Թումանյանը ծանր հիվանդ էր:
Ընկերները, մտերիմները ամեն օր այցի էին գնում նրան, հետաքրքրվում հիվանդի որպիսությամբ:
Հանկարծ տան դուռը նորից են թակում: Թումանյանի կինը՝ տիկին Օլգան, գնում է դուռը բացելու: Շեմքին կանգնած էր Եղիշե Չարենցը:
Բարևում է, հարցնում է, թե ինչպե՞ս է իրեն զգում Թումանյանը:
Տիկին Օլգան նրան ներս է հրավիրում:
- Չէ, այս տեսքով ներս չեմ գա, անհարմար է,- մերժում է Չարենցը:
Մի փոքր գինով էր, ամաչում էր այդպես ներկայանալ Մեծ բանաստեղծին: Խնդրում է Թումանյանին փոխանցել իր հարգանքները, առողջություն է մաղթում ու հրաժեշտ տալով՝ հեռանում է՝ կեպին թեք դրած, մոլոր ու օրորուն քայլերով:
Կրտսերը եկել էր Ավագի մոտ: Գիտեր, որ չէր տեսնելու նրան, բայց եկել էր:
Գիտեր, որ չէր կարելի հարբած տեսքով կանգնել մեծության առաջ, բայց եկել էր, որովհետև մինչև նրա դուռը կարող էր գալ: Եկել էր իր ակնածանքը հավաստելու նրան,
ով «անհաս Արարատն էր մեր նոր քերթության»…
Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից