունեղ էր։ Սակայն արդեն բացվել էր երկնքի երդիկը և ձյունասփյուռ երկնքում որդան կարմիր ոսկեհուռով և Անի քաղաքի երկնակապույտով կենսագործվեց կենաց ծառը։
Պետք է նշել, որ այս ծառի պտուղները գույն ունեին խնկաոսկյա։
Կենսալից էին, հրեղեն էին և հողեղեն։
Եվ, ինչ խոսք, կենաց ծառն այգաբացյան հայոց այգու պահապան հրեշտակն էր։
Նկատենք նաև, որ դեպի հարավ նրանից պտղալցվում էր խաղողը հայկազյան։
Խաղո՜ղը․․․ Դեղնափայլատ ու նշագույն, սաթի պես սև և անպատճառ որդան կարմիր ողկույզներով զինավառ։
Անվերապահ է կռահումը։
Այգաբացյան այս այգին կենաց ծառի մատռվակն էր։
Բռնկվեց կայծը։
Հայոց օջախի երդիկից հրեշտակի սյուքով լույս էր իջնում նորամանուկի վրա։ Իսկ երդիկից վեր Անի մայր քաղաքի ծիածանն էր հուրհրում։ Այս ամենն իմպրեսիոնիստական քերթությու՞ն է։
Այո։
Չէ՞ որ ձյունասփյուռ երկնքից, որը, հիշենք, անիական կառուցապետության պահապանն էր, տեղում էր անձրևը գարնանային մարգարտահուռ հոսքով։
Մեկ էլ նման անձրև էր տեղալու գրեթե դար անց։
Այս անգամ քաղաքամայր Երևանում։
Թվին 1972։
Եվ բռնկվեց կայծը։ Երդիկից հրեշտակի սյուքով վարարվող լույսը երանգ էր, երազ էր, գույն էր և ցնորք։
Նորամանուկը ժամ առ ժամ կերտում էր իր երկիր-պետությունը։
Միակը։
Որ պատգամ էր լինելու և սթափության կոչնակ։
Անունը՝ Հայաստանի Հանրապետություն։
Բնույթը՝ կառուցապետություն։
Ոգին՝ լուսարարապետական։
Այս ամենը զարմանալի՞ է։
Բնավ։
Չէ՞ որ նորամանկան նախնիք Անիում եղել էին իշխանական այրուձիում, դպիր էին եղել, եղել էին ճարտարապետ ու ճարտարագետ և․․․ ԾԱՂԿՈՂ ԳՐԻՉ։
Միով բանիվ՝ նահապետական ռուսահայ ագարակում աճում էր ծաղիկը բրաբիոն, բայց տեսանելի միայն նորամանուկ մանչին։
Արդյո՞ք զարմանալի կամ տարակուսելի է, որ ցայգալույսին որդան կարմիր կտուցով զինավառ աղավնիներն ու տատրակները ժամանեցին հայկական բարձավանդակի և՛ հարավից ու հյուսիսից, և՛ արևելքից ու արևմուտքից ու յոթ անգամ պտտվեցին ագարակի վերևում։
Եվ Բարձրյալի պատգամաբերը նախ նորամանուկի ճակատն օծեց ջանգյուլումային ծաղկաջրով, այնուհետ շշնջաց ականջին․
«Քեզ կարգում ենք հայոց կենաց ծառի այգեպան»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ