Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում մենք պարբերաբար ականատեսն ենք բռնկվող և մարող ներքաղաքական ճգնաժամերի, որոնց արդյունքում գործադիր իշխանության ղեկավար կազմը ենթարկվել է կա՛մ մասնակի, կա՛մ ամբողջական փոփոխությունների: Դա, իհարկե, արևմտյան տիպի ժողովրդավարության քաղաքական համակարգերին բնորոշ իրողություն է, և զարմանալի ոչինչ չկա: Նման վերադասավորումներից ո՛չ Մեծ Բրիտանիան է փլուզվում, ո՛չ էլ Ֆրանսիան և մյուսները ևս: Կան հստակ գործող գործադիր կառավարման մեխանիզմներ, որոնց համար Ջորջը, Ջոզեֆը, Հանսը, թե Ջիմմին կլինի նախարար՝ առանձնապես էական նշանակություն չունի: Բայց ահա նորանկախ Հայաստանում, որտեղ բավականին ոգևորությամբ փոշիացվեցին Խորհրդային Հայաստանի ոչ միայն արդյունաբերական կարողություններն ու հոգևոր մշակութային-կրթական արժեքները, այլև վարչատարածքային կուռ համակարգը և կառավարման մեխանիզմները, նման գործընթացները միշտ հանգեցրել են կորուստների բոլոր բնագավառներում: Պատճառները որո՞նք են: Առաջին խնդիրը կառավարությունների կազմման կուսակցական սկզբունքն է, երբ գործադիր իշխանությունը ձևավորվում է ոչ թե արհեստավարժ մասնագետ կադրերից, որոնք գիտեն ոլորտի բարեփոխման առջև եղած խնդիրները և կարող են մասնագիտական լուծումներ տալ, այլ ակտիվ կուսակցականներից, որոնց մեծ մասն անտեղյակ է ոլորտից: Երկրորդ խնդիրը պատասխանատվության և հաշվետվության բացակայությունն է, երբ ղեկավար պաշտոնյան կարող է շատ հանգիստ հրաժարական տալ՝ առանց պատասխանատվության իր բաժինը կրելուց: Երրորդը վերահսկողություն իրականացնող մարմինների կուսակցական կողմնակալ աշխատաոճն է: Վերահսկող մարմինների ուռճացված համակարգ ունենք, դատախազություն, ՊՎԾ, Հաշվեքննիչ պալատ , ԲԴԽ և այլն, որոնք պարտավոր են ժամանակին արձագանքել, եթե նկատվում է կառավարման ձախողում: Սակայն, քանի որ նրանք ևս ձևավորվում են կուսակցական սկզբունքներով, գործում են անարդյունավետ: Այս իրողությունները նոր չեն, երեսուն տարվա պատմություն ունեն: Առայժմ լուծման մեկ ձև կա՝ արհեստավարժների կառավարություն և նաև մարզպետների, վերահսկողական ծառայությունների անկախության ապահովում: Քաղաքական կառավարող ուժի կողմից վարչապետի պաշտոնի և օրենսդիր իշխանության տնօրինումը միանգամայն բավարար է ներկա քաղաքական համակարգի պայմաններում: Առանց փորձի և մասնագիտական կարողությունների ի՞նչ պետական կառավարում, ամեն ինչ պարզ է և հասկանալի:
Գարիկ Քեռյան